Մարտիրոսցի 15-ամյա Սերյոժայի՝ գյուղում հեշտ ապրելու բանաձևը
15-ամյա Սերյոժա Գրիգորյանը հունձ անելու է պատրաստվում, վերցնում է գերանդին, սրում, պատմում այս գործիքի կիրառման մասին ու զրույցի բռնվում մեզ հետ: Մարտիրոս գյուղի բնակիչ, 15-ամյա Սերյոժան Գրիգորյանների ընտանիքի միակ որդին է։ Նրա առօրյան տարբերվում է իր հասակակիցների կյանքից։
Պատմում է, թե ինչպես է կյանքն անցնում գյուղում, համեմատում այն քաղաքաբնակ երեխաների առօրյայի հետ, սակայն չի դժգոհում։ Սիրում է գյուղն ու նաև թվարկում գյուղացի լինելու դժվարությունների մասին։ Միևնույն ժամանակ գյուղում հեշտ ապրելու բանաձևն է ներկայացնում։
Սերյոժան դեռ մանուկ հասակից է իր ծնողների կողքին կանգնել։ Մինչ այսօր օգնում է առօրյա աշխատանքներում, նրանց աջակցելու համար ջանք ու եռանդ չի խնայում: Սիրում է կենդանիներին, ճագարներ է պահում, վաճառում։
Պատանին շարունակում է զրույցը, ընթացքում վերցնում իր սրած գերանդին, պատմում, թե ինչպես են նախկինում խոտ քաղել իր պապերն ու հայրը, մեծ հպարտությամբ նշում, որ խոտ հնձելը հայրն է սովորեցրել իրեն։
15-ամյա պատանու ապագայի ծրագրերից մեկը տնտեսագետ դառնալն է, որի հիմքում գյուղը զարգացնելու նրա մեծ տեսլականն է։
Մարտիրոսցի Սերյոժան միակը չէ իր գյուղում, շատ այսպիսի պատանիներ կան, որոնք աշխատում են հանուն իրանց երազած ապագայի։
Կարապետ Կարապետյան