Արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային չափորոշիչներով և սահմանային խնդիրներից խուսափելու համար. ՆԳ նախարար
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ արցախցիների նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային (ICAO և ISO) չափորոշիչներով և սահմանային խնդիրներից խուսափելու անհրաժեշտությամբ։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր չէ՞ր ծննդավայրի փոխարեն բնակավայրը նշել և այս իրավիճակից խուսափել, Արփինե Սարգսյանը պատասխանել է․ «ICAO-ն ունի ստանդարտ, որով անձնագրի դաշտերի կանոնակարգը նախատեսված է և ծննդյան վայրը դաշտի մասով ունի լրացման կոնկրետ կառուցակարգեր՝ պետություն, քաղաք, բնակավայր կարող ես նշել։ Ունենք նաև ISO ստանդարտ՝ տեղանունների հաստատված ցուցակ։ Մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով ICAO-ի փորձագետների հետ մեր կոնսուլտացիաները։ Եթե մենք որոշեինք, որ գնալու ենք բնակավայրը նշելու ճանապարհով, ապա ISO ստանդարտում Ղարաբաղի մեր հայրենակիցների կողմից մատնանշված տեղանունները չեք գտնի այն անվանումներով, որոնք նրանք ցանկություն ունեն տեսնելու իրենց անձնագրերում։ Մենք գնացել ենք ավելի գլոբալ ճանապարհով, դրա համար նշված է Ադրբեջանի Հանրապետություն ծննդավայր դաշտի համար»։
Սարգսյանը նշել է՝ միջազգային ստանդարտը հստակ է․ դա ոչ թե անձի կամարտահայտությունն է, այլ պետությունների ցանկությունն է ծննդավայր դաշտն ինչպես լրացնել․« Եթե մեկն ասի, որ չի ցանկանում ծննդավայր դաշտում որևէ բան նշվի, այդպիսի բան լինել չի կարող․ մենք միջազգային ստանդարտներով ենք շարժվում»։
Նախարարը զգուշացրել է՝ եթե անձնագրերում ծննդյան վայր դաշտը լրացված չլինի, սահմանային հատումների ժամանակ տարբեր խնդիրներ կառաջանանան։
Այսինքն, ստացվում է, որ Հայաստանն այսպիսով ընդունում է, ինչպես Ադրբեջանն է պնդում, որ արցախցիները բռնազավթել են Ադրբեջանի տարածքները, լրագրողների այս դիտարկմանը նախարարը պատասխանել է․ «Քանի որ մեր հայրենակիցները փախստական են և ՀՀ քաղաքացիներ չեն, բռնազավթման մասին խոսք լինել չի կարող։ Մենք ծննդավայր վայրը չնշել չէինք կարող, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր հայրենակիցները սահմաններին խնդիրներ ունենան»։
Հիշեցնենք, որ media.am-ի փաստեր ստուգողները պարզել են, որ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պարզաբանումը մոլորեցնող է․ իրականում ծննդավայրում պետություն նշելու պահանջը բխում է ոչ թե միջազգային ստանդարտներից, այլ ՀՀ օրենսդրությունից, որը փոփոխվել է 2026 թվականի մայիսին։ Դրանից առաջ անձնագրում ծննդավայրի դիմաց կարող էր նշվել ինչպես պետությունը, այդպես էլ քաղաքը կամ գյուղը։
«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 ստանդարտում նշվում են մեքենաընթերցվող ճամփորդական փաստաթղթերին վերաբերող ընդհանուր տեխնիկական պահանջները։ 3.7 կետում, մասնավորապես, ասվում է, որ անձնագրերում և նույնականացման քարտերում անձի ծննդավայրի նշումը պարտադիր չէ. դա թողնված է փաստաթուղթը տրամադրող պետության հայեցողությանը»,-պարզել է media.am-ը։
