7 շրջանների հարցը գրեթե միշտ բանակցությունների սեղանին է եղել, երբեք չի եղել դեպք, որ բոլոր կողմերը համաձայնության գային. Արցախի նախկին փոխարտգործնախարար | Region

7 շրջանների հարցը գրեթե միշտ բանակցությունների սեղանին է եղել, երբեք չի եղել դեպք, որ բոլոր կողմերը համաձայնության գային. Արցախի նախկին փոխարտգործնախարար

Դեկտեմբեր 06,2025 17:15

«Ցանկացած փաստաթուղթ, ցանկացած առաջարկ չի կարող փաստաթուղթ անվանվել, քանի որ դրանք չեն ընդունվել։ Դրանք ավելի շատ նման էին հռչակագրերի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր պահերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են տարբեր տարբերակներ՝ կախված իրավիճակից և կողմերի ցանկություններից։ Նրանք քննարկել են այդ առաջարկները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կառավարությունների հետ, ապա մեկնել են Ստեփանակերտ՝  ԼՂ տեսակետն իմանալու համար, ինչպես նաև Ադրբեջանի տեսակետը քննարկելու համար։ Այլ կերպ ասած՝ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում էին իմանալ, թե ինչին է համաձայնվելու Ստեփանակերտը»,-այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից հրապարակած ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերին։

Նա նկատեց՝ իրական բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում, և փաստաթղթերի բովանդակությունը հայտնի է եղել բանակցային գործընթացին ներգրավված որոշ անձանց։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունը իր կայքում հրապարակել է «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի փաստաթղթերը».

Հրապարակված փաստաթղթերի թվում են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները (2016–2019), վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթները խորհրդարանում, Կրակովի փաստաթուղթը, Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, ԵԱՀԿ Մինսկի խմբի 2016 թվականի առաջարկները, Ռուսաստանի փաթեթային առաջարկները, Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, Մեղրի-Ղարաբաղ փոխանակման տարբերակը։

Հրապարակված փաստաթղթերն ու ինքնին փաստաթղթերի հրապարակումը բուռն քննարկումների տեղիք տվեցին, որոշ փորձագետներ նկատեցին, որ փաստաթղթերն ամբողջական  չեն, օրինակ չկա այսպես կոչված Քի Վեսթի փաստաթուղթը, չկա  նաև Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակի՝ Հայաստանի տված պաշտոնական պատասխանը: Ընդդիմադիրները  վերահստատեցին իրենց մեղադրանքները, թե Փաշինյանը 2019-ին հիմնախնդիրը լուծելու առաջարկ է ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբից, սակայն չի ընդունել այն։

Նշենք, որ 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներով, որն ըստ էության փաթեթային լուծում էր, նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները՝ պայմանով, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը պահպանվի։ Առաջին փուլում նախատեսվում էր միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո 5 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրաիլի, Զանգելանի, Կուբատլուի վերադարձ Ադրբեջանին: Քելբաջարն ու Լաչինը պետք է մնային ԵԱՀԿ-ի դիտարկման ներքո:

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

Իշխանությունը սակայն պնդում է, թե սա նոր բան չէ, և հրապարակված փաստաթուղթը՝ 2019-ի վերաբերյալ, ոչ թե առաջարկ է, այլ պարզապես փաստաթղթերի սեղմագիրն է․«Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը գնահատման փուլում է եղել»։

Արմինե Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԼՂ հարցի լուծման տարբեր առաջարկներ կային․«Բայց մենք չենք կարող ասել, որ համաձայնել ենք այս կամ այն ​​առաջարկին: Մինչև այս փաստաթղթերը չստորագրվեն, դրանք չեն համարվում ընդունված: Եվ մենք չենք կարող ասել, որ Հայաստանը համաձայնել է դրան, թե ոչ: Նույնիսկ այս փաստաթղթերը քննարկվել են փուլերով, որոշակի կետեր անընդհատ փոփոխվելով՝ մի կողմի պահանջները բավարարելու համար: Այդ պահանջները հետո փոխանցվել են մյուս կողմին միջնորդների միջոցով։  Հետևաբար, ես կարծում եմ, որ քննարկվել են տարբեր առաջարկներ, և դրանք բոլորը պարզապես առաջարկներ են եղել»։

Ալեքսանյանը նաև նշեց, որ յոթ շրջանների հարցը գրեթե միշտ սեղանին է եղել բանակցությունների ժամանակ, քննարկվել է նաև Լաչինի միջանցքը, որպեսզի Հայաստանի հետ կապն ապահովվի․«Բայց բանակցությունների ընթացքում երբեք չի եղել դեպք, որ բոլոր երեք կողմերը, կամ նույնիսկ երկու կողմերը համաձայնության գային: Հետևաբար, այս փաստաթղթերը մնացին ընդամենը քննարկման այլընտրանքային տարբերակներ, քանի որ անկախ նրանից, թե ինչ էին առաջարկում միջնորդները, քաղաքական կամք չկար, ինչը լուրջ խոչընդոտ էր։ Նույնիսկ որոշ կետերի շուրջ կոնսենսուսի դեպքում հակամարտության կողմերը պատրաստ չէին գնալ անհրաժեշտ զիջումների»։ Նրա ներկայացմամբ՝ ամեն կողմ իր դիրքորոշումն էր ներկայացնում, բայց ոչ ոք համաձայն չէր, երեք, նույնիսկ երկու կողմերը համաձայն չէին լինում։

Նա վստահեցրեց, որ որոշակի հույսեր կային Քի Վեսթի համաձայնագիրը, որը կկնքվեր, եթե Ադրբեջանը համաձայնվեր․«Հեյդար Ալիևի օրոք նրանք գրեթե համաձայնվել էին, Ռոբերտ Քոչարյանն ու Ալիևը հանդիպել էին ԱՄՆ-ի Քի Վեսթ քաղաքում։ Ադրբեջան վերադառնալուց հետո նա ասաց, որ չի կարող համաձայնվել դրան, քանի որ իր ժողովուրդը չի ընդունում այն։ Նույնը տեղի ունեցավ Կազանի գագաթնաժողովում։ Կրկին, Ադրբեջանը գրեթե համաձայն էր, հետո հրաժարվեց»։

Ալեքսանյանն ընդգծեց, որ բանակցային գործընթացում կայն հուսադրող երկու կետեր, և թվում էր, թե հակամարտության որոշակի լուծում կարող է ընդունելի լինել, բայց այնուամենայնիվ, դրանք բոլորն էլ, իր խոսքով՝ այլընտրանքներ էին, քննարկման համար աաջարկներ․«Սկզբունքային համաձայնություն կար, այն էլ ոչ 100 տոկոսով, բայց տարբերակները որպես մեկնարկային կետ ընդունելի էին երկու կողմերի համար, ու կար համաձայնություն, թե ինչպես էին դրանք իրականացնելու։   Ադրբեջանը սակայն, Քի Վեսթից հետո Կազանում հրաժարվեց։ 2019 թվականին Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկները ավելի բարենպաստ էին հայկական կողմի համար, քան ներկայիս պայմանները։ Այնուհետև, Հայաստանի իշխանությունը բանակցությունները սկսվեց նոր կետից։ Անհերքելի է, որ 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկները ավելի լավն էին, քան այն, ինչ մենք ունենք հիմա։ Մենք հասել ենք նրան, ինչին հասել ենք, և մենք քննարկել ենք այն, ինչ քննարկել ենք, և մենք համաձայնության ենք եկել այն բանի հետ, ինչ ունենք այսօր»։

Ալեքսանյանը չմանրամասնեց այդ առաջարկների կոնկրետ կետերը, բայց նշեց, որ դրանք ավելի մեծ հնարավորություններ են առաջարկում հակամարտության արդար և արդարացի լուծման հասնելու համար։

Մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, որ ԼՂ հարցը լուծվել է 1996 թվականին, բայց ոչ ոք մեզ դրա մասին չի ասել, Արմինե Ալեքսանյանը նշեց, որ «եթե այն լուծված լիներ, մենք կիմանայինք։ Եթե խնդիրը լուծվել է 1996 թվականին, ինչո՞ւ են բանակցությունները շարունակվել ու ի՞նչ խնդիր լուծելու համար։ Դրանում տրամաբանություն չկա։ Եթե այն լուծված լիներ, կլիներ Լեռնային Ղարաբաղը, բայց այսօր Արցախ չկա։ Եթե այն լուծված լիներ, մենք այս իրավիճակում չէինք լինի»։

Զաբելա Ավագյան

Նորություններ