«Շատ հավանական է, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի մոտ ապագայում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի թյուրքական աշխարհի միջով միջանցքի բացմանը»․ Թուրքիայի դեսպան

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը։ Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով։
Նա ասել է, որ կարգավորման երկու գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում, ապա հիշեցրել, որ 2022 թվականին նշանակվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ։ Նաև հիշեցրել է, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը փակ է 1993 թվականից, իր խոսքով՝ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով»։
«Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին և Թուրքիային արևելքում և արևմուտքում, այս սահմանները փակ են։ Բոլորը կշահեն այս խաղաղությունից, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։ Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։ Եթե կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պայմանները կատարվեն, Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել համապատասխան ժամանակին՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում։ Սա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»,-ասել է դեսպանը։
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը նաև նշել է, որ մոտ ապագայում թուրք-ադրբեջանական հարաբերություններում Անկարայի հիմնական նպատակներն են՝ արագացնել ինտեգրումը Թյուրքական պետությունների կազմակերպությանը, ընդլայնել առևտրատնտեսական կապերը, ստորագրել կայուն խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև և բացել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները։
«Կարծում եմ՝ շատ հավանական է, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի մոտ ապագայում։ Որովհետև Զանգեզուրի միջանցքը ծառայում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերին։ Եթե ինտեգրման գործընթացը արագանա միջազգային և տարածաշրջանային մակարդակով, ապա Միջին միջանցքի շրջանակներում Չինաստանից Լոնդոն ցամաքային և երկաթուղային ուղիների, ինչպես նաև կարևոր նավթագազային խողովակաշարերի համար ավելի արագ և կարճ երթուղին հնարավոր կլինի միայն «Զանգեզուրի միջանցքի» բացման շնորհիվ»,-ասել է Բիրոլ Ակգյունը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում, «Զանգեզուրի միջանցքի» բացումը տեղի կունենա առաջիկա 1-2 տարիների ընթացքում։ Այդուհանդերձ, նա ասել է, որ հաղորդակցության բացման ճշգրիտ ամսաթիվ չի կարող ասել, դա, դեսպանի խոսքով՝ «ոչ ոք չի կարող ասել, քանի որ սա խաղ է բազմաթիվ խաղացողներով։ Նախևառաջ, որպես երկու անկախ պետություններ՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է որոշում կայացնեն այս հարցի վերաբերյալ»։
«Մեր կողմից մենք աջակցում ենք այս միջանցքի բացմանը և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առումով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը վերջ կդնի տարածաշրջանում ավելի քան 30 տարի շարունակվող լարվածությանը և կնպաստի թյուրքական աշխարհի միջով միջանցքի բացմանը։ Սա համապատասխանում է մեր ազգային շահերին և միևնույն ժամանակ օգտակար է բոլոր կողմերի համար։ Հետևաբար, մենք աջակցում ենք դրան»։