Թիկնիզյանը երկու տարբերակ ունի այլ ակումբ տեղափոխվելու համար | Region

Թիկնիզյանը երկու տարբերակ ունի այլ ակումբ տեղափոխվելու համար

Մայիս 23,2025 14:25

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է լքել ակումբը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ Metaratings.ru-ի և Legalbet-ի՝ 26-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական երկու բարձրակարգ ակումբներ՝ «Սպարտակը» և «Կրասնոդարը»։

«Սպարտակը», որը ձգտում է ուժեղացնել ձախ պաշտպանական եզրը, դիտարկում է Թիկնիզյանին որպես հնարավոր տարբերակ։ Թեև ակումբի առաջնային նպատակը երիտասարդ լեգեոնականների ձեռքբերումն է, ձախ եզրում նրանք չեն բացառում Նաիրի տարբերակը։ Միևնույն ժամանակ, պաշտպանության աջ եզրում մոսկվացիները կենտրոնանում են բացառապես տեղացի ֆուտբոլիստների վրա։

«Կրասնոդարը» նույնպես լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Թիկնիզյանի նկատմամբ։ Ակումբը հույս ունի, որ նրա՝ ազգային հավաքականի գործընկեր Էդուարդ Սպերցյանի հետ ջերմ հարաբերությունները կնպաստեն տրանսֆերի հաջող իրականացմանը։

Նաիր Թիկնիզյանը ֆուտբոլային կրթություն է ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի ակադեմիայում և 2021 թվականից հանդես է գալիս «Լոկոմոտիվում»։ Այդ ընթացքում նա մասնակցել է 122 խաղի, խփել 16 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին, իսկ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Ավելի վաղ Թիկնիզյանը հայտնել էր «Լոկոմոտիվում» իր կարգավիճակից դժգոհ լինելու մասին և մտադրություն էր հայտնել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբը։

armsport.am

Նորություններ