«Սենսացիա». ընդամենը 3 ամսում Շիրակի մարզի բնակիչների թիվն ավելացել է շուրջ 53.000-ով
Ինչպես արդեն հրապարակել ենք, Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ մարզպետի գործունեության մասին տարեկան հաշվետվություններում, որոնք տեղադրված են մարզպետարանի պաշտոնական կայքէջում, մարզի բնակչության թվի վերաբերյալ տեղեկությունները նույնությամբ կրկնված, արտատպված են չորս տարի շարունակ՝ 2012թ., 2013թ., 2014թ., 2015թ.:
2015 թվականի առաջին կիսամյակի վերաբերյալ վերլուծության մեջ նշված է.
ԳԱԼԱ-ն փորձեց Շիրակի մարզպետարանից ճշտել, թե ինչու են մարզպետարանի աշխատակիցները նույնը թողել տարեկան հաշվետվությունների թվային տվյալները: Ընդ որում՝ միայն այն տվյալները, որոնք առնչվում են բնակչության թվին: Մյուս վերլուծություններում պատկերը նույնը չէ: Հարց է առաջանում՝ գուցե բնակչության պակասող թի՞վն է մտահոգել հաշվետվությունը կազմողներին, եւ նրանք որոշել են շրջանցել այս բաժինը եւ նույն տվյալներն արտատպել սոցիալ-տնտեսական իրավիճակի տարեկան հաշվետվության մեջ:
Ո՞րն է բացատրությունը. հարցը Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը եւ տարածքային վարչության պետ Կառլեն Աբրահամյանը չկարողացան մեկնաբանել:
«Թվերը հո հաստատուն չեն լինում, մարդիկ գնում են, գալիս են, մահանում են, ծնվում են: Հիմա ես չեմ կարող տալ դրա բացատրությունը»,- նշեց Ռուբեն Հարությունյանը: Վերջինս, սակայն, «սենսացիոն» տեղեկություններ է հաղորդում մարզի բնակչության թվի վերաբերյալ:
Պնդում էր, որ իր ձեռքի տակ եղած տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի մեկի դրությամբ մարզի բնակչության թիվը կազմում է 298.860 մարդ:
Հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ 3 ամսում մարզի բնակչության թիվն ավելացել է շուրջ 46.960-ով, նա արձագանքեց. «Շատ հարցեր եք տալիս: Ասում եք՝ որտեղի՞ց եք ստացել, ի՞նչ եք ստացել, ինչո՞ւ եք ստացել: Դուք թիվը հարցրեցիք, ես Ձեզ ասացի: 2015 թվականի հուլիսի մեկի դրությամբ հաշվառված թվերն են: Ստացել ենք տարածքային կառավարման նախարարությունից»,- նշեց մարզպետարանի աշխատակիցը:
Տարածքային նախարարությունից, ի դեպ, հերքեցին՝ թվային տվյալների չեն տիրապետում, եւ հորդորեցին դիմել Ազգային վիճակագրական ծառայությանը:
Վարչության պետ Կառլեն Աբրահամյանին ներկայացրեցինք մեր զարմանքը: Բացատրեցինք, որ բնակչության թիվը Շիրակի մարզում այդքան չի եղել նույնիսկ 2011 թվականին, որ ինչ-որ բան այն չէ: Վերջինս նշեց, որ արձակուրդում է, բայց Ռուբեն Հարությունյանից լավ մարզպետարանում ոչ ոք չգիտի թվային տվյալները, որ բազան նրա ձեռքի տակ է, եւ դարձյալ հորդորեց խոսել նրա հետ:
Ռուբեն Հարությունյանին զանգահարեցինք եւս մեկ անգամ, սակայն նա հաստատակամ եւ վստահ մի քանի անգամ պնդեց, որ թիվը չի շփոթել:
Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ 2015 թվականի հուլիսի մեկի դրությամբ Շիրակի մարզի բնակիչների թիվը կազմում է 245.500 մարդ:nkar2
Եթե համեմատենք Ազգային վիճակագրական ծառայության 2015 թվականի հուլիսի մեկի տվյալները մարզպետարանի փաստաթղթերում առկա տվյալների հետ, կստացվի, որ մարզի բնակիչների թիվն ուռճացված է 53.360-ով:
Եթե առաջիկայում սահմանադրական հանրաքվեն չլիներ, գուցե այդքան էլ լուրջ չվերաբերվեինք մարզպետարանի պաշտոնյայի հայտարարությանը, համարեինք, որ գուցե վրիպել են, գուցե ինչ-որ բան շփոթում են, խառնել են թվային տվյալները: Սակայն ինչպես ասում են, սատանան մանրուքներում է թաքնված:
Նորույթ չէ, որ տոկոսներ «խփելու» հետ կապված խնդիրներ ունեն իշխանությունները Շիրակի մարզում, որ դիմելու են հայտնի բոլոր մեթոդներին՝ սկսած վարչական ռեսուրսների կիրառումից, մինչեւ լցոնում: Գաղտնիք չէ նաեւ այն հանգամանքը, որ մշտապես ուռճացված ընտրացուցակները լուրջ գործոն են եղել տոկոսներ «խփելու» գործում: Այնպես որ, սպասում ենք Շիրակի մարզպետարանի արձագանքին հիշյալ պաշտոնյայի հայտարարության վերաբերյալ՝ թյուրիմացությա՞ն արդյունք է, չիմացությա՞ն, միամտությա՞ն, թե՞ դիտավորության:
Արմենուհի Վարդանյան