Լեռնային Ղարաբաղի հայերին հնարավորություն կտրվի՞ վերադառնալ․Սպիտակ տանը հնչած այս հարցը մնաց անպատասխան | Region

Լեռնային Ղարաբաղի հայերին հնարավորություն կտրվի՞ վերադառնալ․Սպիտակ տանը հնչած այս հարցը մնաց անպատասխան

Օգոստոս 09,2025 01:19

«Ես չեմ կարծում, թե նման բան տեղի կունենա։ Ես ասել եմ՝ մեծ խնդիրները լուծված են, և եթե փոքր խնդիր ունենան, կարող են զանգել, ես կլուծեմ։ Եթե խնդիր լինի, մենք կլուծենք»,-այս մասին այսօր Սպիտակ տանը «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ կլինե՞ն իրավական հետևանքներ, եթե կողմերից որևէ մեկը հետ կանգնի այսօր ձեռք բերված պայմանավորվածություններից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավելեց․« Մենք նախաստորագրել ենք Խաղաղության պայմանագիրը, որը բանակցվել է երկար ժամանակ։ Փաստը, որ այն նախաստորագրվում է այստեղ՝ աշխարհի թիվ մեկ մայրաքաղաքում, աշխարհի թիվ մեկ գրասենյակում, և ԱՄՆ մեծն նախագահի ներկայությամբ, նշանակում է, որ կասկած անգամ չպետք է լինի, որ կողմերից որևէ մեկը հետքայլ կկատարի։ Եթե մեզնից որևէ մեկը մտքներումս ունենայինք նման բան, չէինք գա այստեղ։ Համոզված եղեք, ինչպես նաև Ադրբեջանի հասարակությունը կարող է համոզված լինել, այն ինչ տեղի ունեցավ այստեղ, կհանգեցնի խաղաղության, հավերժ խաղաղության Կովկասում»:

Փաշինյանյան էլ հավելեց՝ ամբողջովին համաձայն եմ, ավելացնելու ոչինչ չունեմ։

Արդյոք Լեռնային Ղարաբաղի հայերին հնարավորություն կտրվի՞ վերադառնալ, այս հարցին Փաշինյանն ու Ալիևը չպատասխանեցին։ Հարցի երկրորդ հատվածը վերաբերում էր Դոնալդ Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի  ներկայացնելու մտադրությանը, սակայն Փաշինյանն ո Ալիեւը շրջանցեցին առաջին հարցը,  պատասխանեցին միայն Նոբելյան մրցանակի մասին հարցին։ Մթնոլորտը թեժացավ, Փաշինյանը խոսքը  փոխանցեց Ալիեւին, նա  ևս չանդրադարձավ Արցախի ժողովրդի ճակատագրին։

Ալիևը նաև հայտարարեց՝ այսօր մենք վերջ դրեցինք ԵԱՀԿ Մինսկի գործընթացին։ «Այն սկիզբ էր առել 1992թվականին, ԵԱՀԿ շրջանակում բանակցությունը շարունակվում էր երեք տասնամյակ առանց որեւէ արդյունքի։ Ուրիշ էլ ո՞վ է արժանի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ոչ նախագահ Թրամփը։ Նա վեց ամսում հրաշք է գործել»։

 

Նորություններ