Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2026թ. երրորդ եռամսյակային զեկույցը | Region

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2026թ. երրորդ եռամսյակային զեկույցը

Հոկտեմբեր 23,2026 14:58

18 դատական նոր հայց ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների,  տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 12 խախտում և լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքի միջոցով ճնշման 2 դեպք է արձանագրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2026թ․ երրորդ եռամսյակի ընթացքում։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել։

 Ս․ թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած այս եռամսյակը զերծ էր հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներից, և դրանով պայմանավորված զգալիորեն նվազեցին նաև լրագրողական գործունեությանը սպառնացող հնարավոր ռիսկերը։

Այդուհանդերձ, նաև դիտարկվող ժամանակահատվածում ի հայտ եկան մտահոգիչ փաստեր և միտումներ։ Մասնավորապես՝ Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկից օրեր առաջ՝ հուլիսի 27-ին, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ստորագրեց «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշում, որը վերաբերում է նաև խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին և նրանց համար սահմանում անընդունելի արգելքներ և նախապայմաններ։ Ըստ էության, այդ փաստաթղթով վերահաստատվեց 2021 թվականին ընդունված համանման որոշումը, որով նախանշվեցին լրագրողների տեղաշարժման և գործունեության այնպիսի սահմանափակումներ, որոնք աննախադեպ էին հայաստանյան խորհրդարանի ողջ պատմության համար։ Այդ առնչությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ։

Թեև, ըստ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, վերոնշյալ կանոններում ամրագրված արգելքներից շատերն այս փուլում չեն կիրառվում, սակայն դրանց «դե յուրե» պահպանումը ցանկացած պահի գործողության մեջ դնելու վտանգ է պարունակում և կաշկանդող ազդեցություն ունենում։ Հետևաբար փաստաթուղթը վերանայման, ՀՀ օրենսդրությանն ու միջազգային նորմերին համապատասխանեցնելու կարիք ունի։

Անհանգստացնող է մնում լրատվամիջոցների ու լրագրողների դեմ նոր դատական հայցերի թվի աճը։ Երրորդ եռամսյակում ներկայացված և վարույթ ընդունված բոլոր 18 այդպիսի հայցերը զրպարտության և վիրավորանքի հիմքով են։ Ընդ որում՝ 13-ը պետական մարմինների, դրանց ներկայացուցիչների, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից են։ Հայցերի թվի աճը, ըստ ԽԱՊԿ-ի, ուղղակիորեն կապված է մեդիա դաշտի բևեռացվածության, լրատվամիջոցների մեծ մասի՝ քաղաքական ուժերի հետ սերտաճման, դրանց շահերը սպասարկելու և քարոզչական մեթոդներով տեղեկատվական առճակատման մեջ մտնելու հետ։

Այս առումով, եթե հաշվի առնենք խորհրդարանում պատգամավորների և լրագրողների միջև հաճախակի ծագող կոնֆլիկտները, ուշագրավ փաստ էր այն, որ օգոստոսի 10-ին ԱԺ նախագահը ստորագրեց որոշում էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին։ Սա կարող է որոշակիորեն նպաստել այդ հարաբերություններում լարվածության նվազեցմանը կամ առնվազն թույլ կտա քննարկման առարկա դարձնել անհարգալից, վիրավորական վերաբերմունքի դեպքերը և եզրակացություններ հրապարակել։

Ընդհանուր առմամբ դրական կարելի է գնահատել Կառավարության որոշումը, որով սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն տրվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Ըստ այդմ՝ քաղաքացիներն իրենց վճարած եկամտահարկից կարող են կրեդիտներ ուղղել լրատվամիջոցներին (նաև՝ ոչ առևտրային կազմակերպություններին և կուսակցություններին)։ Այս մեխանիզմը նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից։ Այն կարող է ֆինանսավորման նոր աղբյուր դառնալ և կայուն գործելու հնարավորություն ստեղծել լրատվամիջոցների համար, սակայն որոշման արդյունավետությունը մեծապես կախված կլինի շահառուների շրջանակի ձևավորման չափանիշների հստակությունից, հավասար պայմանների ապահովումից և գործընթացի թափանցիկությունից։

ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ

Նորություններ