Վավերագրողները՝ Արցախից. Քրիստինե Խանումյան | Region

Վավերագրողները՝ Արցախից. Քրիստինե Խանումյան

Մարտ 11,2024 16:36

Regions TV -ն սկսում է շարք, որի շրջանակներում արցախցի լրագրողները, ովքեր դարձան աղետալի իրադարձությունների վավերագրողները, պատմում են տեղի ունեցած իրադարձությունների մասին. բանակցային տապալված գործընթաց, բլոկադա, պատերազմ, բռնի տեղահանում եւ հիմա արդեն շուրջ հարյուր հազար փախստականի խնդիրներ: Ո՞վ, եթե ոչ Արցախում աշխատած լրագրողները ավելի խորքային կներկայացնեն այն ամենը, ինչ վավերագրել են:

«Վավերագրողները՝ Արցախից» շարքի առաջին հերոսը լրագրող Քրիստինե Խանումյանն է: Քրիստինեն, ով տարիներ շարունակ ուսումնասիրել եւ գրել է արցախյան հակամարտության, բանակցային գործընթացի մասին, հիմա ավելի շատ ոչ թե գրում է, այլ ասեղնագործում:

Ինչու՞ որոշեց գրիչը դնել ու ձեռքը վերցնել ասեղը: «Ոնց որ մահախոսական գրեմ հիմա: Հիմա հետահայաց, ինչ-որ բաներ եմ բացահայտում, բայց այդ պրոցեսը էլ չկա…»:

Տարածված է ախտ՝ իրողություններից խուսափելու եւ պատասխանատվություն չվերցնելու: Ասում է Քրիստինեն: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ կրկին տարբեր շրջանակներ մարդկանց կերակրում են սին հույսերով, երբ հայրենիքի կորստից ու հազարավոր զոհերից հետո կրկին դասեր չեն քաղվում: Բլոկադայի ծանր օրերի եւ դրան հաջորդած սեպտեմբերյան աղետի ժամանակ Քրիստինեն Արցախում էր: Երբ ամեն ինչ հուշում էր վերահաս վտանգի մասին, Արցախի իշխանությունները շարունակում էին խոսել ինքնորոշման իրավունքի մասին: Մինչդեռ պարզ էր՝ համընդհանուր էվակուացիայի մասին էր պետք մտածել սպասվող աղետը կանխելու համար…

Գաղթի ճանապարհը մենք՝ Հայաստանում աշխատող լրագրողներս տեսել ենք Կոռնիձորի հատվածից: Իսկ ինչ տեսան Արցախում գտնվող մեր գործընկերները, ինչ ճանապարհ անցան նրանք.. Լրագրողն ասում է՝ դժվար է նկարագրել այն ապրումները, որոնք ունեցել են: Չնայած դրան, չի փոշմանում, որ մինչեւ վերջին պահը մնացել է Արցախում: Այլ տարբեակ լինել չէր կարող: Հարազատների հետ նեղությունը կիսելը ավելի հեշտ էր, քան հեռվից նայելը…

Նորություններ