«Անմիջապես իրականացնել լիարժեք, անկախ և թափանցիկ քննություն՝ պարզելու Այշաթ Բայմուրադովայի մահվան բոլոր հանգամանքները»․հայտարարություն | Region

«Անմիջապես իրականացնել լիարժեք, անկախ և թափանցիկ քննություն՝ պարզելու Այշաթ Բայմուրադովայի մահվան բոլոր հանգամանքները»․հայտարարություն

Հոկտեմբեր 20,2025 19:55

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն է  տարածել Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով փախած, օրերս Հայաստանում մահացած գտած Այշաթ Բայմուրադովայի վերաբերյալ։

«Մենք՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», խորը վշտով տեղեկացանք մեդիայի հրապարակումներից, որ Հայաստանում սպանվել է 23-ամյա Այշաթ Բայմուրադովան՝ Չեչնիայից ընտանեկան բռնությունից փախած և այստեղ ապաստան գտած երիտասարդ կին։

Այշաթը Հայաստան էր եկել՝ փրկվելով ընտանեկան բռնությունից և հետապնդումից, սակայն սպանվել է այն երկրում, որտեղ պետք է գտներ անվտանգություն: Նման դեպքերը եզակի չեն և մեկ անգամ ևս մատնանշում են գենդերային բռնության արմատների ու տարածվածության մասին։

Փաստացի ավտորիտար ռեժիմների ազդեցությունն այնպիսինն է, որ նրանց ներկայացուցիչները կարողանում են հասնել իրենց նպատակին նույնիսկ Հայաստանի տարածքում՝ գործի դնելով իրենց լծակներն ու ազդեցության մեխանիզմները՝ ի վերջո զրկելով երիտասարդ կնոջը կյանքից։

Մենք պահանջում ենք՝

Անմիջապես իրականացնել լիարժեք, անկախ և թափանցիկ քննություն՝ պարզելու Այշաթ Բայմուրադովայի մահվան բոլոր հանգամանքները։

Հստակ գնահատել այլ երկրներից գենդերային բռնության ենթարկված դեպքերին պետական մարմինների արձագանքման գործելակարգերը և արձագանքելու ընթացակարգերը:

Այշաթի սպանությունը ցավալի հիշեցում է, որ բռնությունից փախչող կանայք դեռևս ամբողջությամբ ապահով չեն՝ անգամ այն վայրերում, որտեղ նրանք փնտրում են պաշտպանություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիեցնենք, որ այսօր ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ հոկտեմբերի 19-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Նշված վայր են մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշաթ Բայմուրադովան է։

Դեպքի օրը՝ հոկտեմբերի 15-ին, ինչպես պատմել է Այշաթի ընկերներից մեկը, նա հյուր է գնացել Ինստագրամի միջոցով ծանոթացած մի աղջկա, որը նշել էր, թե իբրր թե ինքն էլ է Չեչնիայից, սակայն այդ աղջիկը կարծես կեղծ օգտատեր էր։ Նա Այշաթին հրավիրել էր իր վարձակալած բնակարան։ «Դատելով տեղի ունեցածից՝ դա ծուղակ էր»,-ասել է Այշաթի ծանոթը Հոկտեմբերի 15-ից Այշաթը կապի դուրս չի եկել։

Իրավապահները հայտնել են, որ նշանակվել են փորձաքննություններ, սակայն առայժմ հայտնի չէ՝ արդյոք 23-ամյա կնոջ մարմնի վրա բռնության հետքեր եղել են, թե՝ ոչ։

 

 

 

Նորություններ