ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը ձերբակալվել է

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը ձերբակալվել է։
Մամուլը գրում է, որ գիշերը Փարաքարում բերման է ենթարկվել ՔՊ-ական, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար նախկին նախարար, վերջերս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, որում եղել են Մկրտչյանն ու իր ընկերը, վերջինս, տեսնելով ոստիկաններին, անմիջապես փախուստի է դիմել, իսկ պայուսակում հայտնաբերվել են թմրանյութ և զենք։ ՆԳՆ խոսնակը հայտնել է, որ «2025թ. սեպտեմբերի 3-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։ Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Մեկ անձ ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։