Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, տեղակալ Լուսինե Սանոյանը ավագանու մանդատները վայր դրեցին․Բալասանյան դաշինքը հրաժարվեց քաղաքային իշխանությունից | Region

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, տեղակալ Լուսինե Սանոյանը ավագանու մանդատները վայր դրեցին․Բալասանյան դաշինքը հրաժարվեց քաղաքային իշխանությունից

Հոկտեմբեր 28,2024 17:39

Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամներն, այդ թվում՝  Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ու նրա տեղակալ Լուսինե Սանոյանը ավագանու մանդատները վայր դնելու մասին արձանագրությունն արդեն ներկայացրել են ընտրատարածքային հանձնաժողով։ Այս մասին REGIONS TV-ին հայտնեց  Գյումրու թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։

Օրենքի համաձայն, ավագանու անդամության լիազորությունների դադարեցումից հետո, դադարեցվում են նաև նրանց լիազորությունները տեղական ինքնակառավարման մարմնում: Վարդգես Սամսոնյանն այսօրվանից այլևս չի զբաղեցնում Գյումրու քաղաքապետի, Լուսինե Սանոյանն էլ նրա տեղակալի պաշտոնները: Ըստ Տիգրան Ղազարյանի, այս առնչությամբ, նոյեմբերի 1-ին, ժամը 18-ին տեղի է ունենալու թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նիստը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  այսօր «Բալասանյան» դաշինքի անդամները մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացնելու։

Հիշեցնենք, որ մինչ դաշինքի՝ մանդատներից հրաժարվելու այս որոշումը  ձերբակալվել ապա գրավով  ազատվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին։ Սամվել Բալասանյանի (ԱՄՆ-ում է գտնվում)եւ նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված  Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանի հարևանությամբ հողատարածքների ապօրինի օտարման առթիվ։ Խաչատուր Բալասանյանի ձերբակալման օրը Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները հոկտեմբերի 11-ի նիստին չէին ներկայացել, ուստի նիստը չէր կայացել։

Կարինե Կազարովա

Նորություններ