Թուրքիայում վաղվանից մեկնարկում է Կարսից Նախիջևան երկաթուղու շինարարությունը | Region

Թուրքիայում վաղվանից մեկնարկում է Կարսից Նախիջևան երկաթուղու շինարարությունը

Օգոստոս 21,2025 17:21

Թուրքիայում վաղվանից սկսվում է Կարսից Նախիջևան երկաթուղու շինարարությունը։

Երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «224 կիլոմետր երկարությամբ Կարս-Իգդիր-Արալըկ-Դիլուջու երկաթուղային գիծը կծառայի որպես կարևորագույն օղակ «Զանգեզուրի միջանցքում»` բարձրացնելով բեռնափոխադրումների արդյունավետությունը Պեկինից մինչև Լոնդոն»։

Ուրալօղլուն ասել է, որ երկաթուղին ոչ միայն կամրապնդի ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Արևելյան Թուրքիայում, այլև կբարձրացնի երկրի լոգիստիկ կարողությունները և կամրապնդի դրա դերը որպես անվտանգ հանգույց դեպի Ասիա ձգվող առևտրային միջանցքներում։

Նախատեսված է, որ այս երկաթուղին կսպասարկի տարեկան 5.5 միլիոն ուղևոր, հնարավորություն է տալիս 15 միլիոն տոննա բեռ տեղափոխել։ Երկաթգծի կառուցման համար Թուրքիան 2.79 միլիարդ դոլար արտաքին ֆինանսավորում է ստացել։

«Այս գծով կհաստատվի ևս մեկ անխափան երկաթուղային կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,-ասել է թուրք նախարարը, հավելելով, որ «Նախագիծը հնարավորություն կտա Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի արտադրական ներուժին ավելի արագ հասնել միջազգային շուկաներ՝ միաժամանակ խթանելով զբոսաշրջության հնարավորությունները Միջերկրական ծովում»։

Նորություններ