Բաքուն, արտաքին ճնշման տակ, գուցե ժամանակավոր, բայց հրաժարվել է լայնածավալ պատերազմից․ քաղաքագետ
Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը կարծում է, որ վատ չէ Տավուշից սկսված սահմանազատման հիմքում դրված սկզբունքը․
«Այդ սկզբունքի համաձայն 76 թվականի քարտեզով, օրինակ, Ոսկեպարի եկեղեցու հատվածում հայկական կողմը ավելի լավ սահման ունի, քան կլիներ 80-ականների սահմանները»։
Կա՞ վտանգ, որ ինչ-որ պահի, երբ գործընթացն հասնի հայկական տարածքների վերադարձին, Ադրբեջանը հրաժարվի շարունակել այն. Մելիքսեթյանն ասում է՝ դեռ պարզ չէ՝ ինչպես է շարունակվելու, բայց կարևոր է, թե որ հատվածն է ընտրվելու հաջորդը.
«Կան մի քանի հատվածներ, որտեղ հայկական կողմը որոշակի առավելություն ունի, և այդ սահմանի մեծ մասում հիմնականում մենք նահանջել ենք։ Եթե շարունակվի սահմանազատումը, Հայաստանը շահելու է, ստանալու է իր տարածքները հետ։ Հիմա թե՛ այդ հատվածների ընտրությունը, թե՛ գործընթացի շարունակությունը, իհարկե, ցույց է տալու կողմերի նպատակաները, առաջին հերթին Ադրբեջանի»։
Ի՞նչ տեսք է ունենալու խաղաղության պայմանագիրը, եթե հիմնական հարցերի շուրջ սկզբունքները համաձայնեցված չեն, քաղաքագետն ասում է՝ այդ փաստաթուղթը կարող է ամրագրել կողմերի նախնական պայմանավորվածությունն օրինակ այն մասին, որ հրաժարվում են պատերազմական գործիքներից, այլևս բոլոր գործընթացները շարունակվում են բանակացային, դիվանագիտական սեղանի շուրջ․
«Իմ կարծիքով խաղաղության այդ փաստաթղթից շատ ակնկալիքներ ունենալը սխալ է, որովհետև այն խնդիրները, որոնք կան հայ-ադրբեջանական օրակարգում, դրանք չեն կարող լուծվել մեկ, երկու, երեք փաստաթղթերով։ Այդ խնդիրները պահանջում են տասնամյակների աշխատանք։ Հիմնական խնդիրը ոչ թե փաստաթուղթն է, այլ իրական խաղաղությունը։
Ադրբեջանը այս փուլում գուցե ժամանակավոր, բայց հրաժարվել է լայնածավալ պատերազմի կամ խոշոր ընդհարումների մարտավարությունից, փորձում է այլ մեթոդներով լուծել իր հարցերը, ակնհայտորեն արտաքին ճնշման տակ է այս հարցով», – նշում է քաղաքագետը։