ԱՄՆ սենատորների նոր բանաձևը – Ադրբեջանի իշխանությունների կեղծ մեղադրանքները | Region

ԱՄՆ սենատորների նոր բանաձևը – Ադրբեջանի իշխանությունների կեղծ մեղադրանքները

Մարտ 27,2024 15:05

ԱՄՆ սենատորների նոր բանաձևը՝ ի պաշտպանություն Գուբադ Իբադօղլուի.  

ԵԽԽՎն դադարեցրել է ադրբեջանական պատվիրակության լիազորությունները մարդու իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով.

Ադրբեջանում այնպիսի քաղաքական միջավայր է ստեղծվել, որ մարդկանց ձերբակալում, սպառնում և ճնշում են ցանկացած այլ կարծիքի, ցանկացած դժգոհության, անգամ Facebook-ում և սոցիալական ցանցերում հնչեցրած կարծիքների համար: Վերջին շրջանում Ադրբեջանում հաճախակիացել են ձերբակալությունները, որոնք կիրառվում են որպես քաղաքական ճնշման միջոց: Գուբադ Իբադօղլուն քաղաքական դրդապատճառներով ոչ առաջին, ոչ էլ վերջին ձերբակալվածն է։  2023 թվականի հուլիսի 23-ին Ադրբեջանի իշխանությունները նրան ձերբակալել են կազմակերպված հանցախմբի կազմում կեղծ փողեր պատրաստելու, գնելու և վաճառելու մեղադրանքով։  Ավելի ուշ իշխանությունները «ծայրահեղականության» մեղադրանք են ավելացրել։ Նրա ձերբակալությունն ու հետապնդումը բացահայտ բռնաճնշում է կառավարությանը քննադատելու, ինչպես նաև քաղաքական և հասարակական գործունեության համար:

Իբադօղլուն հայտնի տնտեսագետ է։  Երկար տարիներ ղեկավարել է «Տնտեսական հետազոտությունների կենտրոնը», որը զբաղվում է պետական ֆինանսների կառավարման եւ բյուջեի թափանցիկության ուսումնասիրությամբ: 2014 թվականին Ադրբեջանի իշխանությունները սառեցրել էին խմբի բանկային հաշիվները և փակել այն։  Դրանից հետո Իբադօղլուն հարկադիր միգրացիայի մեջ է հայտնվել Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ դասավանդել է հեղինակավոր համալսարաններում, աշխատել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։ Նա կարճ ժամանակով վերադարձել էր երկիր 2021 և 2023 թվականներին։

Իբադօղլուն վերջին տարիներին կտրուկ քննադատության է ենթարկում կառավարությանը։ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլիի և վտարանդի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովի հետ միասին նա ստեղծել էհիմնադրամ, որը պետք է ֆինանսավորեր ադրբեջանցի ուսանողների ուսումը արևմտյան համալսարաններում։  2023 թվականի հուլիսի 23-ին ձերբակալված քաղաքական գործչի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է։

ԱՄՆ մի խումբ սենատորներ մարտի 24-ին Սենատ են ներկայացրել նոր բանաձև, որով պահանջում են ադրբեջանական բանտից անհապաղ ազատ արձակել դոկտոր Գուբադ Իբադօղլուին: Իսկ մինչ այդ՝ փետրվարի 14-ին, Կոնգրեսը հրապարակեց «Իբադօղլուի բանաձևի» իր տարբերակը։  Սենատորների խոսքով՝ գիտնական Գուբադ Իբադօղլուն կեղծ մեղադրվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից բազմաթիվ հանցավոր արարքների համար՝ առանց որեւէ ապացույցի, եւ մինչ օրս սպասում է դատավարությանը Բաքվի մեկուսարանում՝ ծայրահեղ վատ պայմաններում: «Պետդեպարտամենտը և Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև ԱՄՆ ակադեմիական հաստատությունները և հեղինակավոր միջազգային կազմակերպությունները մտահոգություն են հայտնել դոկտոր Իբադօղլուի առողջական վիճակի վերաբերյալ և պահանջել անհապաղ ազատ արձակել նրան»,-ասվում է բանաձևում: Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կառավարությանը՝ ապօրինի ձերբակալությունների և ազատությունների ճնշման համար, ու կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Եվրախորհրդարանը և այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ բազմիցս ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, պահանջում են ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստներին, որոնք ապօրինի ազատազրկվել են Ադրբեջանում, դատապարտում են Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումները և պահանջում են պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Մարտի 26-ին Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումների ուժեղացման կապակցությամբ:

Հանձնակատարը ուշադրություն է հրավիրում Abzas Media-ի, Kanal-13-ի և Toplum TV-ի լրագրողների քրեական հետապնդման փաստերի վրա:

Հիշեցնենք, որ այս տարվա ձմեռային նստաշրջանի առաջին օրը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները ձայների մեծամասնությամբ կողմ էին քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակմանը:

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները նոր չեն և ընդգրկում են երկրի 23-ամյա պատմությունը: Ադրբեջանում ազատ քաղհասարակության, ԶԼՄ-ների և ընդդիմության համակարգված ոչնչացումը առանձնապես չի էլ դատապարտվել եվրոպական կազմակերպությունների կողմից:

  Զաբելա Ավագյան

Նորություններ