Հասմիկ Միքայելյան. «Մարդիկ մահանում էին ճանապարհին, չէին դիմանում սովին ու ցրտին, ողբերգությանը, մեքենաներ էին գլորվում ձորը։ Անցել է 2 տարի, արցախցի փախստականները գոյատևում են, չեն ապրում» | Region

Հասմիկ Միքայելյան. «Մարդիկ մահանում էին ճանապարհին, չէին դիմանում սովին ու ցրտին, ողբերգությանը, մեքենաներ էին գլորվում ձորը։ Անցել է 2 տարի, արցախցի փախստականները գոյատևում են, չեն ապրում»

Սեպտեմբեր 21,2025 15:05

Արցախի երկարատև՝ 9 ամիս տևած շրջափակումից հետո, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը դաժանորեն ռմբակոծեցին Ստեփանակերտը։ Այս լայնածավալ հարձակման արդյունքում 120,000 հայ բռնի տեղահանվեց Արցախից՝ իրենց բնօրրանից։

Արցախի Ազգային ժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է բռնի տեղահանության և պահանջատիրության օր։

Արցախի «Մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանը կարծում է, որ սեպտեմբերի 19-ը Արցախի հայ բնակչության ամենասարսափելի օրերից մեկն է, սեպտեմբերյան ողբերգությունը Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտմանն ուղղված երկարատև քաղաքականության գագաթնակետն էր։

Հասմիկ Միքայելյան

RegionsTV-ի հետ զրույցում Հասմիկ Միքայելյանն ասում է, որ շրջափակումը, հրետակոծությունը և ահաբեկչությունը անտանելի պայմաններ ստեղծեցին հայերի  համար, այդ ամենը շղթայի մաս էր կազմում, որը նպատակ ուներ հայերին վտարել իրենց պատմական հայրենիքից․« Հայերը պայքարում են իրենց իրավունքների, ազատության և անկախության համար՝ համաձայն միջազգային իրավունքի։ Ապա՝ Սումգաիթի ցեղասպանություն, Բաքվի ջարդեր ու կոտորածներ Ադրբեջանի տարբեր քաղաքներում, որտեղ ապրում էին հայեր։ Արցախցիների ողբերգությունը վերաճեց պատերազմի և գագաթնակետին հասավ զանգվածային բռնագաղթով՝ 120,000 հայերի բռնի տեղահանմամբ Արցախից դեպի Հայաստան։ Սա մեզ հիշեցնում է 1915 թվականի հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում»։

Նա դառնությամբ է հիշում՝ այդ ծանր, ողբերգական օրերին իր երկու թոռները եղել են առաջնագծում, իսկ որդին պատասխանատու պաշտոն է զբաղեցրել. «Մենք մի քանի օր փնտրեցինք իմ թոռնիկին՝ Տիգրանին, հետո իմացանք, որ նա հերոսի մահով է զոհվել, նրան գտանք առաջնագծում: Իմ երկրորդ թոռնիկին մահից փրկեցին Վանք գյուղի բնակիչները, ովքեր լավ գիտեին տարածքը, անտառները և գիտեին, թե ինչպես տարհանել մարդկանց: Իմ որդին նույնպես ծառայության մեջ էր, նա նույնպես ականատես է եղել այդ սարսափելի օրերին:  Տեղահանումից հետո որդիս գրեթե մեկ ամիս մնաց Արցախում, քանի որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մնացել էին այնտեղ՝ մնացած վիրավորներին փրկելու և զոհվածների մարմինները դուրս բերելու համար: Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի օգնեն զոհվածների ընտանիքներին գտնել իրենց կորած հարազատներին»:

Նա ամուսնու հետ պատահական տարբեր մեքենաներով հասել է Հայաստան, հարյուր հազարավոր արցախցիների հետ երկու օր ճանապարհին են եղել՝ առանց իրերի, առանց հացի, առանց ջրի՝ հազիվ հասելնելով Եռաբլուր՝ թոռան հուղարկավորությանը:

Ճանապարհին Հասմիկ Միքայելյանը ականատես է եղել սարսափների. «Մարդիկ մահանում էին՝ չկարողանալով դիմանալ ճանապարհին, սովին ու ցրտին, մարդկային ողբերգական կորուստներին, մեքենաները գլորվում էին ձորերը՝ վարորդների հոգեբանական ծանր վիճակի պատճառով նրանք կորցնում էին մեքենայի կառավարումը։ Մարդիկ, ով ինչպես կարողացել է արագ դուրս է եկել Արցախից, ոմանք տրակտորներով, ոմանք՝ կոմբայններով։ Ճանապարհին մարդիկ միմյանց օգնում էին ինչով կարող էին. ջրով, մի կտոր հացով, դեղորայքով»։

«Արցախի «Մայրություն» կազմակերպության նախագահը նկարագրում է Հայաստանում փախստականների դժվար կյանքը՝ ընդգծելով, որ նրանք պարզապես գոյատևում են, ոչ թե ապրում: Ուրախ պահերը, ինչպիսիք են հարսանիքներն ու ծննդյան օրերը, մի փոքր երջանկացնում են, բայց իրական երջանկություն ու ուրախաություն չկա վատ կենսապայմանների և ֆինանսական դժվարությունների պատճառով։

Տիկին Միքայելյանն ինքն էլ անհարմար կենսապայմանների պատճառով ստիպված է եղել 10 անգամ փոխել բնակության վայրը։

Նա կարծում է, որ արցախցիների ճակատագիրն անորոշ է, իսկ Արցախի ապագան մնում է հարցականի տակ։

«Մենք մեզ հուզող հարցերի պատասխանները չենք գտնում՝ որտեղ և ինչպես ապրել: Ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ էլ միջազգային հանրությունը չեն հետաքրքրվում փոքր, ազատասեր ժողովրդով, որը պարզապես ուզում է խաղաղ ապրել: Կառավարությունը չի հասկանում տարեցների, միայնակ, երիտասարդ և մեծ ընտանիքների, հիվանդների և հաշմանդամների ողբերգությունը: Այս լուրջ խնդիրը պետք է մտահոգի Հայաստանի ղեկավարներին»,-նշում է Միքայելյանն, ընդգծելով՝ անհրաժեշտ է պետական նպատակային ծրագիր, որը հաշվի կառնի յուրաքանչյուր փախստականի կարիքները։

Միքայելյանը կրկին հիշում է երկու տարի առաջվա սեպտեմբերյան օրերը, ասում է՝ արցախցիները հերոսաբար կատարեցին իրենց պարտականությունը, տասն անգամ ավելի քաջ էին, քան թշնամին, իսկ ուժերն անհավասար էին՝ թշնամին տասն անգամ գերազանցում էր տեխնիկայով և զորքով․ «Եթե մենք մնայինք, մեզ պարզապես կոչնչացնեին, կջնջեին երկրի երեսից։ Կարծում եմ՝ որևէ խելացի մարդ չի կարող մտածել, որ 120,000 արցախցիների ոչնչացումն ավելի իմաստուն կլիներ, քան անօգնական երեխաների, տարեցների և կանանց կյանքը փրկելը»։

Նա կարծում է, որ Հայաստանի կառավարությունը արժանի է ոչ միայն քննադատության, այլև քրեական հետապնդման, ՀՀ իշխանությունը պարտավոր է արցախցիներին պատասխան տալ մահերի համար, նրանց չպաշտպանելու համար,  նաև Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված պարտավորությունները չկատարելու համար։

«Մեր ժողովրդի ողբերգությունը ոչ միայն թշնամու հարձակումների, Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների քաղաքականության և ագրեսիայի հետևանք է, այլև՝ մեր ճակատագրի նկատմամբ Հայաստանի իշխանությունների անգործության, անգրագիտության, քաղաքականության և անտարբերության։ Այս կառավարությունը մեզ անհարգալից է վերաբերվում, նրանք վախենում են մեզանից և չեն սիրում։ Արդյունքում, այսօր մենք թափառում ենք տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում։ Ես կարծում եմ, որ ներկայիս կառավարությունն անկարող է որևէ բան փոխել դեպի լավը։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես դուրս գալ այս քաղաքական և սոցիալական ճգնաժամից», – ասում է Հասմիկ Միքայելյանը։

Մեր զրուցակիցը խոնարհվում է ոչ միայն հերոսաբար զոհվածներին, այլև, իր ձևակերպմամբ՝ մեր կենդանի հերոսներին, ովքեր ապրում են մեր մեջ՝ համեստորեն և դժվարին ժամանակներում։ Նրանք ապրում են հպարտությամբ, որովհետև չեն դավաճանել, չեն հանձնվել և ուժեղ են ոգով՝ երդվելով, որ կպայքարեն իրենց ապագայի համար, որովհետև ազատ ժողովուրդ են։

Նրա խոսքով՝  պատերազմը չի ավարտվել, նրանք պարզապես դադարեցրել են կրակոցները․«Օկուպացված Արցախում մեր նախապապերի, պապերի ստեղծածը ոչնչացնում են, մասունքները, քրիստոնեական, պատմական, մշակութային և հոգևոր արժեքները ոչնչացվում են։ Ես այն զգացողությունն ունեմ, որ ադրբեջանցիները վախենում են  Շուշիում, Մարտակերտում, Հադրութում և այլ շրջաններում գտնվող խաչերից ու հայկական արձանագրություններով գերեզմաններից։ Նրանք նույնիսկ վախենում են խաչքարերից, ուստի կոտրում և ոչնչացնում են դրանք։ Բարբարոսները ոչնչացնում են մեծ մարդկանց հուշարձաններն ու կիսանդրիները։ Ստեփանակերտում՝ իմ տան մոտ, կար ծովակալ Իսակովի հուշարձանը, որի կանգնեցմանը ես ականատես եղա։ Ինձ համար հատկապես թանկ էր Շուշիում գտնվող իմ մոր կողմից հեռավոր ազգականի՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։ Ես սա համարում եմ բարբարոսություն, որը նվաստացնում է մեր ժողովրդին և ազգին։ Բայց նրանք սխալվում են, եթե կարծում են, որ հուշարձանները ոչնչացնելով՝ կարող են ոչնչացնել մեր հիշողությունը»։

Հասմիկ Միքայելյանը վրդովված է, որ միջազգային հանրությունը չի հետաքրքրվում այն ​​ժողովուրդների և երկրների ճակատագրերով, որոնք իրենց համար ռազմավարական հետաքրքրություն չեն ներկայացնում, ուստի Արցախը, Սիրիան, Գազայի հատվածը և այլ ողբերգություններ դուրս են մարդասիրության և ՄԱԿ-ի իրավական նորմերի շրջանակից. «Մենք ինքներս պետք է լուծումներ գտնենք մեր ապագայի համար։ Եվ մեր ապագան այնտեղ է՝ Արցախում, որտեղ սկսվում է պատմությունը, որտեղ մեր կյանքն էր և պետք է լինի։ Մեր սրբազան պարտականությունն է հիշելը։ Մեր պարտականությունն է չմոռանալ մեր հերոսներին, մեր հայրերին ու պապերին, մեր Արցախը»։

Զաբելա Ավագյան

Նորություններ