Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչները դժգոհ են 2,5 ժամ տևած ՏԿԵ փոխնախարարի հետ հանդիպումից․ նրանք ցույցերը շարունակելու են

Կառավարությունն իր որոշումը չի փոխելու, Պռոշյան և Քասախ համայնքները սպասարկող 25 և 59 համարների ավտոբուսները երթուղուց հանվելու են։ 2,5 ժամ տևած ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի և բնակիչների հանդիպման արդյունքներից քաղաքացիները դժգոհ են։ Կառավարության ներկայացուցիչները, ինչպես հանդիպումից հետո լրագրողներին փոխանցեցին բնակիչները, հակված չէին քաղաքացիների շահերը պաշտպանել։
Հիշեցնենք, որ օրերս այս համայնքների բնակիչները բողոքի ցույց էին անում, նրանք փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը։ Մարդիկ դժգոհում են, որ նշված ավտոբուսներն՝ ուղեվարձը 150 դրամով այլևս չեն գործելու։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը՝ մեկ ուղևորության համար 200 և 250 դրամ արժեքով:
Լրագորղների հետ զրույցում բնակիչներն այսօրվա հանդիպման տպավորությունները ներկայացրեցին, ասացին, որ կառավարության ներկայացուիչները կարծես թե բիզնեսի շահն էին առաջ տանում։
«Նիկոլ Փաշինյանը մտնում է մեր գրպանը»,-ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։
Հանդիպման ժամանակ «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենը վստահեցրել է, որ 50 դրամով կննազեցնի ուղեվարձը, այն սահմանելով 200 դրամ։ Ընդ որում, երթուղում ավտոբուսների քանակն ավելի շատ է լինելու։ Սակայն սա չի գոհացնում բնակիչներին, նրանք ասացին, որ ամեն օր մի ընտանիքից մի քանի հոգի է օգտվում այդ տրանսպորտից ու իրենց բյուջեի վրա մեծ բեռ է։
Ընդ որում, բնակիչները վստահեցրին, որ նոր երթուղին գյուղից մինչև Աջափնյակ՝Ֆիզիկայի ինստիտուտ է հասնելու, մինչդեռ նախկին ավտոբուսները հասնում էին մինչև Մոնումենտ՝ Հաղթանակի այգի:
Բնակիչները լրագրողներին հայտնեցին, որ բողոքի ցույցերը շարունակելու են։