Ինչը՞ ստիպեց Մոսկվային դուրս բերել իր խաղաղապահներին Արցախից | Region

Ինչը՞ ստիպեց Մոսկվային դուրս բերել իր խաղաղապահներին Արցախից

Ապրիլ 20,2024 12:21

– Փորձագետների մի մասը կարծում է, որ ՌԴ զորախմբի դուրսբերման պատճառը Կրեմլի այն եզրակացությունն է, որ անհրաժեշտ է ԼՂ-ից ռազմաճակատ տեղափոխել մոտ 2000 զինվոր և սպա.

– Միջազգային դատարան. անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Արցախի հայ բնակչության վերադարձի համար:

 

Ապրիլի 17-ից Ռուսաստանը սկսել է իր խաղաղապահ ստորաբաժանումների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղի տարածքից: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ պատասխանելով ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկատվության հետ կապված հարցին: Նրա խոսքով՝ այդ մասին արդեն պայմանավորվել են Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը կիրականացվի փուլ առ փուլ՝ Ադրբեջանի տարածքով: Վերջնական ժամկետները դեռ հայտնի չեն: ՌԴ խաղաղապահների մանդատն ավարտվում էր 2025 թվականի աշնանը։

Ինչո՞ւ ռուսական զորքերը լքեցին Լեռնային Ղարաբաղը: Փորձագետների մի մասը կարծում է, որ զորախմբի դուրսբերման պատճառն այն է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն այնքան է հյուծել Ռուսաստանի մոբիլիզացիոն ռեսուրսները, որ Կրեմլը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է ԼՂ-ից ռազմաճակատ տեղափոխել մոտ 2000 զինվոր և սպա: Որոշ փորձագետներ կարծում են, որ խաղաղապահների գործառույթը եղել է Արցախի հայ բնակչության անվտանգության ապահովումը, իսկ հայերի հեռանալուց հետո խաղաղապահներն անելիք չունեին։

Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, հույս ունեին, որ գոնե մի քանի հարյուր հայ կվերադառնա ԼՂ, և այդպիսով ռուս խաղաղապահների ներկայությունն արդարացված կլինի: Չէին բացառում, որ հայերն ինչ-որ փուլում վերադառնալու որոշում կկայացնեն և խաղաղապահները կդառնան անվտանգության երաշխավոր:

Սակայն Ադրբեջանի նախագահն արցախահայությանը ընտրության առաջ   կանգնեցրեց. կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կամ բնակության այլ վայր փնտրել։ Ալիևը բազմիցս հավաստիացրել է Արևմուտքին, որ Արցախի բնակչությունը չի վտարվի: Բայց այդ հավաստիացումները խախտվել են։ Եվ դրանից հետո, սկզբունքորեն, Արեւմուտքի և ադրբեջանական իշխանությունների միջև լարվածությունն աճեց։ Արևմուտքը և Եվրոպական միջազգային կառույցները ճնշում էին գործադրում Ալիևի վրա, սակայն վերջինս պնդում էր, որ Արցախի բնակչության վերադարձը հնարավոր է միայն Ադրբեջանի իրավասության ներքո։

Բայց Արցախի ժողովուրդը երբեք և ոչ մի դեպքում չի ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եթե պաշտոնական Բաքուն իր հասարակության շրջանում ատելություն է սերմանում հայերի նկատմամբ և չի պատրաստում խաղաղության, եթե պետական մակարդակով հակահայկական քարոզչություն է իրականացնում, ի՞նչ համակեցության մասին կարող է խոսք լինել։  Ըստ այդմ, ոչ մի հայ հայրենիք չի վերադառնա առանց միջազգային երաշխավորի։ Թեև Բաքուն հավաստիացրել է և միջազգային կազմակերպություններին, և միջազգային դատարանին, որ բոլոր քաղաքացիները կարող են վերադառնալ ու նրանց ոչինչ չի սպառնում,  ոչ ոք, նույնիսկ ԵՄ-ն, Ալիևի խոսքերին չի հավատում:

Նշենք, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան։ 2023 թվականի նոյեմբերին դատարանն Ադրբեջանի իշխանություններից պահանջեց անհրաժեշտ պայմաններ ստեղծել 8 շաբաթվա ընթացքում արցախցի փախստականների վերադարձի համար։ Իսկ Ադրբեջանը փախստականներին ընդունելու պատրաստակամություն է հայտնում միայն խոսքերով։ Եվ երբ Ռուսաստանը ժամանակից շուտ դուրս է բերում իր խաղաղապահ զորակազմը, դա ցույց է տալիս, որ Բաքուն մերժում է արցախահայության վերադարձը և ամբողջովին խախտում արևմտյան համաձայնագրերը:

Ի դեպ, ռուսական զորախմբի դուրսբերումից հետո՝ ապրիլի 18-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն՝ պայմանով, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովված լինեն:  Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահը համառորեն չի ցանկանում կատարել իր պարտավորությունները, դեմ է հայերի վերադարձին եւ գրեթե ամեն օր սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, չի հրաժարվում Սյունիքից ճանապարհ ստանալու իր մոլուցքից, եւ այս ամենը հստակ ցույց է տալիս, որ նա չի պատրաստվում խաղաղության համաձայնության գալ:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացվում։  ԱՄՆ-ում տեղակայված ճշմարտության և արդարության կենտրոնը (CFTJ) պաշտոնապես դիմել է Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հետաքննել Ադրբեջանի ղեկավարների՝ ցեղասպանության տարրեր պարունակող գործողությունները: Կենտրոնի ավելի քան 100 էջանոց զեկույցում մանրամասն նկարագրվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունները այն պահից ի վեր, երբ Ադրբեջանն առաջին անգամ սկսեց օկուպացնել հայկական տարածքները գրեթե երեք տարի առաջ: Ճշմարտության և արդարության կենտրոնն այժմ խնդրում է ՄՔԴ-ին սկսել այդ ապացույցների նախնական ուսումնասիրությունը, որպեսզի գնահատի, թե արդյոք ողջամիտ հիմքեր կան պաշտոնական հետաքննության համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են հայերի դեմ ցեղասպանություն ծրագրելու, հրահրելու կամ պատվիրելու մեջ:

 

Զաբելա Ավագյան

Նորություններ