«Ուզում ենք, որ սահմանամերձ գյուղերից գան, մարզվեն»
Արարատ Ալեքսանյանն ապրում է Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղում։ Պատերազմի ժամանակ եղել է Քարվաճառի շրջանում։ Շատ է ուզում, որ տարածաշրջանում ապրող երեխաները զբաղվեն ֆուտբոլով։ Ավելի քան 1 տարի մարզում է «Անդրանիկ-13-14» թիմի երեխաներին, մասնակցում են Հայաստանի առաջնություններին, իսկ երեխաներն էլ մեծ հաճույքով են այցելում ֆուտբոլի պարապմունքներին։
Մարզադաշտեր կան Ակունք և Մեծ Մասրիկ գյուղերում, որոնք կառուցվել են ՀՖՖ-ի կողմից: Արարատն ուզում է գյուղերի երեխաներին ներգրավել ֆուտբոլի խմբակներում, որպեսզի տարածաշրջանում զարգանա մանկապատանեկան ֆուտբոլը։
«Երեխաներ կան, որ կարող են լավ արդյունքների հասնել։ Պետք է բացահատենք այդ երեխաներին։ Ուզում ենք, որ սահմանամերձ գյուղերից գան, մարզվեն։ Ամեն ինչ ունենք, բայց տրանսպորտի խնդիրը մեզ խեղճացնում է»,- ասում է ֆուտբոլի մարզիչը։
Վարդենիսի սահմանամերձ գյուղերի երեխաներին տեղափոխելու հարցը միշտ բարձրաձայնել են։ Համայնքը հնարավորություններ չունի, որ հատուկ այդ երեխաների համար ավտոբուս տրամադրի, ակումբը՝ նույնպես։ Սակայն քայլեր ձեռնարկվում են, երբեմն անձնական միջոցներով են տեղափոխում երեխաներին, միայն թե գան մարզվեն, սովորեն։
Կարևորում է մարզչի աշխատանքը։ «Մարզիչը պետք է կրթված, փորձառու լինի, որպեսզի կարողանա երեխաների մոտ ձևավորի սպորտի հանդեպ հետաքրքրություն, սեր և ձգտում՝ մարզական հաջողությունների հասնելու համար։ Ֆուտբոլը թիմային խաղ է և «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքը պետք է արմատավորել նրանց մեջ, որ կարողանան նախ գիտակցել և հետո հասկանալ, որ ֆուտբոլում լավ արդյունքի հնարավոր է հասնել միայն միահամուռ ուժերով»,-ընդգծում է Արարատ Ալեքսանյանը։
Ամեն ինչից զատ կարևորում է ծնողների աջակցությունը իրենց երեխաներին։
«Երևանից որ գալիս են, նրանց ծնողները ներկա են լինում խաղերին, իսկ մեր մոտ չեն գալիս, աջակցությունը քիչ է։ Գոնե տեսնեն՝ երեխան ֆուտբոլի է գնում, թե՞՝ուրիշ զբաղմունքի»,-եզրափակում է մարզիչը։
Հարություն Հարությունյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)