Արամ Հարությունյան. Արցախի կորստից հետո հիմնախնդրի կարգավորման բոլոր առաջարկները հիմա թվում են ավելի ընդունելի, քանի որ մենք, ի վերջո, ստացանք ամենավատ տարբերակը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների տարբեր փուլերում առաջարկվել են տարբեր տարբերակներ։ Ըստ առկա տեղեկությունների՝ դրանցից ոչ մեկը չէր նախատեսում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում։ Իհարկե, այսօր, ԱՀ կորստից հետո, այս բոլոր առաջարկներն ավելի ընդունելի են թվում, քանի որ մենք, ի վերջո, ստացանք ամենավատ սցենարը։ Regions TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ բանակցային փաստաթղթերի գաղտնազերծումը հանրությանը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել իրադարձությունների մասին. «Վերջերս ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ամբողջ բանակցային գործընթացը գաղտնազերծելու հարցը։ Ես կարծում եմ, որ գաղտնազերծումից հետո բավարար տեղեկատվություն կլինի հասկանալու համար, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները իրականում գոյություն ունեին և արդյոք դրանք ընդունելի էին։ Առանց այդ ամենին հասանելիության, ցանկացած հայտարարություն և գնահատական մնում է ընդամենը ենթադրություն»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պարբերաբար պնդում է, որ 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խումբը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի լուծման փայլուն առաջարկ։ Նա Փաշինյանին մեղադրում է, որ վերջինս հանրությունից գաղտնի է պահում այդ առաջարկը։
Զուրաբյանը պնդում է, որ «2019-ին առաջարկվում էր վերադարձնել հինգ շրջանները, իսկ Լաչինի և Քելբաջարի ոչ միջանցքային հատվածները՝ միայն այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքում որոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Լաչինը և Քելբաջարը, մնում էին հայկական վերահսկողության տակ այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը համաձայներ մի կարգավիճակի, որը ընդունելի կլիներ և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի համար: Սրանից էլ լավ ծրագի՞ր»։
«Ես որևէ տեղեկություն չունեմ այս հայտարարության վերաբերյալ։ Ամեն դեպքում, արցախցի խորհրդարանականներին որևէ առաջարկ չի ներկայացվել»,-վստահեցրեց Արամ Հարությունյանը՝ մեկնաբանելով Լևոն Զուրաբյանի հայտարարությունը։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն օրերս խորհրդարանում անդրադառնալով Լևոն Զուրաբյանի մեղադրանքներին, ասել է, որ այն բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնված են եղել Մադրիդյան սկզբունքների վրա, եղել են հետևյալի մասին՝ Ադրբեջանին են հանձնվում 5 կամ 5+ 2, կամ 7 շրջանները, ուրիշ ոչ մի բան․«Այսինքն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անդրադարձ չի լինում, իսկ իրականում Մադրիդյան սկզբունքներից բխում է, որ դրանից հետո ակնհայտ է այդ կարգավիճակի հետ ինչ էր լինելու, Ադրբեջանի կազմ էր լինելու։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն է և դա ճիշտ մեկնաբանություն է»։
Ռուբինյանի այն պնդմանը, որ Մադրիդյան սկզբունքները ԼՂ-ի համար կոնկրետ կարգավիճակ չէին առաջարկում, Արամ Հարությունյանն այսպես արձագանքեց՝ Մադրիդյան սկզբունքները վաղուց հրապարակված փաստաթուղթ են․ «Այն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի նախագիծ է, որն առաջարկվել է Մինսկի խմբի համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Ամփոփելով այնտեղ առաջարկված ամեն ինչ՝ ես կառանձնացնեի հետևյալ կետերը՝
ա) տարածքների վերադարձ՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ԼՂ հարակից շրջանների աստիճանական վերադարձ Ադրբեջանին (բացառությամբ Լաչինի միջանցքի),
բ) ժամանակավոր կարգավիճակ՝ ԼՂ-ի համար ժամանակավոր կարգավիճակի ապահովում, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիք,
գ) ապագա վերջնական կարգավիճակ՝ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշում՝ հանրաքվեի կամ կողմերի միջև համաձայնեցված նմանատիպ մեխանիզմի միջոցով,
դ) Լաչինի միջանցք՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի գործունեության ապահովում,
դ) փախստականների և տեղահանված անձանց վերադարձ՝ բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքի ապահովմամբ
ե) միջազգային անվտանգության երաշխիքներ՝ ներառյալ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում»։
Մադրիդյան սկզբունքներն, ինչպես նկատեց Հարությունյանը, պաշտոնական փաստաթուղթ է, ուստի այն ավելի քան իրատեսական է։
«Որքան ես գիտեմ, երկու կողմերն էլ իրենց գինն ունեին, բայց աստիճանաբար, երկու կողմերն էլ հրաժարվեցին փոխզիջումներից, ինչի պատճառով էլ գործընթացը փակուղի մտավ։ Կրկնեմ՝ ի վերջո մենք ստացանք հնարավոր ամենավատ տարբերակը»,-ընդգծեց Արցախի ԱԺ պատգամավորը։
Արամ Հարությունյանն անդրադարձավ նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի ղեկավարության հետ հանդիպմանը, որտեղ նա Արցախի ղեկավարությանն առաջարկել է գնալ փոծզիջումների․«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ Արցախի ղեկավարությանը նմանատիպ առաջարկներ ներկայացնելուն, և որ դրանք մերժվեցին, ապա դա 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցած հայտնի հանդիպումն էր, երբ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Արցախի խորհրդարանում, և այդ հարցի շուրջ բազմիցս քննարկումներ եղան։ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ խորհրդարանում և ասաց, որ պետք է կոնկրետ զիջումներ անել, բայց այդ առաջարկը, խոսակցությունն այդպես էլ մինչև վերջ չտարան»։
Զաբելա Ավագյան