«Ձմռանը վազում եմ միայն շապիկով». Օլիմպիական ոսկու հավակնություն չունեցող գյումրեցի պապիկները
Գյումրու կենտրոնական զբոսայգում, որը հայտնի է «Գորկու սադ» անվանումով, ամեն առավոտ կարելի է տեսնել գյումրեցի պապիկներին, որոնք քայլում են, մարզվում, հիշում ու պատմում հին ու նոր պատմությունները։
Վրեժ պապը գալիս է մարզվելու, առողջական վիճակը բարելավելու և ընկերներին տեսնելու համար, շեշտում է՝ օլիմպիական չեմպիոն չի ուզում դառնալ:
Իսկ ընկերների կողմից սիրված, յոգայի սիրահար վարպետ Աշոտն ուզում է, որ թոշակառուների համար պետությունը պարի, առողջական, ճամփորդական խմբակներ ստեղծի, որ տարեցներն ավելի ակտիվ լինեն, տնից դուրս գան, զբաղմունք ունենան:
Վրեժ Պետրոսյանը ծնվել է 1944 թվականին, մասնագիտությամբ ճարտարապետ է: «Առողջական խնդիրներ ունենալուն զուգահեռ, որոշել եմ գալ այգի՝ մարզվելու և մաքուր օդ շնչելու, լավ ընկերներ ունեմ, ամեն ինչը վայելում ենք։ Այգում 2-ից 3 ժամ եմ լինում, օլիմպիական խաղերին չեմ նախապատրաստվում, ընդհանուր իմ առողջությունը կարգավորելու համար եմ մարզվում»,-նշում է Վրեժ պապը։
Աշոտ Մուսիկյանը շարունակում է. «Ծնվել եմ անցած դարում, Սովետական Միությունում, սովորել եմ համարյա գերազանցիկ, արդեն 20 տարի գալիս եմ այգի, սկսել եմ վազքից, մեծ շրջաններով վազել եմ, մոտավոր 2 ժամ վազում էի ամեն օր։ Ամբողջ ձմեռ վազում էի միայն շապիկով։ Ինձ այգում շատ երեխաներ գիտեն, խորհուրդներ եմ տալիս՝ ինչպես ճիշտ մարզվեն»։
Ինչպես նշում է Աշոտ պապը՝ լավ կլիներ, որ այգում վազքուղիներ լինեին, վազելու տեղեր չկան, փոսերը շատ են, անձրևոտ օրերին ավելի դժվար է այգում քայլելը։ «Այգում բոլորս համարյա իրար գիտենք, ընտանիքի նման ենք դարձել, ուզում եմ, որ բոլորը գան այգի, մարզվեն, որ առողջ լինեն, մենք ծերացող պետություն ենք, մեզ պետք է միշտ մարզվել»։
Միքայել Սարգսյան