«ՔՊ-ն մտածում է՝ ինչպես անի, որ բոլոր համայնքներում հասնի տոտալ իշխանության․զզվելի աստիճանի ծանոթ ձեռագիր է»․իրավապաշտպան
Գյումրու կառավարումից հրաժարված «Բալասանյան» դաշինքից «ձեն-ձուն» չկա։ Ընտրովի մարմնի արդեն նախկին անդամները այդպես էլ որևէ բացատրություն ու պարզաբանում չտվեցին իրենց ընտրողներին, թե ինչու հրաժարվեցին մանդատներից։ Ու քանի դեռ պարզաբանում չկա, է՛լ ավելի են խորանում կասկածները, որ հրաժարականների պատճառը իշխանության քաղաքական ճնշումներն են՝ իրավական գործընթացներով։
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմակիցները Գյումրու ավագանու մանդատներից պաշտոնապես հրաժարվեցին այն բանից հետո, երբ Սամվել Բալասանյանի և նրա որդու նկատմամբ քրեական հետապնդումն ակտիվացավ։ Քրգործը վերաբերում է Գյումրու «Սև բերդի» հարակից հողակտորների սեփականաշնորհմանը։
Հոկտեմբերի 28-ին․ դաշինքի 14 անդամներն, այդ թվում՝ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ու նրա տեղակալ Լուսինե Սանոյանը ավագանու մանդատները վայր դնելու մասին արձանագրություն էին ներկայացրել թիվ 31ընտրատարածքային հանձնաժողով։ Երեկ հանձնաժողովը նիստ է գումարել՝ ի գիտություն ընդունելով «Բալասանյան դաշինքի» 14 անդամների մանդատից վաղաժամկետ հրաժարվելը։ Ըստ ընթացակարգի՝ երկուշաբթի օրը հանձնաժողովը գրություն պետք է ուղարկի Գյումրու համայնքապետարան և Շիրակի մարզպետին՝ տեղեկացնելով, որ «Բալասանյան դաշինքի» հերթական հաջորդ մանդատը տրվում է Էմմա Հովհաննիսյանին, որը գտնվում է ԱՄՆ-ում։
Չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հերքում է, թե որևէ ճնշում է գործադրել դաշինքի վրա և որ ՔՊ-ն նպատակ ունի Գյումրիում իշխանազավթում անել, սակայն նրանց քայլերը հակառակն են ցույց տալիս՝ հաշվի առնելով Ալավերդու, Ախուրյանի, և նույնիսկ Վանաձորի պատմությունները, երբ համայնքի ղեկավարներ էին ընտրվում ոչ ՔՊ-ականները, իսկ որոշ ժամանակ անց տարբեր տեսակի ճնշումների արդյունքում տեղերում իշխանափոխություն է լինում ու ՔՊ-ն է կառավարումը ստանձնում։ Սրան որոշ վերլուծաբաններ ու ընդդիմադիրներ գնահատական են տվել՝ իշխանազավթում։
REGIONSTV-ի հետ զրույցում Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանն ասում է՝ կարծես ՔՊ-ի գործելաոճն է դարձել նման միջոցներով տեղական ինքնակառավարման մարմիններում իշխանությունը վերցնել։ Մարտիրոսյանը նկատում է՝ ընդ որում, այս գործելաոճը շատ հեռու է ՔՊ-ի՝ 2018-ին, դրանից հետո էլ տված խոստումներից ու հայտարարություններից՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտապանության երաշխավոր և այլն։
Իրավապաշտպանն ասում է՝ փաստորեն նույն ձեռագիրն է՝ ռեսուրսների օգտագործում և չարաշահում, տարբեր համայնքներին տարբեր մոտեցումներ․«Կա անմեղության կանխավարկած, բայց իրենց ձեռագրում ավելի շատ մեղավորության կանխավարկածն է ՝ որպես քաղաքական տեխնոլոգիա է օգտագործվում՝ աղմուկ են հանում որևէ երևույթի, դեպքի մասին, ապա վերաբերմունք է ձևավորվում հանրության մոտ, հետո դա իրականում այդպես էր, թե՝ ոչ, դառնում է երկրոդական, բայց իրենց նպատակներն արդեն իրագործվում են, առաջ են գնում։ Դա դառնում է իրենց գործունեության հիմնական ձևը։ Տպավորություն կա, թե իրենք անթաքույց ուրախանում են, ինչ որ ցնծություն է այդ ուժի մոտ, բայց իրականում այդ ձեռագիրը թուլացնում է երկիրը, խոցելի դարձնում համայնքն ու ժողովուրդը»։
ՔՊ-ն մշտապես հպարտ հայտարարում է, որ մեր երկրում ընտրությունները չեն կեղծվում, բայց եթե չեն էլ կեղծվում, ու եթե չեն հաղթում ՏԻՄ-երում, հետընտրական շրջանում են փորձում ինչ-որ գործընթացներով իշխանությունը վերցնել, REGIONSTV-ի այս դիտարկմանն ի պատասխան Մարտիրոսյանն ասում է՝ «ընտրությունները չեն կեղծվում» գնահատականն արդեն չափազանցված է։
Նա նշում է, որ համայնքային մակարդակում ընտրությունների չկեղծելը կասկածի տակ է, որովհետև վարչական ռեսուրսներն են օգտագործվում, այդ թվում՝ տարբեր նշանակումների տեսքով․«Օրինակ՝ ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում, որը սկսում է ձևավորել իր թիմը ու սկսում է վարչական ռեսուրներն օգտագործել։ Ինչ վերաբերում է կադրերին՝ հովանվաորչական մոտեցումներն են գործում։ Այն ժամանակ ասում էին՝ տեսեք, կլաններ են ձևավորվում, ահա ՏԻՄ-երում էլ կան, ու մասնագիտական որակները հաշվի չեն առնվում, այլ հաշվի է առնվում նեպոտիզմը, հովանավորչությունը, ասենք՝ դպրոցի, հիվանդանոցի, համայնքի ղեկավարներ են նշանակում իրենց մարդկանց ու սա դարձել է այս իշխանությունների գործելակերպը»։
Կասկածելի չէ՞, որ այդ քրեական գործը այս փուլում է ակտիվանում, մինչ մեր այս հարցին պատասխանելը, իրավապաշտպանը «հեռվից է գալիս», հեղափոխություն, հեղաշրջում բառերի բացատրությունն է ներկայացնում։ Ասում է՝ հեղափոխությունը հունարենում կատաստրոֆան է, լատիներենում՝ ռեվոլյուցիան․«Մեր դեպքում 2018-ից հետո ավելի շատ կատաստրոֆիկ զարգացումներ են եղել։ Բան չի փոխվել, եթե իրավական համակարգում այն մարդիկ են, որոնց աշխտանքի ոճը, սկզբունքը կոմպրոմատային քաղաքականությունն է՝ գործեր հավաքել ու անհրաժեշտ պահին դրանք օգտագործել, պարզ է՝ հետևանքը ինչպիսն կլինի։ Եթե գնանք դեպի ակունքները, մեղավորը մի կողմից չի լինի, կարող են լինի պետական կառույցի այն օղակը, որի հետ ինչ որ հարաբերություններ են եղել են, ու պատեհ պահ են գտել այդ ամենը դուրս հանելու համար։ Զզվելի աստիճանի ծանոթ ձեռագիր է, որը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր քննադատում էին նախկիններին, նրանք ավելի շատ նախկինների հոգեզավակներն են, ոչ թե եկել են Հայաստանն իսկապես իրավական, սոցիալական, ինքնիշխան պետություն դարձնելու»։
Իրավապաշտպանն ասում է՝ «Բալասանյան» դաշինքը պետք է հրաժարականի մասին բացատրություն տա, ցանկալի է, որ պարզաբանում տա ընտրողներին՝ ճնշումներ եղել են, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա՝ ինչպիսի․«Սա շատ կարևոր է հանրության մոտ կարծիք ձևավորելու համար»։
Թե հիմա Գյումրին ինչպես է կառավարվում առանց ավագանու 13 անդամների, քաղաքապետի, տեղակալների, որոնցից մեկը թեև հրաժարական չի տվել, նույնքրգործով տնային կալանքի տակ է, պարզ չէ։ Գյումրիում սպասե՞լ կառավարման ճգնաժամի։ Իրավապաշտպանն ասում է՝ արդեն կա այդ ճգնաժամը, ընդ որում, դաշինքի պարզաբանում չտալն է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը։
Մարտիրոսյանը վստահ է՝ համայնքապետարանում այդ ճգնաժամը գնալով ավելի ընդգծված կլինի, որովհետև մոտենում է տարեվերջը, իսկ դա այն շրջանն է, երբ բազմաթիվ հարցեր են կուտակված լինում՝ հաշվետվություններ, քննարկումներ, թե ծրագրերի որ մասն է իրականացվել, որը՝ ոչ, ծախսերն ու եկամուտները որքան են, բյուջե պետք է կազմվի և այլն։
Իսկ Գյումրիի պարագայում, արդեն չկա պատասխանատուն, որը պետք է հանրությանը, ընտրողներին հաշվետվություն ներկայացնի իր արած կամ չարածների համար։ Այս առնչությամբ էլ իրավապաշտպանն ասում է՝ որովհետև պետական մտածելակերպ չկա, իսկ այդ մտածելակերպի թիվ մեկ կրողը պիտի լինի իշխող ուժը, մինչդեռ ՔՊ-ն ուղղակի մտածում է, թե ինչպես անի, որ հասնել տոտալ իշխանության բոլոր համայնքներում, ընդ որում, հրճվում են դրանից․«Աննորմալ բան է։ Իսկ իշխանությունը պարտավոր է այնպես անել, որ գործընթաներն իրավական լինեն, և ՏԻՄ-երը անկախ լինեն գործադիրից, ոչ թե դրա կցորդը լինեն ու գործադիրի ճնշման տակ չլինեն։ Հայաստանի անկախությունից ի վեր մենք չունենք գործադիրից անկախ ՏԻՄ-եր, անկախ ավագանու ինստիտուտ»։