Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում, թե ինչ են քննարկել «Ռուսական երկաթուղիներ»ի տնօրենի հետ | Region

Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում, թե ինչ են քննարկել «Ռուսական երկաթուղիներ»ի տնօրենի հետ

Հոկտեմբեր 15,2026 14:09

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ երեկվա հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը Երևանում էր, հանդիպել են վարչապետի հետ. հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։

Անդրադառնալով հանդիպման ժամանակ տեղի ունեցած քննարկմանը՝ վարչապետը նշել է․«Ռուսական երկաթուղիների նախագահը Հայաստան էր ժամանել իմ առաջարկով և իմ հրավերով, և ես իմ բացման խոսքում ասել եմ, որ տեսեք՝ ձեզ էլ եմ ասել, ամեն տեղ էլ ասել եմ, որ մենք խնդիր չունենք իբրև ռուսական կոնցեսիայի հետ, ուղղակի մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ։ Այս նպատակին միտված մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարման ձևաչափը փոխելն է, այսինքն՝ երրորդ երկրներին պատվիրակելը։ Բայց եթե Ռուսաստանի գործընկերներն ասում են, որ իրենք գիտեն՝ ինչպես լուծել այդ հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել, երեկ քննարկման արդյունքում ես ասել եմ՝ շատ լավ, եկեք ուրեմն ձևավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ, մանավանդ որ զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում»։

Փաշինյանի խոսքով՝ ռուսական կողմը վստահեցնում է, թե պատժամիջոցները դրան չեն խանգարում, իսկ մենք կարծում ենք, որ դա խնդիր է․«Բայց իրենք ասում են՝ չեն խանգարում։ Մենք ասել ենք, որ մենք բարեկամական լուծում ենք ուզում, և եթե իրենք ունեն որևէ հարցի պատասխան, մեր տրամադրվածությունը երբեք չի եղել այնպիսին, թե՝ չէ, մենք այդ հարցի պատասխանը չենք լսում, սա է և վերջ։ Այդպիսի խնդիր չկա»։

Վարաչպետն ասաց, որ պետք է ամբողջության մեջ նայել խնդրին, երեկվա հանդիպման ժամանակ ռուսական կողմին ասել է․«Ես այդ հարցը դրել եմ՝ Իջևան-Հրազդան երկաթուղու վերականգնումը ռազմավարական նպատակ է մեզ համար։ Հաջորդը՝ Ախուրիկում սռնանիվների փոխակերպման (փոխելու) կետի կառուցումը ռազմավարական նպատակ է։ Գիտեք, որ Հայաստանի, այսինքն՝ հետխորհրդային տարածքի և Եվրոպայի երկաթուղիների ռելսերը տարբերվում են, դրա համար Խորհրդային Միության ժամանակ այնտեղ դեպո է եղել, որ գնացքի ռելսերի լայնությունը, այսինքն՝ սռնանիվները փոխում են։

Հաջորդ ռազմավարական նպատակն Իջևան-Հրազդան երկաթուղու ճյուղը, ինչպես նախկինում խոսել ենք դրա մասին, Լերմոնտովո հատվածում Վանաձոր-Գյումրիի ճյուղին միացնելն է։ Այսինքն՝ սրանք բոլորը հարցեր են, և մենք այդ հարցերի լուծման հետևից գնալու ենք, որովհետև սա է ճանապարհը։ Մենք հասկանում ենք, որ շատ բարդ խնդիր է և՛ ներդրումային առումով, և՛ տեխնիկական առումով, և՛ կազմակերպչական առումով, բայց չենք կարող ասել, թե՝ դե գիտեք, դժվար է, դժվարություններ կան, մենք այդ հարցերը չենք լուծում։ Մենք այդ հարցերը պետք է լուծենք, ուզում ենք բոլոր այդ հարցերը լուծել։

Եվ բնականաբար, առավել ևս մեր բարեկամների հետ հարաբերություններում լինելու ենք մաքսիմալ բարեկամական, ինչպես նախկինում ասել եմ, բայց հարցերը պետք է լուծվեն»։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է կարգավորվելու երկաթուղու հետ կապված մյուս ասպեկտը, եթե տեխնիկական մասով ռուսական կողմը համաձայնել է ներդրումներ անել, վարչապետն ասել է.«Հենց իրանով կարգավորվում է, որովհետև, օրինակ, Ռուսաստանն ասում է՝ ենթադրենք ես բերում եմ 3 միլիարդ դոլար դնում եմ, նշանակում է՝ ինքը մտավախություն չունի, որ այդ մեր ասած երկրները կամ սուբյեկտները չեն գա, հասնի այդտեղ և կշրջանցեն երկաթուղին։ Նշանակում է՝ ինքը համոզված է, որ չէ՛, կգան ու կանցնեն, և այդ գումարները հետ կգնվեն։ Այսինքն՝ շատ, այս բանավեճի շատ կոնկրետ թեստ է լուծելու, որովհետև մենք ասում ենք՝ այդպիսի խնդիր կա, իրենք ասում են՝ չէ, այդպիսի խնդիր չկա, այո, ռուսական երկաթուղիները պատժամիջոցների տակ են, բայց պատժամիջոցների տակ են այլ հոդվածներով։ Այսօր էլ եվրոպական ընկերությունները ռուսական երկաթուղիներից օգտվում են։ Մենք ասում ենք՝ շատ լավ, եթե այդպիսի համոզվածությունը կա, և մենք մոլորության մեջ ենք, դուք բերեք ներդրումն արեք, որովհետև եթե դուք բերեք այդ ներդրումն անեք, նշանակում է՝ գիտեք, որ դա հետ է գնվելու, որովհետև ոչ մեկ ներդրում չի անի՝ մտածելով, որ դա հետ չի գնվելու։ Այս քաղաքական քննարկման լուծումը տեղն է, որովհետև եթե դրվում է այդ փողը, նշանակում է՝ մեր փաստարկն այդքան էլ ճիշտ չի, նշանակում է՝ մենք իրոք սխալ ենք հասկանում իրավիճակը։ Բայց եթե գումարը չի դրվում, նշանակում է՝ մենք ճիշտ ենք հասկանում վիճակը, որովհետև եթե գումարը դրվելու է, հետ է գալու, ինչո՞ւ ով կհրաժարվի այդպիսի բանից։ Սա է տրամաբանությունը»։

Նորություններ