Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն. Փաշինյան | Region

Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն. Փաշինյան

Օգոստոս 19,2025 14:58

Հայաստան-Իրան ներկայիս ամուր և փոխվստահելի գործընկեության հիմքում է Հայաստանի և Իրանի ժողովուրդների ամուր բարեկամությունը, որը պատվով է անցել ժամանակի փորձությունը և ինչ-որ առումով նաև փոխկապակցել մեր երկու ժողովուրդների պատմական ուղին: Այդ մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի՝ երկուստեք համաձայնել են, որ հասունացել է ժամանակը՝ աշխատանքներ իրականացնել՝ երկու երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի:

«Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր կառավարության առանցքային առաջնահերթություններից են: Այդ հարցում ՀՀ պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից:

Ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ-ն և ամբողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ: Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի:

Վերոնշյալի համատեքստում պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռկակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մանրամասները: Այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար:

Ես ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին՝ այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար»,- ասաց նա:

Փաշինանի խոսքով՝ Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով․«Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և դեպի Սև ծով: Սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Վստահ ենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պիտի ծառայի մեր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ ՀՀ-ով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը, ոչ թե որևէ երրորդ երկիր»։

 

Նորություններ