«Համոզված եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն քաջություն հաշտվելու։ Կշրջենք արյունահեղության էջը։ Բացում ենք խաղաղության, անվտանգության և տնտեսական համագործակցության էջը․Ալիևի և Փաշինյանի հայտարարությունները | Region

«Համոզված եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն քաջություն հաշտվելու։ Կշրջենք արյունահեղության էջը։ Բացում ենք խաղաղության, անվտանգության և տնտեսական համագործակցության էջը․Ալիևի և Փաշինյանի հայտարարությունները

Օգոստոս 09,2025 00:59

Մենք նոր պատմություն ենք գրում ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններում, մենք սկսում ենք նոր ուղի ռազմավարական գործընկերության ուղղությամբ։ Այս մասին այսօր Սպիտակ տանը հայտարարեց է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Նա նշեց, որ այս համագործակցությունը կարևոր ոլորտներ է ընդգրկում՝ փոխադարձ ներդրումներ, առևտուր, էներգետիկա, հաղորդակցություն, տարանցիկ անցում, պաշտպանական ոլորտ․«Ես շատ երախտապարտ եմ նախագահին, որ նա հենց այսօր հանեց սահմանափակումները, որոնք կիրառվել էին Ադրբեջանի նկատամամբ 1992 թվականին։ Սա օր է, որը կհիշվի Ադրբեջանի ժողովրդի կողմից՝ հպարտության և երախտագիտության զգացումով նախագահ Թրամփի հանդեպ՝ մեր երկրի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար»։

Ալիևը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կռվում էին, երկու շատ վատ պատերազմներ են եղել՝ բազմաթիվ զոհերով և եթե չլիներ նախագահ Թրամփն ու իր թիմը, հավանաբար Հայաստանն ու Ադրբեջանը կլինեին այդ անավարտ բանակցային գործընթացում։

«Պատմական նշանակության օր է։ Այսօր մենք խաղաղություն ենք հաստատում Կովկասում, որը նոր հնարավորություններ կբացի ոչ միայն մեր տարածաշրջանի համար, ինչպես նախագահ Թրամփն ասաց՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»,  որը նոր կապակցվածության ուղիներ կստեղխի, որը կվերացնի պատերն ու հաղորդակցության հնարավորություններ կստեղծի բազմաթիվ երկրենրի համար՝ ներդրումենրով, կայունությամբ»,-հայտարարեց Ալիևը։ Նա նաև հավելեց, որ «նախագահ Թրամփն է խաղաղություն բերում Կովկասում․ մենք շնորհակալ ենք դրա համար։ Համոզված եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն քաջություն և պատասխանատվություն հաշտվելու, ժողովուրդներն էլ կհաշտվեն Մենք կշրջենք արյունահեղության էջը, և պայծառ ապագա կապահովենք մեր երեխաների համար»:

Ալիևից հետո հայտարարություն արեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս բեկումնային առաջընթացը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության նկատմամբ նրա վճռական հանձնառության։

«Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց՝ այսօրվա համաձայնագրերը, որն անձամբ կստորագրի  նաև նախագահ Թրամփը, վստահություն և երաշխիք է տալիս առ այն, որ  «մենք Հարավային Կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության և տնտեսական համագործակցության էջը»։

ՀՀ վարչապետը շեշտեց՝   տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման համաձայնագիրը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության սկզբունքների հիման վրա։

Անդրադառնալով «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»-ը՝ TRIPP-ին, Փաշինյանն ասաց՝ Հայաստանը կաշխատի այն կյանքի կոչել, այն կբացի ռազմավարական հնարավորություններ, որոնք կբերեն երկարաժամկետ օգուտներ, այն կնպաստի ենթակառուցվածքային ներդրումներին, կխթանի տարածաշրջանային կապակցվածությունն ու կամրապնդի ԱՄՆ-ի՝  որպես հակամարտությունների լուծման կարևորագույն դերակատարի առաջատարությունը։

«Սա լրջագույն գործարք է մեր երկրների, տարածաշրջանի ու աշխարհի համար, քանի որ ավելի խաղաղ տարածաշրջանը նշանակում է ավելի խաղաղ աշխարհ», – հավելեց նա:

Հայտարարություններից հետո կողմերը ստորագրեցին հռչկագիրը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նորություններ