ՀՀ ՊՆ փոխնախարար․Առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։
Լրագրողների դիտարկմանը, որ Սյունիքում ադրբեջանական կրակոցներից բնակելի տուն է տուժել, կրակոցներն ուղղված են եղել բնակավայրերի կողմ, փոխնախարարն այսպես արձագանքեց․«Մենք բաց ենք, լրատվությունը տրամադրվում է հնրարավորինս արագ եւ օբյեկտիվ։ Եթե խնդիր կա, մենք ներկայացնում ենք, այս պահին իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Կրակոցներ երբեմն լինում են, բայց դրանք ոչ նշանառու, անհասցե կրակոցներ են, սակավաթիվ»։
Նրա խոսքով՝ այս պահին սահմանին ադրբեջանական ուժերի կուտակում չկա։
Լրագրողներն արձագանքեցին՝ տեսանյութ է շրջանառվում, թե սահմանին կուտակումներ կան։ Արման Սարգսյանն ի պատասխան ասաց՝ եթե ՊՆ պաշտոնական հաղորդագրություններն արժանահավատ չեն, ապա ինձանից չպետք է հարցնեք։
Լրագրողները շարունակեցին՝ ՀՀ սահմանի տարբեր հատվածներում են կրակոցներ լինում, ընդլայնվում է աշխարհագրությունը, այսօր ՊՆ –ն հայտնել է, որ բնակելի տան վրա է կրակոց եղել, ինչպե՞ս եք գնահատում, որ այդ կրակոցներն անհասցե են, վտանգավորությունն ինչպե՞ս եք գնահատում, ինչին ի պատասխան փոխնախարարն ասաց․«Նորից կրկնեմ՝ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է, և որևէ խնդիր ծագելու պարագայում մենք անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք»։