Պորտուգալիայի հետ խաղից հետո վերականգնվելը և´ ֆիզիկապես, և´ հոգեբանորեն շատ դժվար է․Եղիշե Մելիքյան

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի Իռլանդիայի հավաքականի հետ վաղը սպասվելիք խաղից առաջ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադառնալով Պորտուգալիայի հետ խաղում կրած պարտությանը՝ 0:5 հաշվով, ասաց․«Պորտուգալիայի հետ խաղից հետո վերականգնվելը և´ ֆիզիկապես, և´ հոգեբանորեն շատ դժվար է: Պարտությունը միշտ իր հետքը թողնում է, որովհետև մենք Հայաստանի հավաքականն ենք, և պարտությունը, այն էլ խոշոր հաշվով, շատ է ազդում մեզ վրա»։
Համեմատելով Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքաններին, Եղիշե Մելիքյանը ասաց, որ այդ երկու թիմերը տարբեր են թե´ խաղաոճով, թե´ խաղամակարդակով, և առաջիկա խաղում դրական արդյունքի հասնելը ավելի իրատեական է, մեծ ցանկության և աշխատանքի դեպքում կարելի է հաջողել, չնայած ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ Իռլանդիան էլ բարձր մակարդակի թիմ է մեր հավաքանակի համար:
«Մենք ուսումնասիրել ենք Իռլանդիայի հավաքականի խաղը, պետք է գիտակցենք, թե ում հետ գործ ունենք: Նրանք ունեն ուժեղ կողմեր, բայց մենք էլ կարող ենք խաղալ այն ֆուտբոլը, որը իրենց համար դժվարություններ կստեղծի: Ունենք մեր պլանը, որը ներկայացրել ենք թիմին: Թե ինչքանով այն կաշխատի, կտեսնենք վաղը»,-հավելեց Մելիքյանը:
Հաջողության հասնելու համար, ինչպես ասաց Եղիշե Մելիքյանը, ժամանակ է պետք, և Պորտուգալիայի դեմ խաղում եղած սխալներն էլ մեծամասամբ պայմանավորված էին նրանով, որ ինքը չէր հասցրել թիմին լիովին փոխացել իր գաղափարները.«Մարդիկ տարիներ են ուզում, ինձ կես տարի, մաքսիմում մեկն է պետք, որպեսզի կարողանամ թիմում սերմանել իմ ուզած փիլիսոփայությունը: Բաց թողած գոլերի դրվագներում եղած անհատական սխալների պատճառը այն էր, որ ֆուտբոլիստների հետ աշխատելու քիչ ժամանակ ունեի»։
Հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանն էլ իր հերթին նշեց, որ առաջիկա խաղը մեր երկրի ու հավաքականի համար անչափ կարևոր է, և խաղացողները վստահ են, որ այս անգամ կարող են ուրախացնել երկրպագուներին: Ինչ վերաբերում է Պորտուգալիայի հավաքականից կրած պարտությանը, ասաց, որ չնայած արդյունքը բացասական էր, այն իրենց համար հսկայական փորձ էր.«Վերլուծել ենք մեր հաջորդ մրցակցին, ուսումնասիրել ենք ուժեղ ու թույլ կողմերը, բայց այստեղ այդ մասին խոսելը ճիշտ չի լինի»։
Դրական արդյունք գրանցելու համար, եզրային պաշտպանը ամենակարևոր գործոնը համարում է կայունությունը.«Հուսով եմ` գլխավոր մարզիչներ այլևս հաճախակի չեն փոխվի ու նույն մարզչի հետ կաշխատենք նվազագույնը մեկ տարի։ Վստահ եմ, որ այդ դեպքում դրական արդյունքները միանշանակ սպասեցնել չեն տա»։
Նիկոլ Մարգարյան