ՀՖՖ-ն հորդորում է շուկայից չգնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար | Region

ՀՖՖ-ն հորդորում է շուկայից չգնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար

Օգոստոս 18,2025 16:08

Հարգելի՛ երկրպագուներ,

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ:

Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7000 հայտի պահանջ:

Բնականաբար, շուրջ 463․000 երկրպագու կարող է բողոքել, որ չի կարողացել տոմս գնել:

Տոմսերի պաշտոնական վաճառքից դեռ ամիսներ առաջ համացանցում եղել են վաճառքի վերաբերյալ ՈՉ պաշտոնական հայտարարություններ, հիմա էլ ոմանք աստղաբաշխական գներով տոմսեր են վաճառում:

Վերավաճառողների դեմ պայքարելու համար ՀՖֆ-ին խորհուրդ էին տալիս հանդիպման տոմսերը վաճառել 100․000-200․000 դրամ, բայց ՀՖՖ ռազմավարության հիմնական ուղղություններից է ֆուտբոլը որպես սոցիալական երևույթ ընկալելը։ Բնականաբար, տոմսերի նման թանկացում չէր կարող լինել:

Տեղեկացնենք, որ 14․000 նստատեղով ստադիոնի մոտ 7․000 տոմս վաճառվել է շատ մատչելի՝ 1000-3000 դրամ: Շուկայում այժմ այս տոմսերը վաճառում են տասնապատիկ թանկ:

ՀՖՖ-ի վաճառած բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին: Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ: Այս դեպքում ևս կարող է լինել բողոքի մեծ ալիք, որի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի:

Հարգելի՛ ֆուտբոլասերներ,

ՀՖՖ-ն հորդորում է շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար: ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար: Վերավաճառողից տոմս չգնելով՝ կօգնենք, որպեսզի հետագայում հայկական ֆուտբոլից իսպառ վերանա այս բացասական երևույթը:

Նորություններ