Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր | Region

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր

Ապրիլ 15,2024 13:09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Հաջորդիվ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ղազախստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետություն և 2001 թվականից այս կողմ, այսինքն՝ վերջին 23 տարիներին, Ղազախստանի նախագահի պաշտոնական այց Հայաստանի Հանրապետություն տեղի չի ունեցել:

Եվ այս առումով այցը շատ կարևոր է, և արդեն իսկ կարող եմ արձանագրել, որ մեր մինչ այս պահը տեղի ունեցած շփումների ընթացքում հասցրել ենք հարցերի բավական լայն շրջանակ քննարկել մեր երկու երկրների հետագա փոխհարաբերությունների զարգացումն ապահովելու վերաբերյալ: Ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում և նաև պատկերացնում ենք, թե ինչ կոնկրետ գործողություններ պիտի իրականացվեն:

Իհարկե, այստեղ առանցքային տեղ ունի տնտեսական համագործակցության խորացումը, նաև քաղաքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերում մեր փոխգործակցությունը: Շատ ուրախ եմ այս առիթի համար: Ուզում եմ ընդգծել, որ այս ամենով հանդերձ՝ մենք չենք մոռանում մշակութային, հումանիտար ոլորտի համագործակցության մասին: Այս տարի Ղազախստանում տեղի կունենան Հայաստանի մշակութային օրեր, մյուս տարի Հայաստանում տեղի կունենան Ղազախստանի մշակութային օրեր: Նկատի ունեմ՝ մեր օրակարգն իրականում բավականին հարուստ է, և համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքներով մենք որոշումներ կկայացնենք, որոնք կծառայեն մեր համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը:

Մեծարգո պարոն նախագահ,

Թույլ տվեք ևս մեկ անգամ  ջերմորեն ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում»:

Իր հերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է.

«Մեծարգո Նիկոլ Վովայի, հանդիպման մասնակիցներ, ես հաճույքով ընդունեցի Հայաստան պաշտոնական այցով այցելելու Ձեր հրավերը:

Մենք մեծ հարգանք ունենք հայ ժողովրդի հինավուրց պատմության, ավանդույթի և մշակույթի հանդեպ: Այսօրվա հանդիպումը նշում է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-րդ ամյակը: Սա մեծ խորհրդանշական նշանակություն ունի:

Այս ընթացքում մենք ամուր հիմքեր դրեցինք հեռանկարային երկարաժամկետ փոխադարձ օգտակար համագործակցության համար: Քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն զարգանում է, ներդաշնակ աշխատանք է հաստատվել երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև: Մենք կարողացանք հաստատել արդյունավետ գործընկերություն նաև բազմակողմանի հարթակներում:

Մենք նման հայացքներ և ընկալումներ ունենք շատ միջազգային հարցերի ընդգրկմամբ: Առևտրատնտեսական կապերն ամեն տարի ընդլայնվում են: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտուրը նույնպես աճել է, բայց մենք դրանով չենք սահմանափակվում, մենք բավականաչափ ներուժ և հնարավորություններ ունենք աշխուժացնելու մեր փոխանակումները:

Այդ կապակցությամբ կարևոր է զարգացնել արդյունաբերական, տրանսպորտային, լոգիստիկ և գյուղատնտեսական ասպարեզները: Մեծ ապագա ունի նաև մեր համագործակցությունը նոր ասպարեզներում, ինչպես օրինակ՝ թվայնացումը և ֆինանսները: Վստահ եմ, որ վերջերս անցկացված բիզնես ֆորումը երկու երկրների ձեռնարկատերերի մասնակցությամբ նույնպես իր նպաստը կբերի այս համագործակցությանը: Մենք մշտապես հետաքրքրված են ամրապնդել մշակութային և հումանիտար կապերը մեր երկու երկրների միջև»:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության և հումանիտար ոլորտներում փոխգործակցության խթանմանը: Կողմերը կարևորել են երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքը, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

Նորություններ