Զեկույց․ սեռական կամ այլ բնույթի բռնության կոչեր՝ կին գործիչներին․ ատելության խոսքն առցանց տիրույթում անկառավարելի չափերի է հասնում | Region

Զեկույց․ սեռական կամ այլ բնույթի բռնության կոչեր՝ կին գործիչներին․ ատելության խոսքն առցանց տիրույթում անկառավարելի չափերի է հասնում

Սեպտեմբեր 16,2024 15:30

Հայաստանյան մեդիա տիրույթում ատելության խոսքի չափաբաժինը մտահոգիչ մասշտաբներ ունի։ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամն այս եզրահանգման է եկել՝ հետազոտելով մեդիա տիրույթն ու սոցիալական մեդիայում  լրատվամիջոցների էջերը։

Հիմնադրամի հրապարակած «Կանանց թիրախավորող առցանց ատելության խոսքը Հայաստանում» զեկույցում նշված է՝ մեծ թվով օգտատերեր օգտագործելով հնարավորությունը, որ այս տիրույթում կարող են կեղծ օգտահաշիվ ունենալ, թիրախավորում են կին հանրային և քաղաքական գործիչներին։

«Այս երևույթը վնասակար և վտանգավոր է ոչ միայն իր անկառավարելի բնույթի պատճառով, այլ նաև այս տեքստերի բարձր տեսանելիության ու լայն հասանելիության պատճառով, ինչն իր հերթին մեծացնում է վնասի չափը, ընդլայնում ատելության խոսքի աշխարհագրությունը։ Մյուս կողմից, շատ կարևոր է, որպեսզի լրատվամիջոցները պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց կողմից հրապարակված նյութերի, այլև դրանց արդյունքում սոցիալական մեդիա հարթակներում ձևավորվող քննարկումների համար և վերահսկեն այդ գործընթացներն ու մոդերացնեն մեկնաբանությունների բովանդակությունը, որոնք պարունակում են ատելության խոսք»,-գտնում են զեկույցի հեղինակները։

Հետազոտությունն իրականացնող խումբն ընտրել է Ֆեյսբուքում և Յություբում լրատվամիջոցների էջերի գրառումների մեկնաբանությունների բաժինը։

Կին քաղաքական և հասարակական դերակատարների՝ նախապես կազմված անվանացուցակից  Ֆեյսբուքյան 38 լրատվական էջերից դուրս են բերվել 2021, 2022 և 2023 թվականներին հրապարակված թվով 3553 հանրային հրապարակում, որոնցից առանձնացվել են առավել քննարկվածները՝ հիմք ընդունելով մեկնաբանությունների քանակը՝ որպես ցուցանիշ ընտրելով երեք հարյուրից ավելի մեկնաբանություն ունեցող հրապարակումները։

Զեկույցում չեն նշվում թիրախավորված կին գործիչների անունները, թեեւ զեկույցում հրապարակված սոցցանցային մեկնաբանությունների որոշ լուսանկարներում կան անուններ, եւ դրանից կարելի է ենթադրել, թե որ գործչին են թիրախավորել օգտատերերը։

Հետազոտողները պարզել են, որ ատելության խոսքի ամենամեծ բաժինը քաղաքական թեմաներով հրապարակումների շուրջ են եղել, անկախ նրանից՝ թիրախավորված անձը քաղաքական գործիչ է, թե՝ ոչ։

Ըստ զեկույցի՝ 2021 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին հաջորդած տարվա ընթացքում փողոցային պայքարի, ընտրական գործընթացների ֆոնին (20 հունիսի 2021թ.) գրանցվել են ամենից շատ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները, մինչդեռ հաջորդող երկու տարիների (2022-2023թթ․) 300+ մեկնաբանություն և քաղաքական-սոցիալական դերակատրում ունեցող կանանց անունները պարունակող հրապարակումների ինտենսիվությունն ըստ ամիսների ակտիվությունը և օգտագործված նվաստացնող բառապաշարն աստիճանաբար թուլանում է։

Ատելության խոսքի ամենամեծ բաժինը, ըստ զեկույցի, քաղաքական թեմաներով հրապարակումների շուրջ են, անկախ նրանից՝ թիրախավորված անձը քաղաքական գործիչ է, թե՝ ոչ։ Այն անձինք, որոնք մշակույթի և արվեստի ոլորտից են, բայց քաղաքական դիրքորոշում են արտահայտում, թիրախավորվում են դարձյալ քաղաքական հայացքների համար, ավելին, իրենց ոլորտին վերաբերող հրապարակումների մեկնաբանությունների բաժնում առկա ատելության խոսքը նույնպես վերաբերում է իրենց քաղաքական դիրքորոշմանը։

Ատելության խոսքի դրսևորումները հիմնականում արժեզրկող, նվաստացնող և ծաղրող բնույթի վիրավորական արտահայտություններ են՝ բռնության կոչերի, սեռական բնույթի հայհոյանքների, խտրական և թշնամական արտահայտությունների հետ միախառնված։ Սրանք, հիմքում ունենալով գենդերային, ազգային, կրոնական, սեռական կողմնորոշման, արտաքին տեսքի, ընտանեկան կարգավիճակի, հաշմանդամության և քաղաքական հայացքների վերաբերյալ խտրական և կարծրատիպային վերաբերմունք, խթանում և օրինականացնում են կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը, գենդերային դերի պարզունակացումն ու կարծրատիպայնացումը։

Դուրս բերված մեկնաբանությունների 12%-ը սեռական կամ այլ բնույթի բռնության կոչեր են, իսկ 20%-ը հայհոյանքներ, որից 11%-ը՝ սեռական բնույթի։ Այս բնույթի մեկնաբանություններում տարածված է կնոջ ընտանիքի թիրախավորումը՝ բռնության կոչեր և հայհոյանքներ ուղղված երեխաներին, ծնողներին և հանդիմանանք ու պարսավանք հայրերին, ամուսիններին և եղբայրներին տվյալ կնոջ «վարքով և կերպարով չզբաղվելու» համար։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հանրային գործունեություն ծավալող կանանց թիրախավորման շուրջ 42 տոկոսը գենդերային հիմքով ատելության խոսք է, որտեղ շահարկվում, քննադատվում և ծաղրի են ենթարկվում կնոջ այնպիսի հատկանիշներ, որոնք կապված են կնոջ կերպարի կամ դերի հանրային կարծրատիպային ընկալումների հետ։

Հետազոտությամբ հավաքագրված տվյալներում, ինչպես նշված է զեկույցում, գենդերի հիմքով ատելության խոսքը գերակշռում է, այն հիմնականում ծաղր, նվաստացում կամ կոշտ քննադատություն է թիրախավորված անձի կանացի հատկանիշներին։ Այս թվում են սեռական բնույթի հայհոյանքները և վերբալ սեռական բնույթի բռնի գործողությունների կոչը կամ նկարագրությունը, որոնք գերակշիռ մեծամասնությունում կիրառվում են միայն կանանց նկատմամբ։

Ըստ զեկույցի՝ կանանց վերագրվող գենդերային դերերը, որոնք ընդունված են համարել ընտանիքի մասին հոգ տանելը, ընտանեկան պարտականություններ կատարելը, հակադրվում է հանրային գործունեությանն ու այդ գործունեության տեսանելիության ակտիվ լուսաբանմանը։ Այս կերպ ատելության խոսք տարածողները ոչ միայն վնաս են հասցնում տվյալ հանրային գործունեություն ծավալող կնոջը, այլ նպաստում են կնոջ գենդերային դերի պարզունակացմանն ու սահմանափակմանը՝ եզերելով կնոջ կերպարը և ինքնությունը նրա գենդերային որոշակի դերերով։

Ատելության խոսքը, ինչպես նշել են հետազոտողները, ոչ միշտ է ուղղված անհատին, այն թիրախավորում է նաև խմբերին։ Սոցիալական հարթակներում թիրախավորվող հիմնական խմբերը քաղաքական հայացքներ կիսող խմբերն են, և կարելի է որպես խումբ դիտարկել ատելության խոսքով թիրախավորված անձի ընտանիքը։ Քաղաքական հայացքների հիմքով թիրախավորումը դրսևորվում է ոչ միայն աշխարհաքաղաքական կամ հայաստանյան քաղաքական գործընթացների վերաբերյալ դիրքորոշումների տարբերությունների նկատմամբ անհանդուրժողականությամբ, այլ ավելի հաճախ բավականին նեղ՝ կուսակցական պատկանելիության, քաղաքական այս կամ այն առաջնորդին սատարողներին թիրախավորման միջոցով։

Ընտանիքը թիրախավորող ատելության խոսքը հաճախ թիրախավորում է հանրային գործունեություն ծավալող կնոջ ընտանիքի որոշակի անդամների, ովքեր, համաձայն մեկնաբանողի համոզմունքների, «պատասխանատու են» իրենց ընտանիքների կանանց բռնության ենթարկելու և հանրային քաղաքական ասպարեզում այդ կանանց գործունեությունն արգելելու համար։

Քաղաքական հայացքների հիմքով թիրախավորումն ընդհանուր մեկնաբանություններում կազմում է 20.5% կամ 313 մեկնաբանություն։ Այս հիմքով ատելության խոսքի համատեքստն ընդհանրացումն է անձի և քաղաքական առաջնորդի/առաջնորդների որակների

Հետազոտությունը ցույց է տվել, որ երբեմն ատելության խոսքն ուղեկցվում է դավադրության մասին տեսություններով և տարածում է ապատեղեկատվություն, որը ոչ միայն թիրախավորում է անհատին, այլև՝ համակարգերին, ինստիտուտներին և քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալական մի շարք գործընթացներ։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ գենդերային հիմքով ատելության խոսքը գերակշռողն է (ստացված տվյալների համաձայն՝ 42.6%), երկրորդը՝ քաղաքական դիրքորոշումների հիմքով ատելության խոսքն է (20.5%), և կա վիրավորական, նվաստացնող և արժեզրկող արտահայտությունների բավականին մեծ քանակ:

Գենդերի հիմքով ատելության խոսքում աշխատող հիմնական երևույթը կարծրատիպայնացումն ու բացառումն է , որը դրսևորվում է թիրախավորվող անձին կին չհամարելով, կամ «ճիշտ» կին չհամարելով, ինչը ներառում է թե՛ արտաքին տվյալների ծաղրուծանակ, որոնց առանցքը «գեղեցիկ» կամ «կանացի», «ցանկալի» չլինելու գաղափարն է, թե՛ «անբարոյական», «ամուսնուն անհավատարիմ», «սեռական ծառայություններ մատուցող», «սեռական ճանապարհով կարիերա և ֆինանսական միջոցներ ձեռք բերող», օտար տղամարդկանց համար (ներառյալ ատելության խոսքը տարածողի) բռնի սեռական ցանկությունների օբյեկտ լինելու գաղափարը։

Զեկույցի հեղինակները գտնում են, որ ատելության խոսքն առցանց չվերահսկվող տիրույթում անկառավարելի չափերի է հասնում։ Նույնիսկ այն լրատվամիջոցները, որոնք առանց ինքնաշխատ համակարգեր ունենալու մեկ առ մեկ հեռացնում են ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները, միևնույն է, ի վիճակի չեն լիարժեք կերպով խուսափել իրենց հարթակներում ատելության խոսքի առկայությունից։

Հեղինակները նշել են՝ չնայած կիրառված որոշակի ջանքերին, ատելության խոսքի դեմ պայքարի համատեքստում ՀՀ օրենսդրությունում կան զգալի բացեր։

Զեկույցի մանրամասները՝ հղումով 

Ելենա Ավետիսյան

Նորություններ