Շիրակի մարզը 2025 թվականի համար ներկայացրել է 8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր․Գյումրին մասնաբաժին չունի

2024թվականին Շիրակի մարզում փաստացի իրականացվել և ֆինանսավորվել է մոտ 7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որի 53 տոկոսը, մոտ 3 մլրդ 740 մլն դրամը կառավարության համաֆինանսավորումն է եղել, մնացածը՝ տեղական բյուջեներինը։
Կատարված աշխատանքների ամենամեծ մասնաբաժինն ունի ասֆալտապատումը, մոտ 3 մլրդ դրամի։ Անցած տարի ասֆալտապատվել է 15,8 կմ ավտոճանապարհ, 4,7 կմ ճանապարհ էլ սալարկվել է։ 2-րդ տեղում մանկապարտեզների կառուցման և վերանորոգման ծախսերն են։ 1 մլրդ 106 մլն դրամ է ծախսվել մարզի 20 մանկապարտեզի նորոգման և կառուցման համար, որից կօգտվի 1730 երեխա։ Շիրակի մարզում 2024 թվականին 42, 5 կմ նոր գազատար է անցկացվել։
Անցած տարվա սուբվենցիոն ծրագրերի մեծ մասը իրականացվել է Գյումրիում, ծախսվել ավելի քան 3 մլրդ դրամ։
Ըստ Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանի, 2025 թվականի համար կառավարություն ներկայացվել է մոտ 8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի փաթեթ, որում Գյումրին մասնաբաժին չունի։
«Համայնքի ղեկավար չունենալու և ավագանիում քվորում չապահովելու պատճառով Գյումրիի սուբվենցիոն ծրագրերը հետաձգվել են։ Կառավարության որոշմամբ, ծրագրեր ներկայացնելու վերջնաժամկետը Գյումրիի համար սահմանվել է մայիսի 25-ը։ Եթե այդ ժամկետում չհասցնեն ծրագրեր ներկայացնել, ապա Գյումրին 2025 թվականին սուբվենցիոն ծրագիր չի կարողանա իրականացնել»,- նշեց Կարեն Բադիշյանը։
Ըստ մարզպետ Դավիթ Առուշանյանի, ստացվում է, որ մարզի մյուս 5 համայնքների համար սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի համեմատ, կրկնապատկվել են՝ 4 մլրդ դրամից դառնալով 8 մլրդ դրամ։
«Իմ ամենաթույլ տեղն է էն, որ միշտ ասում եմ, կարելի է մի փողոց պակաս նորոգել, բայց մի հատ այգի կառուցել։ Ծրագրերում չկան կանաչ տարածքները, այգիները չկան, ոչ մի մարզադպրոց ընդգրկված չէ։ 3 միլիարդից ավելի գումար փողոցաշինության մեջ է գնացել, սալարկումներն էլ որ գումարենք ավելի շատ կլինի։ Կանաչ գոտիները շատ քիչ են, մանավանդ Գյումրի քաղաքում, մշակույթի տուն, Աշոցքի մշակույթի տան նորոգումը ծրագիր մտցրե՞լ եք»,- նշեց Առուշանյանը։
Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հակադարձեց մարզպետին․«Հիմնականում էդ մշակույթի տուն և այլ ծրագրեր որ ներկայացնում ենք, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մերժում ենք ստանում, դրանք որպես առաջնահերթություն չեն դիտարկում, ճոխություն են համարում»։
«Էդ ասֆալտը ճոխությո՞ւն չէ, պուրակը ճոխությո՞ւն է, պուրակն էլ կյանքի որակի փոփոխություն է»,- զարմացավ Առուշանյանը։
«Ուղղակի լուրջ գումարներ, 10 մլն, 15մլն, 17 մլն դրամի նախագծերը պատվիրել ենք, էդպես մնացել են»,- ասաց Զավեն Մանուկյանը։
«Եկեք իրար հետ քննարկենք, կառավարություն ներկայացնենք, որ երեխաները ցեխերի մեջ ֆուտբոլ չխաղան, գոնե ֆուտբոլի դաշտ ունենան, խաղահրապարակ ունենան, մեծահասակների համար զրուցարաններ ունենանք, զբոսանքի վայր և այլն, թե չէ մենակ ասֆալտի վրա ժողովուրդը, ինչքա՞ն ասֆալտ, ասֆալտ, ասֆալտ․․․Եթե կան նման ծրագրեր, քննարկենք, ներկայացնենք Երևան»,- նշեց Առուշանյանը։
Կարեն Բադիշյանն էլ նշեց, որ 2025 թվականի ծրագրերում Ախուրյան համայնքից արդեն պուրակի հիմնանորոգման աշխատանքներ ներկայացված են, 1 ծրագիր էլ Աշոցքի մշակույթի տան վերանորոգումն է։
«Ծրագրերը չեն հաստատվում, ոչ այն պատճառով, որ կառավարությունը ավելի նվազ է դրանք դասակարգում, այլ՝ նախագծերը, որոնք որ 2024 թվին ներկայացված էին, թերի էին ներկայացված, շենքերի ամրակայման, սեյսմազինվածության միջոցառումներ պետք է իրականացվեին, ինչը նախագծի արժեքը բարձրացնում էր, ու շատ համայնքներ դրանից հրաժարվեցին։ Դա էր պատճառը, որ ծրագրերից դուրս են մնացել»,- հայտարարեց Բադիշյանը։
Համայնքապետերն էլ հակադարձեցին, թե, այդուհանդերձ, սեյսմակայունության համապատասխանելու դեպքում էլ, էլի մերժումների պատճառաբանություններ գտնվում են։ Պարզաբանման կարիք կա։ Համայնքների ղեկավարները դիմեցին մարզպետին, որ միջգերատեսչական հանձնաժողովի հետ աշխատանքներ տանի, որպեսզի ժամկետում հաստատեն ծրագրերը, այլապես դրանք կլինեն ժամկետանց ու չեն ֆինանսավորվի։
«Մենք իներցիոն կառավարման ճանապարհով չենք գնում, մենք մեզ համար օրակարգեր ենք ստեղծում, մտածում ենք, ինչ նոր խնդիրներ կարող ենք մեր առաջ դնել ու ինչ լուծում առաջարկել։ Խնդիրներից մեկը համայնքների կողքին ձիգ կանգնելն է։ Չեմ բավարարվում նրանով, որ համայնքը գրություն ուղարկեց մեզ, մենք՝ կառավարություն, կառավարությունն էլ՝ մեզ, մենք էլ՝ համայնքներին։ Էս կառույցը խնդիրներ լուծելու համար է։ Իմ համար իներցիոն կառավարումն անընդունելի է։ Մենք բնակչի կյանքի որակի վրա հստակ ազդեցություն ենք ունենալու»,- Առուշանյանի եզրափակիչ խոսքն էր թեմայով։
Շիրակի մարզում միլիարդների ճանապարհաշինական, նաև դպրոցների կառուցման աշխատանքներ են տարվում։ Առուշանյանը կրկին հիշեցրեց, որ այն հիմնավորումները, որոնք նախկինում աշխատել են, հիմա չեն աշխատելու։ Շեշտեց՝ եթե որևէ շինարարական աշխատանք թերի է, ապա չի ընդունվելու։
«Բոլոր հարցերում շինարարների թիկունքին կանգնած ենք, բայց միաժամանակ իրենցից պահանջելու ենք որակով և ժամկետների մեջ կատարված աշխատանք։ Խիստ վերահսկողություն է լինելու բոլոր շինհրապարակներում։ Անցած տարվանից թերություններ կան, որոնք չենք ընդունելու, իրենք խնդիրները վերացնելու են»,- նշեց մարզպետն ու ավելացրեց»․Վերահսկում ենք ամբողջ շինարարական գործընթացը։ Ստեղծեք աշխատանքային խումբ ու նայեք, թե երաշխիքի մեջ գտնվող շինօբյեկտների վրա ինչ խնդիր է առաջացել։ Եթե առաջացել է, ապա շինարարից պահանջեք, որ անեն երաշխիքային ժամկետի աշխատանքները։ Չլինի այնպես, որ տեսչականը ավարտական ակտը ստորագրի, մենք չստորագրենք, կամ հակառակը։ Որևէ բան ստորագրելուց առաջ եկեք պայմանավորվենք, որ բոլորիս մոտ պիտի «օքեյ» լինի շինարարությունը, նոր բոլորս ստորագրենք։ Չլինի, որ մարզպետարանը չստորագրի, տեսչականը ստորագրի, կամ համայնքի վրա գցենք, որ շինարարը չասի՝ տեսչականը լավն էր, մարզպետը՝ չէ»։
«Ոչ մի շինարարությունում չի եղել դեպք, որ մենք գնանք, տեխնիկական հսկողը տեղում լինի։ Շատ դեպքերում, զանգում ենք, նոր գալիս են, ոչ մի գրառում չունեն մատյաններում, գիտեմ, որ տեխհսկողի մրցույթները առանձին են անում, շատ մեծ խնդիր է դա, տեսչական մարմինը, մարզպետարանը չեն կարող ամենօրյա ռեժիմով շինարարությունները վերահսկել։ Մենք 2 մասնագետով ամբողջ մարզով չենք կարող շուրջօրյա հսկողություն սահմանել, դրա համար կա տեխնիկական հսկողի ինստիտուտը։ Ո՛չ տեխնիկական հսկողները կան, ո՛չ հեղինակային հսկողները, վարման մատյաններ ընդհանրապես չեն վարվում, բոլոր տեղերում մենք արձանագրում ենք խախտումները, տուգանում ենք, բայց ոնց տուգանում ենք, էդպես էլ շարունակվում է»,- զայրացավ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ Տիգրան Ղազարյանը ։
«Արդեն 3-րդ ամիսն է, նույն բանն եմ լսում, նախագծողները լավը չեն, վերահսկողները լավը չեն, ժողովո՛ւրդ ձև պիտի լինի՞ իրենց պատժելու, եկեք բարեկամություն, ընկերություն, հարևանություն չանենք, առաջինը՝ որ խնդիր եղավ, պատժեցինք, ի՞նչ է նախատեսված օրենքով»,- փորձեց հասկանալ Առուշանյանը։
«Դեպքեր են եղել, որ մենք դրել ենք քաղշին կոմիտե, լիցենզիայից զրկելու»,- ասաց Ղազարյանը։
«Պետության ստեղծած բոլոր մեխանիզմները պիտի օգտագործել, 1,2, 3-ին արեցինք, մեկը կսկսի դողալ, փողը ժամանակին չտվեցինք․․․»,- մարզպետի առաջարկն էր։
«Եթե էդ մարդը 120․000 դրամով կամ 50․000 դրամով շահել է մրցույթը, գնում գալիս է, իր տրանսպորտի գումարն էլ չի հանում, ինչ սպասենք այդ մարդուց։
Սև ցուցակ ենք գցել, էլի գալիս, այլ անունով մրցույթը շահում է»,- նշեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։
Տիգրան Ղազարյանն առաջարկեց խորհրդակցություն կազմակերպել, քննարկել տեսնել լուծումը, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան, որոնք տարեցտարի շարունակվում են։
Կարինե Կազարովա