«Կարծես պատերազմ եղած լիներ».Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների, երկիրը հարյուրավոր միլիոն եվրոյի վնասներ է կրել | Region

«Կարծես պատերազմ եղած լիներ».Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների, երկիրը հարյուրավոր միլիոն եվրոյի վնասներ է կրել

Հոկտեմբեր 19,2026 10:20

Ֆրանսիայում կյանքի  թանկացման և դպրոցներում տիրող անմխիթար վիճակի դեմ բողոքի համապետական ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների, բախումների և թալանի։ Հարյուր հազարավոր ցուցարարների փողոց դուրս գալուց հետո երկիրը փորձում է հաշվել պատճառված հսկայական վնասները, իսկ քաղաքական դաշտում բռնկվել է մեղադրանքների նոր ալիք։

Բողոքի ալիքի հիմնական պատճառը կյանքի թանկացումն է, որը մասամբ պայմանավորված է Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմով և Եվրոպայում արձանագրված բարձր ինֆլյացիայով։

Դրան զուգահեռ՝ վերջին շաբաթներին ոտքի էին ելել հարյուր հազարավոր ուսանողներ ու աշակերտներ՝ բողոքելով ավագ դպրոցներում (լիցեյներում) ուսուցչական կազմի պակասից և մաշված, անմխիթար պայմաններից։ Ցուցարարների շարքերը համալրել էին նաև արհմիությունները և դեռևս 2018 թվականից հայտնի «Դեղին բաճկոններ» (gilets jaunes) շարժումը, որն անցկացնում էր «դեղինների և երիտասարդության» համատեղ ցույցեր։

Ըստ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալների՝ համապետական ցույցերին մասնակցել է շուրջ 550,000 մարդ, իսկ CGT արհմիության փոխանցմամբ՝ մասնակիցների թիվը հասել է 800,000-ի։

Ավերածություններ և վնասներ Ֆրանսիայի քաղաքներում

Թեև ցույցերի հիմնական մասն անցել է խաղաղ, առանձին ծայրահեղական խմբավորումների և դիմակավորված անձանց պատճառով իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։

Առևտրի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ վնասվել է շուրջ 1,500 ձեռնարկություն՝ պատճառելով հարյուրավոր  միլիոնավոր եվրոների վնաս։

  • Փարիզ.Մայրաքաղաքում տեղի են ունեցել դաժան բախումներ ոստիկանության հետ․ կիրառվել են արցունքաբեր գազ և ջրցաններ։ Ցուցարարներն այրել են ավտոմեքենաներ, աղբամաններ և շենքեր, ինչպես նաև այրվել են ցուցարարների ստեղծած բարիկադներն, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում։ Թալանվել են հարյուրավոր խանութներ (հագուստի, սննդի, մարզակոշիկների), իսկ առնվազն մեկ ռեստորան ամբողջությամբ այրվել է։
  • Լիմոժ. Հրդեհվել է քաղաքի 19-րդ դարի պատմական քաղաքապետարանի շենքը, ինչի հետևանքով տանիքն ու շենքի մի մասը փլուզվել են։
  • Լիոն. Այրվել է քաղաքի կենտրոնում գտնվող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։ Քաղաքապետ Գրեգորի Դուսեն տեղի ունեցածն անվանել է «ողբերգություն» և «սարսափելի քաոս»։
  • Գրենոբլ. Դիմակավորված անձինք զբոսաշրջային գնացքը քշել են նեղ փողոցով՝ ուղիղ ոստիկանների ուղղությամբ։ Վնասներ են արձանագրվել նաև Մարսելում, Բորդոյում, Նիցցայում, Ստրասբուրգում, Ռենում, Թուլուզում, Անժեում, Ավինյոնում, Պոյում, Մոնպելիեում և Վալանսում, իսկ Լիլում ներխուժել և դատարկել են Apple-ի խանութը:

«Կարծես պատերազմ եղած լիներ»,–բողոքի ցույցերից  հետո այրված փողոցային պատնեշների ֆոնին ասել է Փարիզի կենտրոնի բնակիչներից մեկը։

Փարիզում շվարած զբոսաշրջիկները շաբաթ օրը ճամպրուկներով վազում էին արցունքաբեր գազով և ցուցարարներով լեցուն փողոցներով:

«Սա բողոքի ցույց չէ, սա սովորական բողոքի ցույցից շատ ավելին է։ Ցավալի է տեսնել Փաշրիզի շենքերի վնասները»,- AFP-ին ասել է դանիացի զբոսաշրջիկը:

«Վախեցած էինք»,-տեղական լրատվամիջոցնին ասել է ամերիկացի զբոսաշրջիկը։

Ի՞նչ  են ասել բողոքի ցույցի մասնակիցները

18-ամյա ավագ դպրոցի աշակերտ Քամիլ Ալահյանն ասել է, որ բողոքում է «բազմաթիվ պատճառներով․ 2027 թվականին սպասվող ընտրությունները, սուտ խոսող քաղաքական գործիչները և գերհարուստները, որոնք վերջին 10 տարում ավելի ու ավելի շատ հարստություն են կուտակել»։

«Տարիներ շարունակ մենք ունենք կլիմայական, տնտեսական և հավասարության խնդիրներ, բայց կառավարությունը դրանց ուղղությամբ ոչինչ չի անում»,-ասել է 50-ամյա դերասանուհի Անյեսը։։

24-ամյա ուսանողուհին ասել է, որ բողոքի ցույցի է դուրս եկել, որովհետև չունի «կայուն ապագա»։

«Մեր մոլորակն այրվում է, իսկ մենք ունենք մի կառավարություն, որին բացարձակապես չի հետաքրքրում»,-ասել է նա։

Կան տուժածներ և ձերբակալություններ.

Ողջ երկրում ձերբակալվել է 2,300-ից ավելի մարդ (միայն Փարիզում՝ ավելի քան 550 մարդ)։

Վիրավորվել է շուրջ 500 ոստիկան, հրշեջ և բուժաշխատող։

Սենտ Էտյեն քաղաքում պայթուցիկի հետևանքով 17-ամյա պատանու աջ ձեռքը պոկվել է։

Փարիզում գրանցվել է մեկ մահ, որը, սակայն, պաշտոնական տվյալներով կապված է եղել առողջական խնդիրների, այլ ոչ բռնության հետ։

Ո՞վ է մեղավոր․ քաղաքական փոխադարձ մեղադրանքներ

Անկարգություններին հաջորդել է քաղաքական սուր պայքարը, որն ավելի է թեժանում նախագահական ընտրություններից առաջ (նախագահ Էմանուել Մակրոնն ավարտում է իր պաշտոնավարման վերջին ժամկետը)։

Ծայրահեղ աջական Մարին Լե Պենը հայտարարել է, որ ցուցարարների «օրինական պահանջները պատանդ են վերցվել ծայրահեղ ձախերի կողմից»։

Ծայրահեղ ձախերը (Ժան-Լյուկ Մելանշոնը դատապարտել է թալանն ու հրդեհումները, սակայն իշխանություններին ու ոստիկանությանը մեղադրել է լարվածությունը հրահրելու և ցուցարարների վրա «հարձակվելու» մեջ։

Փարիզի փոխքաղաքապետ Լամիա Էլ Արեժը Լե Պենի կուսակցությանը մեղադրել է «հրդեհող հրշեջի» (բռնությունը հրահրող, ապա փրկիչի կերպարով հանդես եկող) պես գործելու մեջ՝ անկարգություններն իր նախագահական հավակնություններին ծառայեցնելու նպատակով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների համար մեղադրել է ներգաղթյալներին՝ երկրի իշխանություններին կոչ անելով անհապաղ փակել սահմանները։

«Ֆրանսիան այրվում է։ Միանգամայն այլ աշխարհից եկած մարդիկ, որոնց սրտերը լի են ատելությամբ, կործանել են երբեմնի այս մեծ երկիրը։ Փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ վերցրե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ում (Twitter) ակնարկել է, թե անկարգությունների պատճառն այն է, որ Ֆրանսիան «ներմուծել է երրորդ աշխարհը»։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ բռնությունը բխել է ծայրահեղ ձախերի փոքր խմբերից, իսկ թալանն իրականացրել են աղքատ արվարձաններից եկած առիթից օգտվող հանցախմբերը, ինչը քաղաքականապես ձեռնտու է Մարին Լե Պենին:

Ի՞նչ են ասում նախագահն ու պաշտոնյաները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է․ «Ոչինչ չի արդարացնում բռնությունը։ Նրանք, որոնք ջարդել ու հարձակվել են պրեֆեկտուրաների, ձեռնարկությունների վրա, թալանել են նույնիսկ մեր քաղաքապետարանները, կպատժվեն և ենթարկվեն պատասխանատվության»։

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյու հայտարարել է, որ ոստիկանությունը բախվել է «ծայրահեղ ինտենսիվ բռնության», և որոշ խմբեր ցույցերն օգտագործում են որպես «նախավարժանք» նախագահական ընտրություններից առաջ։ Նա ընդգծել է․ «Ոչ ոք իր քաղաքական օրակարգը չի պարտադրի բռնության միջոցով»։ Նա նաև հրավիրել է նախարարների ճգնաժամային նիստ՝ քննարկելու տուժած խանութների ապահովագրության և մեղավորների պատժի հարցերը։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ ընթանում են լայնամասշտաբ հետաքննություններ՝ բոլոր բռնարարներին ու թալանչիներին հայտնաբերելու և արդարադատության առջև կանգնեցնելու համար։

Կրթության նախարար Էդուարդ Ժեֆրեն խոստացել է տրամադրել 3,000 լրացուցիչ ուսուցիչ-փոխարինողներ՝ դպրոցներում լարվածությունը մեղմելու համար, սակայն դա չի կանգնեցրել բողոքի ալիքը։

Լուսանկարը՝ RFI-ի

Նորություններ