«Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան». Փաշինյան | Region

«Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան». Փաշինյան

Հոկտեմբեր 18,2026 19:53

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն` արագացնելու կենսաբազմազանության պահպանության ոլորտում ստանձնած հանձնառությունների կատարումը և միջազգային համագործակցությունը վերածելու չափելի արդյունքների,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի բացման արարողության ժամանակ։

Նա շեշտել է, որ Հայաստանն իր պատասխանատվությունն է ստանձնում այս ընդհանուր գործում։ Անդրադառնալով COP17-ի նախագահության նպատակներին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ։

Փաշինյանի խոսքով՝ հենց այս համոզմունքով Հայաստանն ընդառաջ COP17-ին Երևանում համախմբել է առաջնորդներին և հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ միասնական տեսլական ձևավորելու և ընդհանուր հանձնառությունն ամրապնդելու համար։

Նա շնորհակալություն է հայտնել COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտեին, որը համախմբել է պետական իշխանության, տեղական ինքնակառավարման, քաղաքացիական հասարակության և շահագրգիռ մյուս կառույցների ջանքերը

«Հայաստանը պատրաստ է իր լիարժեք ներդրումն ունենալ այս ընդհանուր ջանքերում և ապահովել, որ Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունները դառնան հետևողական գործողությունների հիմք և հանգեցնեն իրական, երկարաժամկետ արդյունքների՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանության և վերականգնման։ Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան»,– հայտարարել է Փաշինյանը։

Նորություններ