Փեզեշքիանն առաջնորդվելու է առաջին հերթին Իրանի ազգային շահերով, այլ ոչ թե իր էթնիկ ծագման երկրների շահերով. Արմեն Վարդանյան | Region

Փեզեշքիանն առաջնորդվելու է առաջին հերթին Իրանի ազգային շահերով, այլ ոչ թե իր էթնիկ ծագման երկրների շահերով. Արմեն Վարդանյան

Հուլիս 13,2024 12:30

Թեև Իրանի և Հայաստանի սահմանը մեծ չէ, բայց դա հույսի և խաղաղ կյանքի սահմանն է. Մասուդ Փեզեշքիան                          

-Իրանի նոր նախագահը դեմ է տարածաշրջանում սահմանների աշխարհագրական փոփոխությանը

-Արևմուտքի եւ ԱՄՆի հետ հարաբերություններում կարող են որոշակի փոփոխություններ տեղի ունենալ

Լարված պայքարից հետո Իրանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ ռեֆորմիստ թեկնածու Մասուդ Փեզեշքիանը: Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության և լիազորությունները ստանձնելու արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին:

Հակառակ բազմաթիվ կանխատեսումների, որոնցով խաղադրույք էր արվում պահպանողական ճամբարի վրա, ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը հաղթանակ տարավ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Սակայն Իրանի ռազմավարական քաղաքականությունը չի փոխվի նոր նախագահի օրոք։ Այս մասին REGION TV-ին հայտնեց իրանագետ և քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Արմեն Վարդանյան

«Ընդհանուր առմամբ, Մասուդ Փեզեշքիանի հաղթանակը պայմանավորված է մի քանի գործոններով: Բայց ամենակարևոր գործոնն այն է, որ Փեզեշքիանը, ի տարբերություն իր ընդդիմախոսի, իրանցի ժողովրդին առաջարկում էր մի շարք բարեփոխումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Իրանի ժողովուրդը հոգնել է խիստ պատժամիջոցների տակ գտնվելուց, ինչպես նաև կրոնական սահմանափակումներից։ Եվ ի տարբերություն իր ընդդիմախոսի՝ Մասուդ Փեզեշքիանը շատ մեծ խոստումներ էր տալիս։ Օրինակ, ներքին քաղաքականության մեջ առաջարկել է մեղմացնել կանանց հիջաբ կրելու մասին օրենքները: Նա նաև առաջարկել է մի շարք բարեփոխումներ, որոնց կարիքն ուներ Իրանի ժողովուրդը։ Բացի այդ, Մասուդ Փեզեշքիանին աջակցել են Իրանի մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Իրանի նախկին նախագահ Հասան Ռոուհանին և նախկին արտգործնախարար Մուհամեդ Զարիֆը»,-նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է նրան, թե Իրանում ընտրությունների արդյունքներն ինչպես կազդեն Իրանի արտաքին քաղաքականության վրա, Արմեն Վարդանյանն ընդգծեց. «ընդհանուր առմամբ Իրանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի: Մասուդ Փեզեշքիանն արդեն հայտարարել է, թե ինչպիսին են լինելու արտաքին փոփոխությունները. դա հարեւանների, հիմնականում արաբական երկրների հետ հարաբերությունների դեէսկալացիան է։ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի նոր վարչակազմը հատուկ ուշադրություն է դարձնում հարևան, տարածաշրջանային երկրների, ինչպես նաև այլ պետությունների հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը: Բայց նա կպահպանի արտաքին վեկտորի հիմնական ուղղությունը: Օրինակ, երեկ նա հայտարարել է, որ Իրանը շարունակելու է աջակցել «Հըզբոլլահ»-ին և «ՀԱՄԱՍ»-ին»։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա այստեղ էլ առանձնապես փոփոխություններ չեն լինի։ Իրանական մամուլը հայտնում է, որ Մասուդ Փեզեշքիանը ուշագրավ հայտարարություններ է արել հայ-իրանական հարաբերությունների և հայ-իրանական սահմանի վերաբերյալ: Մասնավորապես, նա կրկնել է նախկին նախագահի խոսքերն այն մասին, որ ինքը դեմ է տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությանը, ինչը բխում է Հայաստանի շահերից, ընդգծել է, որ Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի հարևանների շարքում, իսկ հայ-իրանական հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական համակարգում, ուստի Իրանի սկզբունքային քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ անձեռնմխելի է:

Շատ ուշագրավ է նաև Փեզեշքիանի կողմից հայ-իրանական սահմանի բնորոշումը, ըստ որի, թեև Իրանի և Հայաստանի սահմանը փոքր է, բայց դա հույսի և խաղաղ կյանքի սահմանն է: Հարկ է նշել, որ Իրանի նոր նախագահի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից շարադրված հստակ և սկզբունքային քաղաքականության շրջանակում, ով, ի դեպ, հայ-իրանական սահմանն անվանել է որպես հազարամյակների սահման:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ հնարավոր է, որ Իրանի նոր նախագահի օրոք Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում որոշ փոփոխություններ տեղի ունենան՝ կապված միջուկային համաձայնագրի վերագործարկման հետ։ «Սակայն այստեղ էլ ամեն ինչ կախված չէ նրանից, այստեղ շատ կարևոր է, թե նոյեմբերին ով կդառնա ԱՄՆ նախագահ։ Եթե Թրամփը ընտրվի, հնարավոր է, որ այդ բանակցությունները չսկսվեն, քանի որ Թրամփը դեմ էր այդ համաձայնագրին: Հարկ է նաև հաշվի առնել, որ Իրանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ վերջին խոսքը պատկանում է ոչ թե նախագահին, այլ գերագույն առաջնորդին»:

Ի դեպ, հարևան Ադրբեջանում էյֆորիա է՝ կապված էթնիկ թուրք Մասուդ Փեզեշքիանի՝ Իրանի նախագահ ընտրվելու հետ։ Արմեն Վարդանյանի խոսքով՝ չպետք է գերագնահատել Իրանի նոր նախագահի ադրբեջանական ծագման ազդեցությունը նրա վարած քաղաքականության վրա: «Փեզեշքիանը համակարգում ոչ առաջին, ոչ էլ վերջին թուրքն է։ Իրանի նախագահը միշտ աշխատելու է հանուն Իրանի բարօրության, ով էլ որ նա լինի ազգությամբ: Մենք չպետք է շատ սևեռվենք ազգության վրա։  Նույնիսկ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ազգությամբ թուրք ատրպատականցի է, բայց դա երբեք չի զգացվել: Այնպես որ, ես չեմ կարծում, որ այդ գործոնը գերիշխող կլինի, քանի որ Իրանի համար կարևոր են ազգային շահերը։ Այնպես որ, Մասուդ Փեզեշքիանն առաջնորդվելու է առաջին հերթին Իրանի ազգային շահերով, այլ ոչ թե իր էթնիկ ծագման երկրների շահերով»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Արևմուտքի հետ Իրանի հարաբերություններին, իրանագետը նշեց. «Իրանը լուրջ մերձեցման կգնա Ռուսաստանի հետ, որովհետև և Ռուսաստանը, և Իրանը խիստ պատժամիջոցների տակ են և միմյանց կարիքն ունեն։ Այսինքն՝ Ռուսաստանին պետք է Իրանը, իսկ Իրանին՝ Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է Արեւմուտքի հետ հարաբերություններին, ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ Փեզեշքիանը կփորձի վերակենդանացնել Արեւմուտքի հետ միջուկային համաձայնագիրը և վերացնել Իրանի նկատմամբ արեւմտյան կոշտ պատժամիջոցները: Բայց ամեն ինչ կախված է նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից։ Եթե Բայդենը մնա, հնարավոր է՝ հաջողվի Իրանին զերծ պահել կոշտ պատժամիջոցներից, բայց եթե ընտրվի Թրամփը, դա գրեթե անհնար կդառնա, քանի որ Թրամփն ամեն ինչ կանի Իրանին անկյուն մղելու համար», -եզրափակեց Արմեն Վարդանյանը։

 

Զաբելա Ավագյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ