«Ազգային փրկիչը», որը Ադրբեջանին ժառանգություն է թողել ավտորիտարիզմը, կոռուպցիան և աղքատությունը
– Ադրբեջանում չափազանցված է Հեյդար Ալիևի՝ որպես քաղաքական գործչի և ղեկավարի դերը
– Համատարած կոռուպցիան Ալիևների դարաշրջանում
– Ադրբեջանում այսօր կա ավելի քան 300 քաղբանտարկյալ
Ադրբեջանում 1993 թվականի հունիսի 15-ը համարվում է փրկության օր: Այդ օրը Հեյդար Ալիևը վերադարձավ Բաքու և ստանձնեց իշխանության ղեկը:
Իշխանության գալուց անմիջապես հետո նա դրեց ավտորիտար կառավարման հիմքերը։ Հայր և որդի Ալիևների իշխանության օրոք Ադրբեջանում ծաղկում էին կոռուպցիան և կաշառակերությունը, կրթական ու առողջապահական համակարգերը հետընթաց էին գրանցում, իսկ տնտեսությունը փլուզվում էր: Հեյդար Ալիևը հանրապետական կառավարման քողի տակ փաստորեն ստեղծեց ֆեոդալական համակարգ ու միապետություն:
Ընդհանուր առմամբ, եթե հենվենք փաստերի վրա, Հեյդար Ալիևի ողջ կենսագրությունը ցույց է տալիս ԽՍՀՄ-ում և իր հայրենի Ադրբեջանում տեղի ունեցած ճգնաժամերից և աղետներից օգուտ քաղելու նրա հազվագյուտ տաղանդը: Ալիևի վերադարձը իշխանության, ըստ էության, «որքան վատ, այնքան լավ» քաղաքականության դասական օրինակ է։ Ադրբեջանը պատերազմում էր Հայաստանի հետ, բայց Ալիևն, ըստ երևույթին, անհանգստացած էր միայն իշխանությունն ամրապնդելու և իր մրցակիցների դիրքերը թուլացնելու համար:
Ադրբեջանում չափազանցված է Հեյդար Ալիևի՝ որպես քաղաքական գործչի և ղեկավարի դերը։ Նա միշտ շահագրգռված է եղել անձնական իշխանությամբ, իսկ հետո իր երկրի բարեկեցությամբ։
Հեյդար Ալիևի օրոք Ադրբեջանում կոռուպցիայի և ստվերային տնտեսության ծավալները հասել են իրենց գագաթնակետին, իսկ «ձախ» արտադրանքն ամենուր էր։ ՊԱԿ-ի նախկին աշխատակից Թոֆիգ Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանում արտադրվող ամեն ինչի 99 տոկոսը չէր համապատասխանում պետական չափանիշներին։ Հեյդար Ալիևի օրոք Ադրբեջանում ամենախոշոր կոռուպցիան կապված էր գինեգործության հետ։ Նրա օրոք Հանրապետության դատախազությունում ավագ քննիչի պաշտոնի «վճարը» կազմում էր 200 հազար ռուբլի, քաղաքային դատախազինը՝ մոտ 1 միլիոն ռուբլի և այլն։ Գերագույն Խորհրդում որոշակի գումարի դիմաց շքանշաններ էին բաժանում, օրինակ՝ Լենինի շքանշանը վաճառվել է 20 հազարով։
Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ների տվյալներով՝ Ալիևների ընտանիքը միլիարդների կարողություն է կուտակել, սակայն Forbes-ի ցուցակում չկա: Իլհամ Ալիևի դուստրերը վերահսկում են Ադրբեջանի ոսկու արդյունահանման վեց ձեռնարկությունների կոնսորցիումի 56%-ը: Երկրի օրենքն արգելում է պաշտոնյաներին բիզնես ունենալ, սակայն նման սահմանափակումները չեն վերաբերվում Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներին: Անշարժ գույքի ձեռքբերումը դարձել է Ալիևների ընտանիքի առաջնային խնդիրը, հատկապես զգալի անշարժ գույք է ձեռք բերվել Արաբական Էմիրություններում՝ հինգ աստղանի հյուրանոցներ և ավելի քան երեք տասնյակ այլ շքեղ օբյեկտներ Դուբայում, ֆրանսիական ճենապակու և սպիտակեղենի գործարաններ, վիլլա՝ Իսպանիայի հարավում, հյուրանոց՝ Վրաստանում և այլն: Հատկանշական է, որ լրագրողական հետաքննությունների «Պանդորայի դոսյե» նախագծում հիշատակվում է, թե ինչպես են Ալիևի ընտանիքի անդամներն ու մերձավոր ազգականները ապշեցուցիչ քանակությամբ ունեցվածք ձեռք բերել Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև խոսվում է Ադրբեջանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և նրանց ընտանիքների հետ կապված մասշտաբային կոռուպցիայի մասին: Դոսյեում ընդգծվում է նաև բրիտանական կառավարության ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերություններին, քանի որ Ալիևները վաստակել են 42 միլիոն դոլար՝ իրենց ունեցվածքի մի մասը վաճառելով Crown Estate-ին՝ թագավորական ընտանիքի ակտիվները կառավարող պետական մարմնին:
Սակայն իշխող վարչակարգի հասցեին ամենաչնչին քննադատությունը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Երկրում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ։ Գործող նախագահին բազմիցս մեղադրել են ընդդիմադիր տրամադրությունները կոշտ ճնշելու և այլախոհներին հետապնդելու մեջ։ Ընդդիմությունը նրա կնոջը և երեխաներին մեղադրել է խոշոր խարդախությունների և ամենաթողության մեջ։ Կտրուկ քննադատություններն ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում և YouTube-ում։
Իր հերթին քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, պատասխանելով Հեյդար Ալիևի թողած ժառանգության մասին հարցին, նշել է, որ նրա ամենամեծ ժառանգությունը Իլհամ Ալիևն է, որի կառավարման շրջանում Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակն ավելի է վատթարացել:
Հեյդար Ալիևի բռնապետական ռեժիմը 10 տարի մնաց իշխանության ղեկին: 2003 թվականի սկզբին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, բուժվում էր Թուրքիայի Գյուլհանե հիվանդանոցում։
2003 թվականի հուլիսից Հեյդար Ալիևին ոչ ոք չի տեսել, նա ոչ մի անգամ չի հայտնվել հանրության առաջ։ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր թաքցնում էին նրա մահը, քանի որ այդ տարվա աշնանը պետք է տեղի ունենային նախագահական ընտրություններ։ Ուստի Իլհամին ձեռնտու էր թաքցնել իր հոր մահը, հակառակ դեպքում նա չէր կարողանա իշխանության գալ։ Հուլիսի վերջին Ադրբեջանի իշխող վերնախավը հատուկ չվերթով գաղտնի մեկնում է Թուրքիա։ Այնուհետ անմիջապես ժամանում են Բաքու և գաղտնի ժողով կազմակերպում։ Օգոստոսի 1-ին Վրաստանի նախագահը ցավակցություն հայտնեց ադրբեջանցի ժողովրդին, որից հետո մի քանի ժամվա ընթացքում այդ հաղորդագրությունը ջնջվեց բոլոր լրատվամիջոցներից, իսկ Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկատվությունը սխալ որակեց:
Ի դեպ, ըստ Ադրբեջանի օրենքի, նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները դրվում են երկրի վարչապետի վրա: Իսկ Հեյդարի մահվան պահին Իլհամն Ադրբեջանի վարչապետը չէր։
2003 թվականի օգոստոսի 4-ին Հեյդար Ալիևն իր որդուն՝ Իլհամին, «նշանակեց» Ադրբեջանի վարչապետ, որը 1994 թվականից պետական նավթային «SOCAR» ընկերության փոխնախագահն էր: Որոշ ժամանակ Ադրբեջանում երկու վարչապետ կար, այնուհետ Արթուր Ռասիզադեն հեռացվեց աշխատանքից: Իլհամ Ալիևը «հաղթեց» 2003 թվականի հոկտեմբերի 15-ի ընտրություններում, իսկ արդեն դեկտեմբերի 12-ին հայտարարվեց Հեյդար Ալիևի մահվան մասին։ Ի դեպ, Իլհամ Ալիևը 5-րդ անգամ վերընտրվել է 2024 թվականի փետրվարի 7-ին։
Դեռևս Հեյդար Ալիևի կենդանության օրոք Ադրբեջանում սկսեց ձևավորվել նրա անձի պաշտամունքը, և այդ գործընթացը շարունակվեց նույնիսկ նրա մահից հետո: Նրա պատվին կոչվել են փողոցներ, զբոսայգիներ և տարբեր օբյեկտներ։ Կառուցվում են Հեյդար Ալիևի թանգարանները, հուշարձանները, նրան անվանում են «մեծ առաջնորդ» և «Ադրբեջանի փրկիչ»: Քննադատների պնդմամբ՝ Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը մասամբ ստեղծվել է նրա որդու՝ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը լեգիտիմացնելու համար:
Ընդդիմադիրները նշում են, որ Ալիևները վաղուց վերածվել են ավտոկրատների, որոնք մոռացել են ժողովրդավարության բոլոր տեսակի նշույլների մասին։ Աղքատությունը երկրում այդպես էլ չի վերացել երկար տարիների ընթացքում։ Բնակչության զբաղվածության հետ կապված հարցերը շարունակում են արդիական մնալ։
Սակայն երկրի ղեկավարության հասցեին հնչող քննադատությունները կապված են ոչ միայն Ալիևի պաշտամունքի, այլև մարդու իրավունքների և խոսքի ազատության հետ կապված իրավիճակի հետ։ Եվրախորհրդարանի պատգամավորները, ԵՄ-ն, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը և այլ միջազգային կազմակերպություններ մեղադրել են Ադրբեջանին հայ բնակիչների դեմ էթնիկ զտումներ իրականացնելու, Արցախում ցեղասպանություն իրականացնելու և Արցախի հայ առաջնորդների ու խաղաղ բնակիչների անօրինական ձերբակալությունների մեջ: Միջազգային կառույցներն ու հայտնի քաղաքական գործիչները բազմիցս կոչ են արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ երկրում արդար դատավարություն չկա։
Այսօր Ադրբեջանում տիրում է օրինականացված կոռուպցիան և նեպոտիզմը, դեգրադացված է տնտեսությունը, բացակայում է սեփական մշակույթը: Գորշ ներկա և անհույս ապագա. ահա այն իրականությունը, որին այսօր բախվում են ադրբեջանցիները:
Զաբելա Ավագյան
«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ–ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։