Իրանում պահպանողականները կմիավորվեն Սաիդ Ջալիլիին աջակցելու համար. Մովսես Քեշիշյան | Region

Իրանում պահպանողականները կմիավորվեն Սաիդ Ջալիլիին աջակցելու համար. Մովսես Քեշիշյան

Հունիս 29,2024 22:04

Հայտնի են Իրանում կայացած նախագահական ընտրությունների առաջատարները

– «Նախագահական ընտրությունները, անկախ դրանց արդյունքներից, բացասական ազդեցություն չեն ունենա ԻրանՀայաստան ապագա հարաբերությունների վրա». Քեշիշյան

 

Հունիսի 28-ին Իրանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ամբողջ աշխարհը, հատկապես հարևան երկրները, սպասում էին, թե ով կդառնա Իրանի նախագահ։

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը REGIONSTV-ի հետ զրույցում հայտնեց, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը պետք է ավարտվեր տեղական ժամանակով ժ.18:00-ին, սակայն բարձր մասնակցության պատճառով քվեարկության ժամանակը 3 անգամ երկարացվել է և արդյունքում ավարտվել է ժ. 00:00-ին:

Հիշեցնենք, որ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 61 միլիոն 450 հազար իրանցիներից մասնակցել է 24 միլիոն 535 հազարը: Անվավեր ձայների քանակը 1 միլիոն 56 հազար 159 է:

Հայաստանում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Իրանի քաղաքացիները քվեարկել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը, Երևանի Կապույտ մզկիթին և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությանը կից բացված ընտրատեղամասերում:

Ընտրատեղամասեր են բացվել նաև 94 այլ երկրներում՝ Ռուսաստանում, Չինաստանում, Ավստրալիայում, Հարավային Կորեայում, Վրաստանում, Տաջիկստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլ երկրներում:

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում էին չորս թեկնածուներ՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի եւ արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամադին (բոլորը՝ պահպանողականներ) եւ առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշքիանը (ռեֆորմիստ):

Մովսես Քեշիշյանը ներկայացրել Է Իսլամական Հանրապետության ընտրական հանձնաժողովի նախնական տեղեկատվությունը: Իրանի նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 40 տոկոսը: Այս պահին առաջատարներն են ռեֆորմիստ Մասուդ Պեզեշքիանը և պահպանողական Սաիդ Ջալիլին։ Հաշվված ձայների ընդհանուր թիվը 24 535 185 է: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Մասուդ Փեշեշքիանը ստացել է 10 415 191 ձայն, Սաիդ Ջալիլին՝ 9 473 298 ձայն, Մոհամմադ Ղալիբաֆը՝ 3 383 340, ներքին գործերի նախկին նախարար Մոստաֆա Փուրմոհամմադին՝ 206 397 ձայն:

Քեշիշյանի խոսքով՝ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների ընդհանուր թվի 50 տոկոսը, ուստի ընտրություններն անցնում են երկրորդ փուլ, որը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ առաջինից ուղիղ մեկ շաբաթ անց։ «Երկրորդ փուլում պահպանողականներ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Ալիռեզա Զաքանին և Ամիր-Հոսեյն Հաշեմին կմիավորվեն ՝ աջակցելու Սաիդ Ջալիլիին»:

«Արաքսի» գլխավոր խմբագիրը նաև նշել է. «Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում քվեարկել են Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները և իրանահայերը։ Իրանի հայ համայնքը երբեք չի համախմբվել մեկ թեկնածուի շուրջ, ամեն մեկն ինքն է որոշում, թե ում օգտին քվեարկել»:

«Իրանի արտաքին քաղաքականությունը կփոխվի՞ նոր նախագահի ընտրությունից հետո» հարցին Մովսես Քեշիշյանը պատասխանեց. «Արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության մասին հարցեր ոչ ոք չունի, ուստի վեկտորի փոփոխության մասին խոսք չկա և չի լինի։ Հավելենք, որ Իրանի արտաքին քաղաքականության վեկտորը կախված է ոչ միայն նախագահից։ Այս հարցում առաջին խոսքը պատկանում է երկրի հոգևոր առաջնորդին»:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան հարաբերությունների հնարավոր փոփոխություններին, Մովսես Քեշիշյանն ընդգծել է, որ «նախագահական ընտրությունները, անկախ դրանց արդյունքներից, բացասական ազդեցություն չեն ունենա Իրան-Հայաստան ապագա հարաբերությունների վրա: Իրան-Թուրքիա և Իրան-Ռուսաստան հարաբերությունները ոչ միայն հարևան-բարեկամական են, այլև մրցակցային: Տարածաշրջանում Թեհրանի շահերը միշտ չէ, որ համընկնում են Անկարայի և Մոսկվայի շահերի հետ, հատկապես Հարավային Կովկասում։ Այս փաստը հատկապես ակնհայտ է Իրանի ղեկավարության և բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, երբ նրանք ասում են, որ Հայաստանի սահմանները կարմիր գիծ են, իսկ տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանն անխախտելի է»:

Ի դեպ, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ «Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հիմնարար է և չի փոխվելու։ Մենք հարգում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Անկախ նրանից, թե ով կգա իշխանության Իրանում և Հայաստանում, այդ սկզբունքային մոտեցումը երբեք չի փոխվի»։

Դեսպանը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց համար շատ կարևոր երկիր է, լավ, ազնիվ հարևան, և երկու երկրների անվտանգության համակարգերը փոխկապակցված են:

Զաբելա Ավագյան

Նորություններ