Պետությունը չպիտի մասնաբաժին ունենա այսպիսի ընկերություններում, հետևաբար այս հնարավոր գործարքը միայն ողջունելի է․Ֆանյան

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը սոցիալական ցանցում անդրադարձել է Կառավարության այսօրվա որոշմանը, ըստ որի կառավարությունը թույլատրել է Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։
Կառավարությունն իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքից կստանա 50 միլիոն դոլար։ Հայկազ Ֆանյանն այս գործարքի վերավերյալ գրել է․
Անցած տարի MTS-ն իր Հայաստանյան դուստր Viva Cell-MTS-ը կիպրական գրանցումով ընկերությանը վաճառել էր 209.1 մլն դոլարով, որից հետո կիպրական ընկերությունը ՀՀ-ին նվիրաբերել էր բաժնետոմսերի 20%-ը։
Այսօր կառավարության նիստում վաճառքի օպցիոնի պայմանագրի ստորագրման թույլտվություն տալու որոշման մեջ բաժնեմասերի 20%-ի գինը վաճառքի հնարավոր գործարքի դեպքում սահմանված էր $50 մլն, այսինքն ընկերության ընդհանուր արժեքը համարժեք է $250 մլն-ի։
Այս գործարքի կնքման անհրաժեշտության նախապատմությունը պարզ չի (ինչպես դիպուկ նշել էր Ֆիննախը), բայց շարունակում եմ համոզված լինել, որ պետությունը չպիտի մասնաբաժին ունենա այսպիսի ընկերություններում, հետևաբար այս հնարավոր գործարքը միայն ողջունելի է։
Հ․Գ․ Հայաստանի Հանրապետությունը 2025թ-ին 2 մլրդ դրամի շահաբաժին էր ստացել Վիվա Արմենիայից։