«Մինչ օրս ամենաթանկ նվերը այն նկարն է, որ ստացա Արցախում՝ մարտական դիրքում» | Region

«Մինչ օրս ամենաթանկ նվերը այն նկարն է, որ ստացա Արցախում՝ մարտական դիրքում»

Ապրիլ 26,2024 12:30

«19-ս դիմավորեցի Ակնայում՝ ընտանիքիս անդամների հետ, իսկ 20-ս կարող էր և չլինել»: Արցախում անցկացրած իր 2 տարին է հիշում Հարությունը՝ հպարտությամբ խոսելով իր զինվորական ծառայության մասին:

Սերժանտ Հարություն Հարությունյանը 2019-2021 թ.թ. ծառայում էր Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի N զորամասում։

Հիշում է, որ մի օր իրենց մարտական դիրքի մասին տեսանյութ է նկարահանել Եվրանյուսը:

«Մեզ նկարող աղջիկը՝ Ամանդան, որ եկավ, ասացին՝ գերմանացի է… ես գերմաներեն բարևեցի, ինքը մեզ՝ ռուսերեն։ Հետո անգլերեն շփվեցինք, պարզվեց Իռլանդիայից է, Եվրանյուզի խումբն էր»,- պատմում է Հարությունը:

Ասում է՝ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը տևեց 45 օր, թեև ասվում է 44 օր… պատերազմը միանգամից չի սկսվում և միանգամից չի էլ ավարտվում։

«Հարութը, Սոսեն, Դավոն,Աշոտը,Կարենը, Վրեժը, Գոռը, Տիգրանը,Կարենը, Արթուրը մեկ ընտանիք էին դարձել։ Նրանք միայն դիրք չէին պահում, նրանք պաշտպանում էին իրենց մայրերին ու քույրերին, հարազատ հողն ու սրբությունները: Նրանք հասկանում էին, որ դավաճանությունն իր դերը խաղաց, քանի որ 44 օր անպարտ էին ու անխոցելի»,-շարունակում է Հարությունը։

«Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարը, իսկ 11-ին դարձա 20։ Աշոտը նոյեմբերի 11-ին դիրքի անունից ինձ նվիրեց այս նկարը, որն այսօր 13 տարվա պատմություն ունի. 9 տարի եղել էր մարտական դիրքում»:

«Վերջին անգամ նկարվեցինք անձնակազմով, հետո դուրս եկանք։ Այս նկարը  թանկ նվեր էր, ամենաթանկ նվերը Արցախից, քանի որ պատերազմի դաշտում ստացած նվեր է, և այն 9 տարի դիրքում մնալուց հետո, արդեն  4 տարի ինձ մոտ է, իմ ամենասիրելի անկյունում»,-եզրափակում է Հարությունը։

 

Հեղինակ՝ Հարություն Հարությունյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

 

 

 

 

 

 

 

 

Նորություններ