«Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի մի ընկերություն, որի բաժնետոմսերը կկիսվեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ անվտանգության ուժերի ներկայություն տարածաշրջանում․Կոստանյան

«Ես այստեղ եմ եկել ուղերձով, որ Հայաստանը հաշվի է առել Իրանի մտահոգությունները։ Այդ զգայուն հարցերը հաշվի են առնվել հաղորդակցությունների նախագծի շուրջ նախնական բանակցությունների ընթացքում, որը հայտնի է որպես «Թրամփի» նախագիծ»,- իրանական IRNA գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վաhան Կոստանյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամիփ միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերին ու դրանց ազդեցությանը Իրանի ու տարածաշրջանի վրա։
Կոստանյանը հայտարարել է՝ նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի մի ընկերություն, որի բաժնետոմսերը կկիսվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, հավելելով՝ « բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ անվտանգության ուժերը ներկա կլինեն տարածաշրջանում։ Սա է եղել իրանական կողմի հիմնական մտահոգություններից մեկը, և կարծում եմ՝ այն լուծվել է»։
Փոխնախարարի խոսքով․«Մեզ համար Իրան-Հայաստան սահմանի և դրա անցակետերի անխոչընդոտ գործունեությունը և ապրանքա-ուղևորահոսքի համար նախատեսված անցակետերը ռազմավարական նշանակություն ունեն, և մենք այս առումով խոչընդոտ չենք սպասում: Հաղորդուղիների բացումը, այդ թվում՝ երեք նոր նախագծերը, կիրականացվեն երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա, ինչն ինքնին ևս մեկ երաշխիք է»։
Հարցին՝ Հայաստանը չի՞ կիսում այն մտահոգությունը, որ ԱՄՆ ներկայությունն այս տարածաշրջանում կարող է հանգեցնել տարածաշրջանային տերությունների և Վաշինգտոնի միջև իշխանության համար պայքարի, Կոստանյանը պատասխանել է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը չպետք է հանգեցնի նոր աշխարհաքաղաքական սահմանափակումների, այլ պետք է ծառայի որպես աշխարհաքաղաքական ուժերի միջև վստահության ամրապնդման միջոց․«Գործնականում, Հայաստանում գրանցված ընկերության ամերիկյան բաժնեմասերը օգուտ կբերեն Միացյալ Նահանգներին, Իրանը կշահի Սև ծով մուտք գործելուց, և մենք կկարողանանք կապվել Ռուսաստանի հետ Ադրբեջանի երկաթուղային գծով: Մենք հույս ունենք, որ այս փոխադարձ տնտեսական փոխկախվածությունը կծառայի որպես համագործակցության կամուրջ, ոչ թե խոչընդոտ»:
Կոստանյանը նաև հավաստիացրել է, որ Թեհրանի և Երևանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա: