Ի՞նչ է թաքնված նոր Սահմանադրության նախագծի տողատակերում. իրավաբանների, քաղաքագետների ու բնապահպանների գնահատականները | Region

Ի՞նչ է թաքնված նոր Սահմանադրության նախագծի տողատակերում. իրավաբանների, քաղաքագետների ու բնապահպանների գնահատականները

Նոյեմբեր 24,2026 16:05

ՀՀ նոր Սահմանադրության  նախագիծը երեկ հրապարակելուց հետո հանրային տիրույթում արդեն քննարկումներ են ծավալվել․ ֆեյսբուքի հայկական տիրույթը վերածվել է բուռն քննարկումների հարթակի։ Մինչ իշխանության ներկայացուցիչներն ու նախագծի հեղինակները խոսում են «ինքնիշխանության ամրապնդման» և «խաղաղության իրավական երաշխիքների» մասին, սոցիալական ցանցերում քաղաքագետները, իրավաբանները, բնապահպաններն ու շարքային օգտատերերը բարձրաձայնում են մի շարք ռիսկերի մասին՝ փաստաթուղթը գնահատելով որպես իշխանության կենտրոնացման և քաղաքացիների իրավունքների սահմանափակման վտանգավոր նախադեպ։

Ներկայացնում ենք այն առանցքային կետերը, որոնց շուրջ ծավալվել են հիմնական դժգոհությունները՝ մասնագետների ու օգտատերերի արձագանքներով և հնարավոր հետևանքների վերլուծությամբ։

Անկախության հռչակագրին հղման բացակայությունը և արտաքին քաղաքական ենթատեքստը

  • Գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում 1990 թ. Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Նոր նախագծի նախաբանից այս հղումը հանվել է, իսկ «հայ ժողովուրդ» ձևակերպումը փոխարինվել է «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով։
  • Ֆեյսբուքում սա ամենասուր արձագանք ստացած թեմաներից է։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հեգնանքով նկատում է, որ տարիներ շարունակ իշխանամերձ շրջանակները պնդում էին, թե սահմանադրական փոփոխությունը զուտ ներքին օրակարգ է և Ադրբեջանի պահանջի հետ կապ չունի, իսկ հիմա փաստարկում են, թե «հիմնականում նույն սահմանադրությունն է՝ թեթև բարելավումներով»։ Բազմաթիվ օգտատերեր սա որակում են որպես համազգային ինքնությունից հրաժարում և զիջում Բաքվի պահանջներին (հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի դրական արձագանքը նախագծի այս կետին)։ Միևնույն ժամանակ, օգտատեր Գոռ Մադոյանը նշում է, որ նախագծում այնքան շատ «ծուղակներ և ավտորիտար դրույթներ» կան, որ Անկախության հռչակագրի դուրսբերումը դրանց համեմատ նույնիսկ ամենամեղմն է թվում։
  • Իրավաբանների գնահատմամբ՝ սա փոխում է պետության գաղափարական հիմքը՝ Հայաստանը վերածելով բացառապես իր ներկայիս սահմաններում պարփակված միավորի և խզելով սահմանադրական կապը համայն հայության հետ։ Իշխանական թևը հակադարձում է, որ սա անհրաժեշտ է տարածաշրջանային կայուն խաղաղության հասնելու և հարևանների հետ տարածքային վեճերի իրավական հիմքերը վերացնելու համար։

«Սուպերվարչապետական» համակարգի պահպանումը և կայուն մեծամասնության դրույթը

  • Նախագծով պահպանվում է խորհրդարանական ընտրություններում «կայուն մեծամասնության» երաշխավորման մեխանիզմը, իսկ վարչապետը դառնում է Զինված ուժերի գերագույն հրամանատար ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ ժամանակ։
  • Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ հրապարակված տեքստում զսպումների ու հակակշիռների որևէ լուրջ մեխանիզմ չի ներդրվել, և ընդդիմության լծակների մեծացման շղարշ է ստեղծվում միայն կոսմետիկ փոփոխություններով։ Գոռ Մադոյանն էլ նշում է, որ գործող Սահմանադրությունը «Սերժի կոստյումն էր», իսկ սա արդեն «Փաշինյանի տռոյկեն է»։ Օգտատերերը քննադատում են նաև «կայուն մեծամասնության» դրույթի պահպանումը՝ պնդելով, որ դա նպաստելու է արհեստական «գրպանային» կուսակցությունների ստեղծմանը, որոնք ընդդիմադիր ձայներ կփոշիացնեն՝ դրանք փոխանցելով ամենաշատ ձայն հավաքած ուժին։
  • Քաղաքագետների կարծիքով՝ իշխանության գերկենտրոնացումը գործադիրի ղեկավարի ձեռքում շարունակելու է խորացնել քաղաքական բևեռացումը՝ խորհրդարանը վերածելով գործադիրի կցորդի։ Բացի այդ, Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը մտահոգություն է հայտնում, որ իշխանությունները վարչական ռեսուրսով և կրկին «նախկինների» վերադարձի վտանգը շահարկելով՝ փորձելու են հանրաքվեն վերածել «նախկինների և ներկաների» միջև քաղաքական ընտրության՝ ստիպելով քաղաքացիներին քվեարկել առանց փաստաթղթի բուն բովանդակությունը կարդալու և հասկանալու։ Միևնույն ժամանակ, սոցցանցերում շատերը նշում են, որ վարչապետի՝ հանրաքվեի տապալման դեպքում հրաժարական տալու հայտարարությունը նույնպես ծառայում է նույն նպատակին՝ սահմանադրական հանրաքվեն վերածելով անձին վստահության քվեի։

Հանրաքվեի շեմի նվազեցում. «Դանդաղ գործողության ռումբ» ապագա իշխանությունների համար

  • Գործող Սահմանադրությամբ Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների առնվազն երկու երրորդի (70 պատգամավոր) աջակցությունը։ Նոր նախագծով այդ շեմը նվազեցվում է մինչև երեք հինգերորդ (63 պատգամավոր)։
  • Օգտատերերի շրջանում լայն տարածում է գտել այն դիտարկումը, որ սա ընդամենը 7 ձայնի տեխնիկական փոփոխություն չէ։ Հաշվի առնելով, որ ներկայիս իշխող խմբակցությունն ունի 64 պատգամավոր՝ ստացվում է, որ ցանկացած իշխող մեծամասնություն կարող է միայնակ, առանց ընդդիմության որևէ ձայնի, սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսել։ Օգտատերերը նկատում  են, որ նույնիսկ եթե այսօրվա իշխանությանը վստահողները խնդիր չեն տեսնում, վաղը իշխանության եկող ցանկացած այլ քաղաքական ուժ կարող է օգտագործել այս հեշտացված մեխանիզմը՝ Սահմանադրությունն իր քաղաքական շահերին հարմարեցնելու համար։
  • Սահմանադրությունը կորցնում է իր կայունությունն ու լայն քաղաքական կոնսենսուսի փաստաթուղթ լինելու նշանակությունը՝ դառնալով ընթացիկ խորհրդարանական մեծամասնության կամքից կախված գործիք։

Դատական համակարգի անկախության ռիսկերը

  • Նախագծում փոփոխվել են դատավորների կարգավիճակին և դատական համակարգի ձևավորմանն ու զտմանը (վեթինգին) վերաբերող կարգավորումները (մասնավորապես՝ 5-ամյա ժամկետների հետ կապված դրույթները)։
  • Իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը նշում է, որ միայն դատական իշխանությանը և դատավորների կարգավիճակին վերաբերող դրույթներն արդեն բավարար են՝ նոր Սահմանադրության անընդունելիությունն արձանագրելու համար։ Ըստ նրա՝ պետական ինստիտուտների անկախությունը գիտակցող որևէ մասնագետ չի կարող ընդունել փոփոխություններ, որոնք խաթարում են դատական իշխանության անկախության երաշխիքները։ Հանրային գործիչ Լևոն Բարսեղյանն էլ սարկազմով է անդրադառնում «հինգ տարում դատավորներին զտելու» խոստումներին՝ նշելով, որ տարիների ընթացքում իրական դատաիրավական բարեփոխումներ չիրականացրած իշխանությունը կրկին ժամանակ է ձգում։
  • Դատավորների կարգավիճակի սահմանադրական երաշխիքների թուլացումը դատական համակարգը դարձնում է ավելի խոցելի գործադիր իշխանության ճնշումների նկատմամբ։

Մարդու իրավունքների սահմանափակումներ. քաղաքացիությունից զրկում, տեղեկատվության փակում և ընտրական ցենզ

Իրավապաշտպաններն ու ֆեյսբուքյան օգտատերերն առանձնացնում են հիմնարար իրավունքներին վերաբերող մի քանի վտանգավոր դրույթ.

  • Նախագծով դատարաններին իրավունք է տրվում անձին զրկել ՀՀ քաղաքացիությունից՝ սահմանադրական կարգի կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Օգտատերերը (օրինակ՝ Գոռ Մադոյանը) ահազանգում են, որ թույլ դատական համակարգի պայմաններում, երբ մարդկանց կարող են կալանավորել ֆեյսբուքյան գրառման համար, «պետության անվտանգության դեմ հանցագործություն» ձևակերպումը կարող է շինծու գործերով օգտագործվել ընդդիմադիրներին քաղաքացիությունից զրկելու համար՝ Հայաստանը դնելով Բելառուսի, Ռուսաստանի և Թուրքիայի նման ավտորիտար երկրների շարքում։
  • Օգատերերն առանձնացնում են նաև տեղեկացված լինելու իրավունքի սահմանափակման և օրենքի հետադարձ ուժի մասին դրույթները։ Նախագծով տեղեկություններ ստանալու իրավունքը և անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի արգելքը կարող են սահմանափակվել «հանրային շահերի պաշտպանության նպատակով»։ Օգտատերերը մտահոգված են, որ «հանրային շահ» հասկացությունը խիստ սուբյեկտիվ է, և պաշտոնյաները դրա տակ կարող են թաքցնել պետական միջոցների ծախսման կամ իրենց մերձավորների պաշտոնների ու եկամուտների վերաբերյալ տվյալները՝ զրկելով քաղաքացիներին և լրագրողներին հանրային վերահսկողության գործիքից։
  • Ընտրելու համար պահանջվում է քվեարկությանը նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել ՀՀ-ում, ինչը դժգոհություն է առաջացրել արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների շրջանում։

Բնապահպանական իրավունքների թուլացում. «Մեկ քայլ հետ»

  • Գործող Սահմանադրության 12-րդ հոդվածից հանվել է 2-րդ մասը («Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»), վերնագրից դուրս է մնացել «կայուն զարգացում» եզրույթը, և պահպանվել է միայն այն դրույթը, որ պետությունը «խթանում է» շրջակա միջավայրի պահպանությունը։
  • Բնապահպանության նախկին փոխնախարար Գայանե Գաբրիելյանը և բնապահպան Օլեգ Դուլգարյանը սա որակում են որպես լուրջ հետընթաց։ Ըստ Գայանե Գաբրիելյանի՝ սա պարզապես խմբագրական փոփոխություն չէ, այլ սահմանադրական շեշտադրումների փոփոխություն, որով բնական պաշարներն ու շրջակա միջավայրը մղվում են երկրորդական պլան։ Օլեգ Դուլգարյանն էլ ընդգծում է, որ «պետությունը խթանում է» ձևակերպումը իրավական պատասխանատվություն չի ենթադրում. «Խթանել կարող է հարևանը, պետությունը պետք է երաշխավորի և ապահովի»։
  • Էկոլոգիական իրավունքների սահմանադրական երաշխիքների նվազեցումը քաղաքացիներին զրկում է իրենց առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը ներպետական ատյաններում պաշտպանելու հիմնական լծակից՝ ստիպելով ապավինել միայն միջազգային կոնվենցիաներին։

Կուսակցությունների արգելման հիմքերը, Եկեղեցին և պետական խորհրդանիշները

  • Սահմանադրական դատարանին իրավունք է տրվում արգելել կուսակցության գործունեությունը «պետության անկախությունից հրաժարում» կամ «ազգային ատելություն» քարոզելու, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորում ստանալու համար։ Քաղաքական շրջանակներում մտահոգված են, որ սա կարող է օգտագործվել ինչպես եվրասիական ինտեգրացիոն կողմնորոշում ունեցող, այնպես էլ Սփյուռքի կառույցների հետ կապված կուսակցություններին (օրինակ՝ ՀՅԴ-ին) դաշտից հեռացնելու համար։ Իշխանությունը սա բացատրում է «ինքնապաշտպանական ժողովրդավարության» սկզբունքով։
  • Նախագծում Հայաստանը բնորոշվում է որպես «աշխարհիկ» պետություն, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հետ հարաբերությունները թողնվում են ընթացիկ օրենքի կարգավորմանը, ինչն ընկալվում է որպես Եկեղեցու պատմական դերի նվազեցում։ Բացի այդ, դրոշի և զինանշանի նկարագրությունը հանվել է Սահմանադրությունից և թողնվել հանրաքվեով ընդունվող օրենքին, ինչը սոցցանցերում հարուցել է մտավախություն՝ հետագայում զինանշանից Արարատ լեռը հեռացնելու վերաբերյալ։

Մասնագետների և քաղաքացիների մտահոգությունները ցույց են տալիս խորը անվստահություն՝ կապված ինչպես արտաքին քաղաքական զիջումների, այնպես էլ ներքաղաքական դաշտում ժողովրդավարական զսպումների թուլացման, քաղաքացիների հիմնարար իրավունքների սահմանափակման և իշխանության վերարտադրության մեխանիզմների ամրագրման հետ։ Իշխանությունը նշել է, որ նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել, և մինչև գարուն քաղաքացիներն ու մասնագետները կարող են առաջարկություններ ներկայացնել, կարծիքներ հայտնել Սահմանադրության նախագծի կայքում։

Ինչ վերաբերում է այն հանրաքվեի դնելուն, ապա ընդդիմությունը մերժում է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ԱԺ-ում ապահովել համապատասխան ձայներ՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար, ինչից հետո վարչապետը խոստանում է չառաջադրվել հաջորդ ընտրություններում, իսկ եթե հանրաքվեի ժամանակ քաղաքացիների մեծամասնությունը մերժի այն, ապա Փաշինյանը հրաժարական կտա։

Նորություններ