Թրամփը հայտարարել է, որ Աշխարհի ակումբային առաջնության իրական գավաթը պահվում է Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ 2025 թվականի ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնության օրիգինալ գավաթը գտնվում է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։
Կիրակի օրը կայացած եզրափակչում Լոնդոնի «Չելսին» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Փարիզի ՊՍԺ-ի նկատմամբ։ Թրամփը ներկա է եղել մրցաշարի մրցանակաբաշխությանը և անձամբ մեդալներ է հանձնել երկու թիմերի խաղացողներին։
Թրամփը պատմել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն գավաթը ներկայացրել է Սպիտակ տանը դեռևս մարտ ամսին՝ Օվալաձև աշխատասենյակում կայացած միջոցառման ժամանակ։
«Նրանք ասացին․ «Կարո՞ղ է գավաթը մնալ այստեղ»։ Մենք այն տեղադրեցինք Օվալաձև աշխատասենյակում։ Հետո ես հարցրի՝ «Ե՞րբ եք վերցնելու գավաթը»։ Նա պատասխանեց՝ «Մենք երբեք չենք վերցնի։ Այն հավերժ կմնա Օվալաձև աշխատասենյակում։ Մենք նոր գավաթ կպատրաստենք»։ Իրոք, նրանք նոր գավաթ պատրաստեցին», — ասել է Թրամփը DAZN-ի հետ զրույցում։
Մամուլում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թրամփը, ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյի թույլտվությամբ, մրցանակաբաշխության ժամանակ մեկ ոսկե մեդալ դնում իր պիջակի գրպանը։