Քասախցիների բողոքի ցույցը շարունակվում է․նրանք փակել են Երևան-Աշտարակ մայրուղին

Քասախցիներն այսօր առավոտից փակել են Երևան-Աշտարակ մայրուղին։ Նրանք պահանջում են վերականգնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երեւանին:
Արագածոտնի մարզպետը ցույցի մասնակիցներին առաջարկել էր հանդիպել այսօր, սակայն բնակիչները հրաժարվում են մարզպետարան, նրանք պահանջում են, որ մարզեպտն ինքն այցելի «դեպքի վայր»։
«Փողոց փակելը վարչապետից ենք սովորել։ Սա ինչ խտրականություն է՝ ինչո՞ւ պռոշյանցիների պահանջով աշխատեց 25 համարը, իսկ քասաքցիների համար 59 երթուղին չվերականգնեցին»,-լրագրողների հետ զրույցում ասաց ցույցի մասնակիցներից մեկը։
Բնակիչները ժամանակ առ ժամանակ փակում են մայրուղին, ապա ոստիկանները բացում են, հետո նորից բնակիչներին հաջողվում է այն բացել։ Բնակիչները շարունակում են պարբերաբար փակել ու բացել ճանապարհը։
Հիշեցնենք, ապրիլի 5-ից սկսած Քասախ և Պռոշան համայնքների բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին, նրանք պահանջում էին վերականգնել 25 և 59 երթուղին։
Նոր երթուղին պետք է սպասարկի Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը՝ մեկ ուղևորության համար 200 և 250 դրամ արժեքով: Ընդ որում, այս նոր կարգով երթուղին նաև կրճատվում է՝ եթե նախկին երթուղին հասնում էր մինչև Հաղթանակի այգի, այժմ սահմանվել է, որ այն հասնելու է մինչև Աջափնյակ վարչական շրջան՝ Ֆիզիկայի ինստիտուտ։
Ապրիլի 7-ին Երևանում ՏԿԵ փոխնախարարի և բնակիչների հետ հանդիպումից հետո որոշվեց, որ 50 դրամով կնվազեցվի ուղեվարձը, այն սահմանելով 200 դրամ, սակայն կառավարությունը որոշումը չի փոխելու, ավտոբուսները երթուղուց հանվելու են։
Երեկ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարել էին, որ թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այլ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:
Այսօր ցույցի մասնակիցներն ասացին, որ Պռոշյան համայնքի դեպքում 25 համարի երթուղին շարունակում է աշխատել, իսկ Պռոշյանի տրանսպորտը՝ ոչ։
«Երևանի դպրոցներում սովորող երեխաներ ունենք, երեխան Մալաթիայից դուրս է գալիս, ո՞նց հասնի գյուղ։ Մեր կապը միշտ Երևանի հետ է եղել՝ ուսանողներ, աշխատողներ, Երևան էին գնում-գալիս»,-այսօր հայտարարեցին բնակիչները։
Նրանք պնդում են՝ չենք բացելու ճանապարհը մինչև խնդիրը չլուծվի։
Բնակիչներն ասում են՝ սա տրանսպորտային բարեփոխում չէ, իրենց զրկում են հարմարավետ ու մատչելի տրանսպորտից․«59 համարը փոխարինվելու է միկրոավտոբուսներով, վեց մեքենա է լինելու, որը սպասարկելու է 20 րոպեն մեկ, ինչի հետևանքով մենք չենք կարողանալու Երևան հասնելու մեր կարիքը բավարարել։ Նաև սոցիալական խնդիր կա՝ եթե երթուղին փոխեն, մենք ստիպված ենք լինելու օրական 700 դրամ ծախսել տրանսպորտի համար։ Իսկ օրինակ ուսանողները մատչելի պայմաններով են օգտվել մինչ այս բարեփոխումը»։
Ինչո՞ւ է մարզպետը խուսափում գալ հանդիպման բնակիչների հետ, այս հարցին ցույցի մասնակիցների պատասխանն է․«Կարո՞ղ ա մարզպետը վախենում է»։
Ցույցի մասնակիցները վստահեցրին՝ չեն դադարեցնելու ցույցը, հնարավոր է նաև հացադուլի դիմեն․«Փողոց փակելն ընդամենը նախազգուշական քայլ է: Մենք մինչեւ չստանանք մեր հարցի լիարժեք պատասխանը, կանգ չենք առնելու: Մենք սպասում ենք պատկան մարմինների արձագանքին»։
Բնակիչները նաև այլ խնդիր բարձրացրեցին, ասացին, որ փողոցը անցնելու համար նախատեսված նշաններ չկան, միակ գետնանցումը անմխիթար վիճակում է, հնարավոր է չէ դրանից օգտվել, քանի որ կիսաքանդ վիճակում է, անձրևների ժամանակ գետնանցումը հեղեղվում է, ուստի բնակիչները ստիպված են արագ ընթացող մեքենաների միջով հատել փողոցը։