Բարձր կատարողականով դպրոցները ֆինանսական խրախուսում կստանան

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Կառավարությունից տեղեկացնում են, որ սահմանվել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած:
Խրախուսման ենթակա հաստատությունների ցանկում չեն կարող ընդգրկվել այն հաստատությունները, որտեղ սովորում է ոչ պակաս, քան 50 աշակերտ: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունները մշակում են նորարարական, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցողները՝ բարելավման ծրագրեր: Ներկայացված ծրագրերն ուսումնասիրվում և գնահատվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից:
Ըստ կառավարության՝ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող հաստատություններին աջակցելու, ինչպես նաև ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, կրթության որակի փոփոխությանն ուղղված մեթոդական անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և դպրոցը՝ որպես սոցիալական դրական միջավայր ձևավորելու աշխատանքների իրականացմանն աջակցելու համար նախարարի հրամանով 2 տարի ժամկետով վերջիններիս կցվում են մենթոր հաստատություններ, որոնք նախարարի հրամանով հաստատված մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված՝ տվյալ տարածաշրջանի մենթոր դպրոցներն են կամ հանձնաժողովի որոշմամբ տվյալ տարածաշրջանի այլ դպրոցներ: Բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող և վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկը հաստատվում է Նախարարի հրամանով սահմանված հանձնաժողովի կողմից, յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 30-ը՝ Նախարարի հրամանով:
Յուրաքանչյուր տարի բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող հաստատությունների ցանկում ընդգրկվող հաստատությունների ընդհանուր թիվը առավելագույնը 40 է, որից բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 20-ը, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 30-ը: Նախարարի հրամանով բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում ընդգրկված հաստատությունները ֆինանսական խրախուսում ստանալուն հաջորդող 3 տարվա ընթացքում չեն կարող դիմել սույն որոշմամբ սահմանված մրցույթին: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների նորարարական ծրագրերում և ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների բարելավման ծրագրերում ֆինանսական միջոցները պետք է ծախսվեն միայն ընթացիկ (գործառնական) ծախսերի ուղղություններով և չեն կարող ուղղված լինել կապիտալ ծախսերին:
Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր տարի բարձր կատարողականի արդյունք ունեցող մինչև 20 հաստատությունների համար, ըստ ծրագրի, սահմանվում է ֆինանսական խրախուսում՝ ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը, որը տրվում է հաջորդող տարվա հունվար ամսին: Իսկ ցածր կատարողականի դեպքում՝ Հաստատության մշակած բարելավման ծրագրի ֆինանսական գնահատականի համաձայն հաստատությանը տրվում է ֆինանսավորում՝ վերջինիս տարեկան բյուջեի 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 5 մլն դրամը՝ յուրաքանչյուր տարվա համար: Ֆինանսական միջոցները կարող են ծախսվել ներկայացված բարելավման ծրագրով սահմանված գործողությունների իրականացման ուղղությամբ:
Որոշման ընդունման արդյունքում բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով վերջիններին աջակցելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում: Արդյունքում կներդրվի ազգային և միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթության որակի հավաստման և գնահատման վստահելի և օբյեկտիվ համակարգ՝ ներառելով ինչպես հստակ սահմանված վերջնարդյունքների, այնպես էլ՝ ուսումնառության միջավայրի, գործընթացի, որակի ապահովման գործող համակարգերի գնահատումը: Կձևավորվի համապատասխանության որակի հավաստման համակարգ: Կբացահայտվեն ուսումնական հաստատությունների կարիքները, կստեղծվի մրցակցային միջավայր, ինչն ավելի արդյունավետ կդարձնի վերջիններիս աշխատանքը՝ նպաստելով ուսման որակի արդյունավետության բարձրացմանը: