Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի չորս ներկայացուցիչ
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնության մրցումային նախավերջին օրը՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստանի հավաքականը կունենա չորս ներկայացուցիչ։
Մրցահարթակ դուրս կգան երիտասարդների պայքարում հանդես եկող 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը (ժամը՝ 13:00) և 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը (ժամը՝ 17:00), ինչպես նաև Մ-23 տարեկանների պայքարում հանդես եկող 95 կգ քաշայիններ Սուրեն Գրիգորյանն ու Մնացական Աբրահամյանը (ժամը՝ 21:00):
Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերի արդյունքներով Հայաստանի ընտրանին արդեն նվաճել է երկամարտի 7 մեդալ: Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ-23, 57 կգ) և Նարեկ Գրիգորյանը (երիտասարդներ, 75 կգ) հռչակվել են Եվրոպայի չեմպիոններ: Տիգրան Կարապետյանն (Մ-23, 75 կգ) ու Մարտին Պողոսյանը (Մ-23, 85 կգ) նվաճել են արծաթե, իսկ Սեյրան Խուդանյանը (Մ-23, 60 կգ), Սամվել Մարտիրոսյանն (երիտասարդներ, 70 կգ) ու Նարեկ Մկրտչյանը (երիտասարդներ, 85 կգ)՝ բրոնզե մեդալներ։
Բացի այդ, պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալների են արժանացել Դավիթ Առաքելյանն ու Վալերիկ Մովսիսյանը, իսկ Աննա Ամրոյանը՝ փոքր բրոնզե մեդալի:
