Եթե խաղաղության համաձայնագրում հակասություններ լինեն, ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ․Փաշինյան

Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ ստորագրված, հիմա՝ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ:
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց՝ այս պահին դրա մասին մտածելու անհրաժեշտություն և կարիք չկա․«Հիշեցնեմ,որ մենք ունենք նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ, և որպես ժամկետ ասել էի 2027 թվականը։ Մենք հիմա աշխատում ենք նոր Սահմանադրության վրա, երբ պատրատս լինի, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի, բայց դա որևէ կապ չունի զուգահեռաբար այս գործընթացի հետ։ Չնայած, ռազմավարական առումով՝ կարող է ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա»։
Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե ժողովուրդը դեմ կքվեարկի սահմանադրական փոփոխությանը՝ եթե պարզվի, որ դա որևէ ազդեցություն կունենա խաղաղության գործընթացի վրա:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջն առաջ է քաշում Ադրբեջանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունը «Հայաստանի տնային առաջադրանքն է, հենց դա կատարվի, պայմանագիրը կստորագրվի»: