Հայաստանն ու Իրաքը քննարկել են հայ֊իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքն ակտիվացնելու հարցը | Region

Հայաստանն ու Իրաքը քննարկել են հայ֊իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքն ակտիվացնելու հարցը

Փետրվար 27,2024 14:49

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներն ակտիվացնելու հարցը, որի հիմնական առաջադրանքը կլինի երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի ակտիվացումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊-ի թղթակիցը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։

«Հայաստանի և Իրաքի տնտեսության կառուցվածքները շատ մոտ են, ինչն ազդակ է համագործակցության և համատեղ աշխատանքի համար»,- նկատեց Իրաքի նախագահը։

Նա ընդգծեց Հայաստանի և Իրաքի հարաբերությունների բարեկամական բնույթը՝ նշելով, որ դա ամուր հիմք է փոխըմբռնման և փոխգործակցության զարգացման համար։

«Ես ընդգծել եմ երկու երկրների բարեկամական հարաբերությունները և սերտ կապերը՝ տարբեր ոլորտներում։ Այս գործոնները մղում են համատեղ աշխատանքի, որն ամուր հիմք կլինի փոխըմբռնման և հարաբերությունների զարգացման համար, ինչն էլ իր հերթին կծառայի երկու ժողովուրդների շահերին և կամրապնդի բարեկամությունը»,- ֊ասաց Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։

Իրաքի նախագահը նաև հույս հայտնեց, որ ՀՀ նախագահի հետ ունեցած քննարկումների արդյունքում Հայաստանի կողմից կվերացվի վիզային ռեժիմը իրաքցիների համար, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանը։

Նորություններ