Հնարավո՞ր էր կանխել Լոռուն ու Տավուշին պատուհասած աղետը. մասնագետի դիտարկումները | Region

Հնարավո՞ր էր կանխել Լոռուն ու Տավուշին պատուհասած աղետը. մասնագետի դիտարկումները

Հունիս 24,2024 20:50

«Աղետ ունենում ենք այն ժամանակ, երբ մեր կարողությունները քիչ են, իսկ խոցելիությունը բարձր»,- Regions TV-ի հետ զրույցում անդրադառնալով Լոռուն ու Տավուշին պատուհասած ջրհեղեղին ու դրա հետևանքներին, հայտարարեց «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ի և «Տավուշ մեդիայի» խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը:

«Տեղի ունեցածի մեջ մեծ դեր ունեն նաև մարդիկ ու կառույցները, որոնք կոչված էին կանխելու նմանատիպ աղետը: Նախկինում ԱԻՆ փորձագետները մարզպետարանների և այլ նախարարությունների փորձագետների հետ միասին ուսումնասիրում էին գետերի թողունակությունը, տարվա տեղումների քանակը, բացի այդ «Հիդրոմետը» տալիս էր տվյալները, թե տվյալ տարում որքան տեղումներ ենք ունենալու, գետերի հոսքը որքան է ավելանալու, ջրամբարները ինչքանով են լցված լինելու, նաև այն խոցելի հատվածներում, որոնց պատճառով  կարող էր ջրհեղեղ առաջանալ, կատավում էր ափի ամրացումներ, ջրամբարների մաքրում, գետերի հուների մաքրում»,-նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ սպառնալիքները կանխատեսել և դրանց պատրաստվել հնարավոր էր: «Մյուս կարևոր բացթողումը, որը եղավ, ազդարարումն էր, այսինքն՝ երբ կար կոնկրետ տեղեկություն՝ ինչքան են ջրերը բարձրանալու, հոսքերն ինչքան են ավելանալու և հետևանքները ինչպիսին են լինելու, ապա կարիքը կար բնակչությանը իրազեկել, ազդարարել, դրա համար կան պլաններ՝ որ դեպքում ինչ են ասում»,-ավելացրեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նաև պետք էր շատ արագ դիմել միջազգային աջակցություն ստանալու համար:

Նորություններ