Հայտնի է՝ ինչ հիմնավորմամբ է 8 ամսական երեխայի մորը կալանավորելու որոշում կայացվել․ դատարանը հրապարակել է որոշումը. factor.am

Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Մաթևոսյանի, հրապարակել է 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանին կալանավորելու որոշումը։
«Լիանա Հարութունյանն, ըստ մեղադրանքի, օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն:
Նախաքննության մարմնի 2025 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ մեղադրյալ Լիանա Հարութունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը։
Ըստ դատական ակտի՝ նկատի ունենալով, որ պատշաճ ծանուցված մեղադրյալ Լիանա Հարութունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել 2025 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից՝ դատարանը նրա նկատմամբ կիրառել է դատավարական սանկցիա՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը։
«Ընդ որում, դատարանի աշխատակազմի նախաձեռնությամբ 2025 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մեղադրյալ Լիանա Հարութունյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինը կրկին տեղեկացվել է հաջորդ օրվա դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն հայտնել է, որ չի ներկայանալու դատական նիստերին մինչև նոր պաշտպանով չապահովվի։ 2025 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 14:30-ին, Լիանա Հարութունյանը Դատարան չի ներկայացվել, քանի որ չի հայտնաբերվել իր բնակության հասցեում (տան դուռը գտնվել է փակ վիճակում), իսկ ոստիկանության ծառայողի հետ հեռախոսազրույցի ընթացքում մեղադրյալը հայտնել է, որ իրեն չանհանգստացնեն, և ինքը չի պատրաստվում ներկայանալ դատարան։ Դատարանի աշխատակազմի նախաձեռնությամբ կատարված հեռախոսազանգի ընթացքում մեղադրյալ Լիանա Հարութունյանն, ըստ էության, հայտնել է, որ 2025 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, նշանակված դատական նիստի վերաբերյալ ինքը ծանուցագիր չի ստացել և տեղյակ չէ դատական նիստի մասին, ինչին ի պատասխան նրան պարզաբանվել է, որ դատարանը նրա նկատմամբ կիրառել է վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու ձևով դատավարական սանկցիա, որի պարագայում ծանուցագիր իրեն ուղարկվել չէր կարող։ Դատարանի աշխատակազմի կողմից մեղադրյալին հայտնվել է, որ ոստիկանության համապատասխան աշխատակիցը այցելել է նրա բնակության հասցե, սակայն տան դուռը գտնվել է փակ վիճակում, ինչին ի պատասխան մեղադրյալ Լիանա Հարութունյանը հայտնել է, որ ոստիկանությունը իրավունք չունի մոտենալ իր բնակության հասցեին և իրեն հարկադրաբար ներկայացնել դատարան, հավելելով, որ ինքը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանին: Դրանից հետո մեղադրյալը նշել է, որ. «դուք ձեր ապօրինի քայլերի համար պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»։
Այս պատասխանից հետո մեղադրյալ Լիանա Հարութունյանին ևս մեկ անգամ պարզաբանվել է, որ նա քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ և պարտավոր է ներկայանալ դատական նիստերին, որ քրեական գործով մեղադրյալներից մեկը գտնվում է անազատության մեջ, և նրա չներկայանալու պարագայում դատալսումները պարբերաբար հետաձգվում են։
Լիանա Հարութունյանը պատասխանել է, որ դա իրեն չի հետաքրքրում և նա չունի մեղադրյալի կարգավիճակ, հավելելով, որ իրեն այլևս չանհանգստացնեն։ Մեղադրյալն իր խոսքում նաև նշել է, որ լավ է անում, որ ոստիկանների առջև դուռը չի բացում, հավելելով, որ. «ինչը որ իմ վրա գրել եք, ինչը որ հիմա իմ վրա ուզում եք բարդեք, դրա համար պատասխան եք տալու»։ Մեղադրյալը նաև հայտնել է, որ իր պաշտպանը դիտավորյալ չի ներկայանում դատական նիստերին, և դատարանը պաշտպանի հետ ձեռք է բերել «հանցավոր համաձայնություն» իր չգործած հանցանքի համար իրեն դատապարտելու վերաբերյալ՝ կրկին անգամ սպառնալով, որ «պատասխան եք տալու իմ հանգիստը խանգարելու և իրավունքը ոտնահարելու համար», խոսակցության վերջում կրկին նշելով, որ չի ներկայանալու դատական նիստերին»,- ասված է դատական ակտում։ Հիմք ընդունելով մեղադրյալ Լիանա Հարութունյանի՝ վերը նկարագրված վարքագիծը՝ դատարանն իր 2025 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալի վարքագիծը միտված է ինչպես վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից ու հասանելիությունից դուրս գտնվելուն, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նրա վրա դրված պարտականությունները չարամտորեն չկատարելուն, ինչը հակազդում է վարույթի բնականոն ընթացքին, հետևաբար նրա նկատմամբ բացակայելու արգելքի ձևով կիրառված խափանման միջոցը փոխվել է առավել պիտանի խափանման միջոցով՝ տնային կալանքով։
Ընդ որում, ըստ դատական ակտի, դատարանի կողմից ամենախիստ խափանման միջոցը (կալանքը) չի ընտրվել հաշվի առնելով այն, որ մեղադրյալ Լիանա Հարութունյանի խնամքին է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ծնված երեխան։
2025 թվականի հուլիսի 10-ին էլեկտրոնային եղանակով դատարան է ստացվել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ ծառայող Ն.Մակարյանի նույն օրը կազմված արձանագրությունն առ այն, որ. «Դատարանի 2025 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն՝ այցելեցինք այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք ընտրված մեղադրյալ Լիանա Հարութունյանի փաստացի բնակության հասցե։ Այցելությամբ պարզվեց, որ մեղադրյալ Լ.Հարութունյանը գտնվում է տանը, սակայն մոտ 30 րոպե չէր բացում դուռը, որպեսզի մուտք գործեինք բնակության վայր, այդ ընթացքում շփվում էր մեր հետ պատշգամբից։ Մոտ 30 րոպե սպասելուց հետո ամուսինը՝ Նարդիկ Սոնին, բացեց դուռը, որից հետո մուտք գործեցինք բնակության վայր։
Մեղադրյալ Լ.Հարութունյանը սկզբնական հատվածում հրաժարվում էր, որ իր նկատմամբ կիրառվի խափանման միջոց տնային կալանքը, սակայն իր իրավունքներն ու պարտականությունները լսելուց հետո, ինչպես նաև խափանման միջոցի կիրառումից հրաժարվելու դեպքում բխող այլ իրավական կարգավիճակները հասկանալով, ընդունեց և համաձայնվեց, որ կիրառվի տնային կալանքը։
Սակայն մեղադրյալ Լ.Հարութունյանը հայտնեց, որ նշված բնակության հասցեն իրենց չի պատկանում և անհրաժեշտ է տեղեկացնել վերոնշյալ հասցեի սեփականատիրոջը, ինչից հետո բնակարանի սեփականատերը բանավոր կերպով հրաժարվեց, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող հասցեում կիրառվի խափանման միջոց տնային կալանք։
Հավելեց նաև, որ տրամադրում է որոշ ժամանակ իր բնակության վայրը ազատելու համար։ Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ ԱՆ ՊԾ աշխատակիցների կողմից առաջանում է անհնարինություն Լիանա Հարությունյանի բնակության հասցեում կիրառել խափանման միջոց տնային կալանքը։ 2025 թվականի հուլիսի 10-ին էլեկտրոնային եղանակով դատարան է ստացվել քրեական գործով մեղադրյալ Լիանա Հարութունյանի հայտարարությունն առ այն, որ. «Դատարանի 2025 թվականի հուլիսի 8-ի որոշմանը ծանոթ չեմ եղել, (…)։
ՀՀ ԱՆ ՊԾ ծառայողների կողմից այցելություն է իրականացվել իմ փաստացի բնակության վայր, այցելության պահին գտնվել եմ տանը՝ սկզբնական շրջանում հրաժարվում էի դուռը բացել, քանի որ մեծ շունը դրսում էր։ Ապա մենք նրան կապելուց հետո բացեցինք դուռը։
ՀՀ ԱՆ ՊԾ աշխատակիցները պատշաճ ծանուցել և տեղեկացրել են որոշմամբ նշված տնային կալանքի կրման կարգի, ինչպես նաև որոշումից բխող պարտականությունների կատարումները։ Սակայն Ձեզ եմ հայտնում, որ այս հասցեում բնակվում եմ, սակայն վերոնշյալ հասցեն չի պատկանում ինձ, կապ եմ հաստատել բնակարանի սեփականատիրոջ հետ, ով (…) հայտնեց, որ չի ցանկանում, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող հասցեում կրի տնային կալանք։ (…)»,- ասված է դատական ակտում:
Ինչ է քննարկվել դատական նիստի ընթացքում
Այս հարցով դատական նիստի ընթացքում պաշտպան Զարուհի Փոստանջյանն իր բացատրություններով, ըստ էության, վիճարկել է մեղադրյալ Լիանա Հարութունյանի նկատմամբ տնային կալանքի ձևով կիրառված խափանման միջոցի իրավաչափությունը, հավելելով, որ մեղադրյալը դիտավորություն չի ունեցել դատարանի կանչով չներկայանալու, և նրա վարքագիծը միտված չի եղել վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից ու հասանելիությունից դուրս գտնվելուն, քանի որ նրա թե՛ բնակության վայրը, թե՛ կոնտակտային տվյալը հայտնի է եղել դատարանին։ Պաշտպանը նաև նշեց, որ մեղադրյալի կողմից Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին ներս չթողնելը պայմանավորված է եղել տան բակում բաց թողնված շան առկայությամբ, և նրան կապելուց հետո վերջինները ներս են մտել։ Պաշտպան Փոստանջյանն իր բացատրությունները հիմնականում կառուցել է մեղադրյալի՝ պաշտպանության իրավունքն ապահովված չլինելու փաստարկների շուրջ, հանրային պաշտպանի գործողությունները գնահատելով «ոչ պատշաճ»։ Պաշտպանն իր խոսքում նաև նշեց, որ Լիանա Հարութունյանն իրավունք է ունեցել հայտարարելու, որ չի հանդիսանում մեղադրյալ, քանի որ նրա՝ վկայի դատավարական կարգավիճակը «անսպասելի կերպով» փոխարինվել է մեղադրյալի կարգավիճակով։ Պաշտպան Փոստանջյանը նաև վիճարկել է հանրային պաշտպանին փոխարինելու դատարանի որոշման իրավաչափությունը։ Պաշտպանը Դատարանին խնդրել է մեղադրյալի նկատմամբ կրկին կիրառել բացակայելու արգելքը։
Մեղադրյալ Լիանա Հարութունյանը նշել է, որ շատ դժգոհ է եղել իր նախկին պաշտպանից, տեղեկացված չի եղել իր իրավունքների մասին, նրա հետ չի քննարկել որևէ հարց՝ հավելելով, որ հանրային պաշտպանը 2 անգամ չի ներկայացել դատական նիստերին։
Մեղադրյալը նշել է, որ չի ստացել 2025 թվականի հուլիսի 8-ի դատական նիստի ծանուցագիրը, իսկ երբ ոստիկանները եկել են իրեն հարկադրաբար դատարան ներկայացնելու, ինքը նրանց ասել է, որ ունի երեք անչափահաս երեխա, և եթե տեղյակ լիներ դատական նիստի օրվա և ժամի մասին, ապա իր ամուսնուն կխնդրեր մնալ տանը և հոգ տանել երեխաների մասին, որպեսզի ինքը հնարավորություն ունենար ներկայանալ դատարան։
Պաշտպան Զարուհի Փոստանջյանի ծառայություններից գոհ չլինելու դեպքում համանման վարքագիծ դրսևորելու հավանականության վերաբերյալ նախագահողի հարցին ի պատասխան՝ մեղադրյալը հայտնել է, որ ոչ ոք չգիտի, թե ապագայում ինչ կլինի, այնուհանդերձ նշել է, որ չի դրսևորի նման վարքագիծ, քանի որ վստահ է, որ պաշտպան Զարուհի Փոստանջյանը պատշաճ կերպով կիրականացնի իր պաշտպանությունը։ Հանրային մեղադրող Դավիթ Ներսիսյանն, իր բացատրություններում, ըստ էության, նշել է, որ կցանկանար հավատալ մեղադրյալի խոսքերին, այնուհանդերձ դատական նիստի ընդմիջման ժամանակ իր համար պարզ է դարձել, որ մեղադրյալի «բացասական» վարքագիծը կրում է շարունակական բնույթ և միտված է պետական ինստիտուտների դեմ, քանի որ մեղադրյալն իրեն տեսնում է առաջին անգամ, սակայն դիմելով իրեն ասել է, որ «տեսնում եք, որ ասում եմ դուք խումբ եք»։ Հանրային մեղադրողը հավելել է, որ վերը նշվածի պայմաններում գտնում է, որ մեղադրյալ Լիանա Հարութունյանի նկատմամբ պետք է կիրառել ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը: Քրեական գործով մյուս պաշտպանները միացել են պաշտպան Փոստանջյանի բացատրություններին։ Դատարանը դատական ակտում նշել է այն իրավանորմերին, որոնք,ըստ դատարանի գնահատման, կիրառման են ենթակա տվյալ իրավիճակում։ Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29 հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Մեղադրյալի կողմից իր պարտականությունները չարամտորեն չկատարելու դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց, կամ կիրառված խափանման միջոցը կարող է փոխարինվել այլ` առավել պիտանի խափանման միջոցով»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116 հոդվածի համաձայն.
«1. Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը:
2.Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3.Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի համաձայն.
«1. Եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները, վարույթն իրականացնող մարմինն իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին:
(…)
3.Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում այլ՝ առավել պիտանի խափանման միջոց կիրառելու համար:
(…)»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: