Ինչո՞ւ իշխանությունը չի հրապարակում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ 2019-ի առաջարկները․Ռուբինյանը պնդում է՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա բոլոր փաստաթղթերում ԼՂ կարգավիճակին անդրադարձ չկա | Region

Ինչո՞ւ իշխանությունը չի հրապարակում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ 2019-ի առաջարկները․Ռուբինյանը պնդում է՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա բոլոր փաստաթղթերում ԼՂ կարգավիճակին անդրադարձ չկա

Սեպտեմբեր 26,2025 16:57

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԱԿ փոխնախագահի հայտարարությանը, ըստ որի՝ «2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խումբը երկու անգամ Փաշինյանի սեղանին է դրել կարգավորման պլան, որով մենք 5 շրջանը հանձնում էինք, իսկ Լաչինն ու Քելբաջարը պահպանում էինք այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը համաձայներ մեզ համար ընդունելի Արցախի կարգավիճակի»: Ընդ որում, Զուրաբյանը պնդում է, որ իշխանությունը հանրությունից թաքցնում է, որ ԼՂ հիմնախնդրի լուծման նման առաջարկ է եղել, և եթե Փաշինյանը հրապարակի այդ փաստաթուղթը, այլևս կարիք ու թեմա չի լինի նախկին նախագահի ու վարչապետի բանավիճելու համար։

Ռուբինյանն այս առնչությամբ ասաց․«Եթե դա է իր տրամաբանությունը, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը այդ բանավեճը փակել է ու բացահայտել բոլոր փաստաթղթերի բովանդակությունը 1997 թվականից սկսած։ Որովհետև 2012 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին ու քննադատելով դրանք, բառացի ասել է, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում են միայն մեկ բան՝ քանի որ Մադրիդյան սկզբունքներում տարածքային ամբողջականության սկզբունքը դրված է ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ միասին, այս երկու սկզբունքների միատեղումը կարող է նշանակել միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, որպես ավտոնոմիա, ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Ի դեպ, ինչ նա ասել է, ճիշտ է ասել»։

Նրա խոսքով՝ Տեր-Պետրոսյանը դեռևս 2012 թվականին նշել է՝ Մադրիդյան սկզբունքները ենթադրել են Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի կազմում․« Հիշեցնում եմ, որ Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո բոլոր բանակցային փաստաթղթերը հիմնված են եղել հենց այդ սկզբունքների վրա։ Բանավեճի ամբողջ թեման բացվել էր, երբ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ 1994 թվականից սկսած ամբողջ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ ընդգրկելու մասին, ինչն էլ պահանջում էր ապացուցել»։

Թե ինչո՞ւ ԱԳՆ–ն պաշտոնապես չի հրապարակում  2019 թվականի առաջարկը, ընդ որում «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն էլ այսօր նման պահանջ է ներկայացրել, Ռուբինյանն ասաց. «Իշխան Սաղաթելյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը շատ նման են միմյանց ամեն ինչով, հատկապես ինտելեկտուալ մակարդակով»։

Ապա ԱԺ փոխնախագահն ասաց՝ հայտարարվել է, որ որևէ քաղաքական կաշկանդվածություն չկա, բայց այդ փաստաթղթերը միայն Հայաստանի փաստաթղթերը չեն․«Երկրորդը, եթե չեմ սխալվում, վարչապետը ժամանակին նշել է, որ հանձնարարել է ԱԳՆ–ին նախ իմի բերել փաստաթղթերը և գնահատել պատեհությունը դրանք հրապարակելու։ Իրականում 2019 թվականի փաստաթղթերի վերաբերյալ գաղտնիք էլ չկա։ Այդ փաստաթղթերը եղել են Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին բանակցային իրավիճակի ամփոփումը»։

Ռուբինյանի ներկայացմամբ՝ այն բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնված են եղել Մադրիդյան սկզբունքների վրա, եղել են հետևյալի մասին՝ Ադրբեջանին են հանձնվում 5 կամ 5+ 2, կամ 7 շրջանները, ուրիշ ոչ մի բան․«Այսինքն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անդրադարձ չի լինում, իսկ իրականում Մադրիդյան սկզբունքներից բխում է, որ դրանից հետո ակնհայտ է այդ կարգավիճակի հետ ինչ էր լինելու, Ադրբեջանի կազմ էր լինելու։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն է և դա ճիշտ մեկնաբանություն է»։

ԱԺ փոխխոսնակը պնդեց՝  երբևէ որևէ փաստաթղթում հանրաքվեի մասին չի եղել այնպիսի ձևակերպում, որն «աներկբա կնշանակեր, որ հանրաքվեն լինելու է այսպես և այդ հանրաքվեի արդյունքում լինելու է կամ այսպես կամ այնպես։ Ես կոնկրետ մի փաստաթղթի մասին չեմ ասում, բայց, օրինակ, եղել են ձևակերպումներ, որոնք կարելի է եղել մեկնաբանել որպես հանրաքվե ամբողջ Ադրբեջանի տարածքում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում»։

Իշխան Սաղաթելյանն էլ այսօր պնդել է, թե 2019-ի փաստաթուղթը ԼՂ հիմնախնդրի կարգավորման շատ ավելի  շահեկան պայմաններ էր առաջարկում, սակայն  իշխանությունը դավադրաբար հրաժարվել է դրանից։ Այս առնչությամբ էլ  Ռուբինյանն ասաց. «Մենք մեր իշխանության օրոք չենք մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ առաջարկ, հետևաբար ամեն ինչ, որ ասվում է սրան հակառակ սուտ է»։

 

Նորություններ