«Օղակ» գործողություն. խայտառակ էջ Խորհրդային բանակի պատմության մեջ
– Խորհրդային բանակը բացահայտ աջակցում էր ադրբեջանցիներին՝ հայկական գյուղերի էթնիկ զտման գործում.
-«Օղակ» գործողությունն իրականացվել է նույն մեթոդներով, ինչ դարասկզբի Հայոց ցեղասպանությունը.
«Օղակ» գործողությունը խայտառակ էջ է արդեն փլուզվող Խորհրդային Միության պատմության մեջ: Այդ գործողության ընթացքում խորհրդային բանակը բացահայտ աջակցում էր ադրբեջանցիներին՝ հայկական գյուղերի էթնիկ զտման գործում, որով հայերի անվստահությունն էր առաջացրել խորհրդային իշխանության նկատմամբ։ Հակահայկական արշավի դաժանությունը պայմանավորված էր Հայաստանում անկախության հզոր շարժումով և միութենական նոր պայմանագիր ստորագրելուց հրաժարումով։
1991թ. ապրիլի 30-ին Լեռնային Ղարաբաղում անձնագրային ռեժիմի ստուգման քողի տակ Ադրբեջանի ղեկավարությունը խորհրդային ղեկավարության հետ համատեղ սկսեց «Կոլցո» ռազմա-ոստիկանական, ահաբեկչական գործողությունը, որն ուղեկցվեց 10000 քաղաքացիական բնակչության սպանություններով, բռնություններով և տեղահանությամբ: Հայ բնակչության դեմ ծանրագույն հանցագործությունները կատարվել են շուրջ չորս ամիս ադրբեջանական ՕՄՕՆ-ի մարդասպանների կողմից։ Գործողության արդյունքը Լեռնային Ղարաբաղի 26 հայկական գյուղերի ամբողջական տեղահանությունն էր, որոնց մի մասը հրկիզվել և ջնջվել էր երկրի երեսից, իսկ տնտեսությունները, տներն ու ունեցվածքը յուրացվել էին կողոպտիչների կողմից: Այնուամենայնիվ, նույնիսկ խորհրդային զորքերի օգնությունը չօգնեց Ադրբեջանին լիակատար վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Արցախի ժողովրդական աշխարհազորի ուժերի հերոսության շնորհիվ խորհրդային զորքերը ստիպված եղան նահանջել օգոստոսյան հեղաշրջման սկզբին, «Կոլցո» գործողությունը ձախողվեց։
Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ապացուցել, որ «Կոլցո» գործողության ընթացքում օմօնականները պայքարել են իբր բացառապես զինյալների դեմ և քաղաքացիական բնակչության նկատմամբ որևէ վայրագություն չի եղել: Այս խղճուկ փորձերը ծիծաղելի են թվում: Հայկական Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի վրա տանկերի և օդուժի կիրառմամբ ռազմական հզոր գրոհով սկսված գործողությունը հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի և խորհրդային ղեկավարության առավել փաստագրված հանցագործություններից մեկն է: Վավերագրական ֆիլմում տեղ են գտել եզակի տեսանյութեր Գետաշենի և Մարտունաշենի վրա բանակային զորամիավորումների հարձակման նախապատրաստման մասին, տեղահանության հենց հաջորդ օրը տեսանկարահանված պաշարված հայկական գյուղերի կադրեր, ջարդերի, բռնությունների, խոշտանգումների զոհ դարձած և իրենց օջախներից ու ունեցվածքից զրկված գյուղացիների վկայություններ։
«Մեմորիալ» իրավապաշտպան ընկերության և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Ուիլսոնի փաստաթղթերն ու զեկույցները նվիրված էին 1991թ. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և Ադրբեջանի հարակից շրջաններում տեղի ունեցած իրադարձություններին: 1991թ. մայիսի 1-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայ բնակչության դեմ ԽՍՀՄ և Ադրբեջանի իշխանությունների գործած հանցագործությունները դատապարտող բանաձև: 1991թ. մայիսի 25-ին ՌԽԴՍՀ ժողովրդական պատգամավորների 4-րդ համագումարը ընդունեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանությունը դատապարտող հայտարարություն:
Ռուս գրող Ինեսսա Բուրկովայի և «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչների շնորհիվ գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները դարձան հանրության սեփականություն։ Չեխիայի Հանրապետության նախկին սենատոր և չեխական առաջատար «Լյուդովի Նովինի» թերթի մեկնաբան Յարոմիր Շտետինան և նրա գործընկեր Դանա Մազալովան Չեխոսլովակիայի հասարակությանը մանրամասն ծանոթացրել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, եվրոպացիներին պատմել տեղահանված հայ գյուղացիների ողբերգության մասին:
Անշուշտ, ԽՍՀՄ ղեկավարությունը և առաջին հերթին Միխայիլ Գորբաչովն ու ռազմական հրամանատարությունը, որոնք իրական պատերազմ էին սանձազերծել սեփական ժողովրդի դեմ, անմիջական պատասխանատվություն են կրում Հյուսիսային Արցախի հայկական գյուղերի ավելի քան 10000 բնակիչների ահաբեկչության և բռնի տեղահանման համար։ Ադրբեջանի ղեկավարությունը և, մասնավորապես, Այազ Մութալիբովը բազմիցս խոստովանել են, որ եթե հզոր աջակցություն չունենային, չէին համարձակվի մտնել հայկական գյուղեր, որտեղ այդ ժամանակ արդեն գործում էին ժողովրդական աշխարհազորի ջոկատներ։ Ի դեպ, զարմանալի չէ, որ ադրբեջանական բանակը միշտ «փայլուն» կռվում է հենց տկար ծերերի, կանանց ու երեխաների դեմ, և Արցախի Թալիշ գյուղում, ինչպես նաև Հադրութում տեղի ունեցած իրադարձությունները դրա հերթական հաստատումն են:
«Օղակ» գործողությունն իրականացվել է նույն մեթոդներով, ինչ դարասկզբի Հայոց ցեղասպանությունը։ Գյուղերը սկզբում շրջապատվել են, հետո բոլոր կողմերից տարբեր զինատեսակներից, նաեւ օդանավերից կրակ են բացել, հետո այնտեղ են ներխուժել ադրբեջանական օմօնականներն ու հարևան ադրբեջանական գյուղերի բնակիչները։ Նրանք անկողնում սպանել են ծերերին, բռնաբարել և սպանել կանանց, երեխաներին, թալանել և տարել են այն ամենը, ինչ հնարավոր էր: Դա մի ամբողջ ժողովրդի կազմակերպված ցեղասպանություն էր:
Սակայն «Կոլցո» գործողության ընթացքում կատարված հանցագործությունները միջազգային հանրության պատշաճ քաղաքական և իրավական գնահատականին չարժանացան, իսկ կազմակերպիչներն ու կատարողներն այդպես էլ մնացին անպատիժ: Սա նախադեպ ստեղծեց Արցախի խաղաղ հայ բնակչության դեմ Ադրբեջանի նոր ռազմական հանցագործությունների համար, որոնք տասնամյակներ անց հանգեցրին Արցախում էթնիկ զտումների ավարտին:
Զաբելա Ավագյան